Հայաստանը չի կարող մի մարդու ցուցումով դառնալ ծաղրի առարկա աշխարհի համար

Հայաստանը չի կարող մի մարդու ցուցումով դառնալ ծաղրի առարկա աշխարհի համար

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշում կայացնելուց առաջ ՍԴ-ն, կարծում եմ, պետք է երկար մտածի: Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ ՔՊ-ական բիոզանգվածի հետ ես որեւէ հույս չեմ կապում այդ իմաստով, որովհետեւ մտածելն այս հանրույթին հակացուցված է էն գլխից, այսինքն՝ կառավարությունից կամ, որ ավելի ճիշտ է՝ Նիկոլի գլխից: Եթե Նիկոլն ասել է, ուրեմն այդպես էլ կանեն՝ կդիմեն ՍԴ: ՍԴ դիմելու պատճառն էլ հասկանալի է՝ որպեսզի հետո չասեն, որ Նիկոլը կամ Ալեն Սիմոնյանն այդ գործը չարին, այլ ՍԴ-ն որոշեց:

Ի՞նչ իմաստ ունի, առհասարակ, ընդդիմադիր պատգամավորներին այսքան մեծ աղմուկով մանդատից զրկելը, եթե նրանք առանց մանդատից զրկվելու էլ ԱԺ չեն գալիս, հետեւաբար, նաեւ քաղաքական մեծամասնությանը որեւէ կերպ չեն խանգարում Նիկոլ Փաշինյանի որոշումները դակելու հարցում: Եթե միայն ընդդիմադիրների աշխատավարձն է խնդիրը, ապա դրա համար կան «պատժի» այլ ձեւեր: Պարոն Սիմոնյան, աշխատավարձը կտրեք, պարգեւատրումներից զրկեք, չգիտեմ, պատգամավորին էլ ի՞նչ է հասնում, հա՝ ընտրողների հետ հանդիպումների համար տրվող ձեռքի ծախսից զրկեք: Թե չէ՝ մանդատից եք որոշել զրկել ու այս ողջ էշի հարսանիքը բերել ձեր գլխին: Բայց, կրկնում եմ, եթե Նիկոլն է կարգադրել, պարոն Սիմոնյան, Դուք քանի՞ գլուխ ունեք, որ չանեք, չէ՞: 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի կարգադրություն, ոչ մի որոշում եւ ոչ մի քայլ մեր երկրի շահերին չի ծառայում: Այլ խոսքով՝ Փաշինյանն այս 4 տարում ապացուցել է, որ ինքը եւ իր նմանները հակացուցված են Հայաստանին եւ հայ ժողովրդին: Դա մարդու այն տեսակն է, որ ինչ անում՝ սխալ է անում: Կատարյալ Ձախորդ Փանոս: Ահավասիկ, հիմա էլ որոշել է ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից ու ընկել կրակը՝ իր հետ կրակը գցելով թե՛ Ազգային ժողովը, թե՛ ՍԴ-ն եւ թե՛ էն մարդուն, որ նախատեսված է ՀՀ Սահմանադրությանը հետեւելու համար՝ ՀՀ նախագահի աթոռին նստած: Նիկոլը դեռ կարող է փոխել իր որոշումը, ինչպես դա արեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հետ կապված: Ընդամենը մեկ հեռախոսազանգ է պետք Ալեն Սիմոնյանին, որպեսզի ատբոյ տան հերթական խեղկատակությանը: Կլինի՞ այդ զանգը՝ չեմ կարող ասել: Դրա համար երեւի պետք է, որ ընդդիմությունը հայտարարի փողոցային պայքարն ու հանրահավաքները դադարեցնելու մասին, բայց դա էլ աբսուրդի ժանրից կլինի եւ կնշանակի ընդդիմության էդմոնացում օրը ցերեկով:

Եվ ուրեմն մնում է, որ ՍԴ-ն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշում կայացնելուց առաջ երկար մտածի եւ չկայացնի այնպիսի որոշում, որի համար հետագայում ստիպված լինենք ամաչելու ազգովի: Աներեւակայելի է, իսկապես՝ այս լուսավոր դարում ԱԺ-ն թողնել առանց ընդդիմության: Չեն գալիս նիստերին՝ թող չգան, միեւնույն է՝ ոչ ոք չի ասում, որ Հայաստանի նման ժողովրդավարական երկրում ընդդիմություն չկա: Իսկ երբ ընդդիմադիրներին զրկեն մանդատից, այլեւս ոչ ոք չի լռելու Հայաստանում տիրող բռնապետության մասին: Բռնապետն էլ ո՞վ է՝ ժողովրդավարության բարձրագույն խումբ տեղափոխված Նիկոլը: Դե եկ ու սրա տակից դուրս արի: Ինչեւէ՝ ՍԴ-ն լուրջ քաշելիք ունի:

