Թշնամանքն ու պառակտումը՝ որպես իշխանավարման կենարար աղբյուր

Թշնամանքն ու պառակտումը՝ որպես իշխանավարման կենարար աղբյուր

Դիմադրության շարժման ակցիաների առժամանակ մարումից հետո իշխանության միաբերան հանգերգը, թե իբր քաղաքական ճգնաժամ չկա, այն հանգուցալուծված է, ե՛ւ ծիծաղելի ու ցինիկ է, ե՛ւ ողբերգական ու ցավալի։ Փաստն այն է, որ փողոցային շարժման ժամանակավոր դադարից հետո ներքաղաքական խոսույթում իշխանության կողմից ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը միայն ուժգնացել են, իսկ բողոքավոր զանգվածի հասցեին ձեւակերպումները դարձել են ավելի լկտի ու սանձարձակ։ Եթե, ինչպես իրենք են պնդում, ընդդիմությունը քաղաքական օրակարգից դուրս է մղվել, ապա ո՞վ է ձեւավորում այդ ներքին թշնամանքի ու անհամերաշխության մթնոլորտը, եթե ոչ հենց իշխանությունը՝ իր քարոզչական խոսափողներով, ֆեյքային գրոհներով ու դատարկաբան տեքստերով։

Մեկամյա վաղեմության նախընտրական մրցապայքարի բեւեռացված, ճամբարավորված մթնոլորտը ոչ թե հաղթահարվել է, այլ պարզապես սառեցվել, միայն թե համամասնություններն են փոխվել։ Փոխանակ սեփական վերարտադրությունը կազմակերպելուց հետո Փաշինյանը փորձեր գոնե փոքր-ինչ մեղմել իր երբեմնի վարքագիծը, ավելի խորացրեց փոխադարձ անհանդուրժողականության սահմանները, քանի որ միայն այդկերպ կարող է կառավարել։ Իշխանախմբին հաջողվել է տասնյակ հազարավոր մոլորյալների համոզել, թե ընդդիմության պայքարը մի հերթական քաղաքական գործընթաց է՝ «աթոռակռիվ», եւ սեփական պաշտոնները որեւէ դեպքում չթողնելու «սրբազան» նպատակով կարելի է ընդհուպ զանգվածաբար ոտնահարել մարդկանց իրավունքները, տասնյակ քաղաքական հետապնդումներ հարուցել ու մարսել դա։

Այս մթնոլորտում եղանակ ստեղծողները իշխանության քարոզչական հարթակները, սոցցանցային կեղծ օգտատերերն ու սունկ կայքերն են, որոնք ակնհայտ քաղաքական ուղղորդմամբ գրոհներ են կազմակերպում «քաղաքականապես անբարեհույս» անձանց եւ կառույցների դեմ։ Քաղաքացիներին պիտակավորելու, այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցներին «մեկ կաթսայում» տեղավորելու եւ նրանց բոլորին իբրեւ «քաղաքականապես մոտիվացված» որակելու հետեւողական ձեռագիր է սա, այն դեպքում, երբ նրանց մեծագույն մասն ազնիվ մղումներով, հայրենիքի ցավերով տապակվող, պարկեշտ ու նվիրյալ անձինք են, որոնց պետք չէ հավելյալ բացատրել իրավիճակի ամբողջ լրջությունը։

Հանրային գործիչների եւ, մասնավորապես, բարձրաստիճան պաշտոնյաների խոսքն այսօր լավագույն դեպքում անպատասխանատու հայտարարությունների, իսկ երբեմն էլ՝ հայհոյախոսության տիրույթում է։ Ցանկացած իշխանավոր՝ վարչապետից մինչեւ ԲԴԽ նախագահ, նախարարից մինչեւ պատգամավոր, քանիցս փորձել է չքմեղանալ, իրականում՝ սվաղել իր սայթաքումները, արդյունքում՝ հերքել ինքն իրեն եւ կամ էլ նույն արտահայտության մեկ այլ, չափազանց ծիծաղելի բառիմաստի վերագրել իր ասածը։ Որեւէ մեկը, սակայն, այս ընթացքում հրապարակային խոսքի էթիկայի, հանրային պատասխանատվության, վիրավորանքների եւ զրպարտության բացառման ուղով չի գնացել, քանի որ տեսել է «օդից կախված լուրերի տիրակալի» խոսքային ամենաթողությունն ու զրո պատասխանատվությունը։ Իսկ եթե որեւէ հանրային իշխանություն նույնիսկ սեփական ասածին տեր չի կանգնում, պարզ չէ՞, որ հիմնիվեր խախտելու է սահմանադրականության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության

Արդյունքում՝ Փաշինյանի իշխանախմբի անդամներն աղճատված պատկերացում են ձեւավորել սեփական կարգավիճակի մասին, եւ անպատժելիությունից ոգեւորվելով՝ ոչ միայն ատելության ու թշնամանքի, այլեւ երբեմն անգամ բռնության անթաքույց քարոզ են անում։ Վստահաբար՝ սա ոչ թե չիմացության, այլ կանխամտածված պառակտիչ գործունեության դրվագաշար է։ Քանի որ երբեմնի քաղաքացիական հասարակությունն էլ սերտաճած է իշխանությանը, հանրային խոսքում բռնության, թշնամանքի եւ անհանդուրժողականության՝ իշխանական նման քարոզի դեմն առնող, այն կանխարգելող չկա։ Եվ ոստիկանական ամենաթողությունն արդարացնող, անգամ այն քիչ համարող պաշտոնյաները, մարսելով իրենց լկտի եւ դատապարտելի պահվածքը, այսօր առավել քան անխոցելի ու պաշտպանված են։

Դավիթ Սարգսյան