Երեւի կասեք՝ ՍԴ-ն էս կազմով ո՞նց կարող է Նիկոլի ասածը չանել: Կարող է, ՍԴ-ն այս կազմով կարող է Նիկոլի ասածը չանել: Դուք գիտե՞ք, թե այս կազմով ՍԴ-ի ձեռքում ինչքան կոմպրոմատ կա Նիկոլի դեմ, գիտե՞ք, թե Նիկոլի դեմ սահմանադրության խախտումների վերաբերյալ ինչքան բողոքներ կան, որոնց ընթացք տալու դեպքում ՍԴ-ն կախաղանի դուռն էլ կհասցնի «վարչափայտ» Փաշինյանին: Ես ընդամենը մի հանրահայտ կոմպրոմատի մասին կխոսեմ: Փաշինյանը 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետի աթոռը պահպանեց բացառապես այս ՍԴ-ի որոշման արդյունքում: Հակառակ պարագայում նա պետական կառավարման ոլորտի իր գիտելիքներով առաջնակարգ տաքսիստ կաշխատեր Իջեւանում, եթե, իհարկե, Մուկուչյանին դատեին ապօրինի թվանկարչության համար: Կա՞ երաշխիք, որ այս խայտառակությունը չի բացահայտվի… Իսկ, ինչ է, ջհանգիրյանները վերջացա՞ն: Այնպես որ, ՍԴ-ն, ճիշտ եմ ասում, պետք է երկար մտածի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշում կայացնելու համար:

Խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ մի անձնական շահ չունեմ այս կռվում: Կյանքումս ո՛չ պատգամավոր եմ եղել, ո՛չ էլ գիտեմ մանդատի համն ու հոտը: Ես անաչառ մարդ եմ այս հարցում եւ մտածում եմ բացառապես պետության շահի մասին: Ես թքած ունեմ թե՛ Նիկոլի, թե՛ նրա մինիստրների, թե՛ ՔՊ-ական դուրսպրծուկների, թե՛ իշխանական պատգամավորների եւ թե՛ ընդդիմադիրների այն շահերի վրա, որոնք Հայաստանի շահը չեն: Ինձ իմ երկիրն ու նրա վաղվա օրն են հետաքրքրում: Հայաստանը չի կարող մի մարդու ցուցումով դառնալ գոմ ու ծաղրի առարկա աշխարհի համար: Տո Նիկոլ, դու չէի՞ր ասում, որ այսուհետեւ ժողովրդի ձեռքից ոչ ոք չի կարող խլել իր ընտրությունը: Բա հիմա ի՞նչ է քո արածը, եթե ոչ ՀՀ ավելի քան 300 հազար քաղաքացիների ընտրությունը ձեռքներից խլելը:

Ալեն Սիմոնյան՝ ԱԺ նախագահ, աշխատիր դանդաղ շտապել ու մի նպաստիր մի բանի, որի վերջը աշխարհով մեկ խայտառակվելն է: Այս ընթացքում քանի՞ պառլամենտի ղեկավարի ես հանդիպել: Շատ: Եվ նրանցից ո՞վ է քեզ պատմել, թե ինչպես է կարողացել մանդատները խլելով՝ ազատվել ընդդիմությունից: Ոչ մեկը: Որովհետեւ չի կարելի նման բան անել, որովհետեւ օրենսդիր մարմնի ղեկավարը չի կարող գործադիրի կամակատար լինել:… Հասկանում եմ քեզ՝ բռնապետի ասածով չանես՝ լավ չի լինի քեզ համար, բայց եթե անես, վատ կլինի պետության համար: Ընտրությունը քոնն է, Ալեն Սիմոնյան:

Եվ, ավարտելով, մի հատ էլ սիգնալ տանք ՍԴ-ի առաջ: Ո՞նց եք, տղերք, պատրաստվո՞ւմ եք Սեդային դիմավորել: Շնորհավորում եմ այս նոր ձեռքբերման համար, որ ձրի ստանալու եք Նիկոլից: Իմացել եմ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործը վստահվել է ձեզ: Շատ լավ եմ հասկանում ձեր վիճակը, նման գործ չպետք է լիներ, բայց որ կա՝ ի՞նչ կարող եք անել, պիտի քննեք: Առաջարկում եմ Քրօր․-ից օգտվել: Այնտեղ բավականին հետաքրքիր օրենքներ կան, մարդուն ինչ-որ բանի դրդելու հետ կապված՝ ինքնասպանության դրդելը, սպանության դրդելը, գողության դրդելը, հանրահավաքների ու անհնազանդության դրդելը, սեփական տան մոտ ընդդիմության կողմնակիցների վրա կրակելուն դրդելը եւ այլն, եւ այլն: Այս ամենը հրաշալի հիմք է՝  քննելու համար մանդատների այս խայտառակ գործը: Կարծում եմ՝ ձեզ էլ է հետաքրքիր իմանալ, թե ով կամ ովքեր են ընդդիմադիր պատգամավորներին դրդել հեռանալ խորհրդարանից, փողոցային պայքար ու անհնազանդության երթեր կազմակերպել: Ի վերջո, այդ նույն ընդդիմությունը 2021թ. հունիսի 20-ից հետո հենց ՍԴ որոշումը հարգելով գնաց խորհրդարան: Բա չիմանա՞նք, թե ինչ եղավ, որ ընդդիմությունը սկսեց խորհրդարան չգնալ: