Խաղաղության պայմանագրի արժեքը

Խաղաղության պայմանագրի արժեքը

Նիկոլական խաղաղության պայմանագրի արդյունքում Հայաստանի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ նիկոլապաշտներին և անտարբերներին պատկերացում տալու համար որոշեցի ներկայացնել 18-19-րդ դարերի գերմանացի մանկավարժ և գրող (իսկը մեր Խաչատուր Աբովյանը) Կառլ Ֆրիդրիխ Բեքերի «Հին աշխարհի առասպելները» (ռուսական թարգմանությամբ) աշխատության՝ Հռոմեա-կարթագենյան պատերազմներից (264 - 146 մ.թ.ա.) երրորդի պատմությունը: Բայց քանի որ այն կազմում էր ավելի քան 5 էջ, իսկ ես պրոֆեսիոնալ թարգմանիչ չեմ, որոշեցի օգտվել առցանց ազատ հանրագիտարանից՝ Վիքիպեդիայից (աննշան խմբագրումներով և սրբագրումով): Հատկապես, որ այն հիմնականում կրկնում էր գերմանացի գրողի նկարագրածը: 

Պունիկյան առաջին (մ.թ.ա. 264–241 թվականներ) և երկրորդ (մ.թ.ա. 218–201 թվականներ) պատերազմներից հետո Հռոմի ուժերը զգալիորեն վերելք ապրեցին։ Հռոմի դեմ պատերազմներում պարտություն կրեցին Մակեդոնիան, Սելևկյան կայսրությունը, կախվածության մեջ ընկավ Եգիպտոսը։ Սակայն Կարթագենը, թեև կորցրել էր երբեմնի հզորությունը՝ գրեթե զրկված լինելով ռազմական ուժից, անհանգստություն էր պատճառում տնտեսական արագ վերելքով։ Այդ, դեռևս հզոր, առևտրային կենտրոնը մրցակցում էր հռոմեական առևտրի հետ: Հռոմեացիներն ամեն կերպ ցանկանում էին թուլացնել նրան։ Երկրորդ պատերազմի հաշտության պայմանագրի համաձայն կարթագենցիները չէին կարող վիճելի հարցերը լուծել ռազմական ճանապարհով, այլ պետք է հանձնեին սենատի դատին։ Հռոմի դաշնակից Մասսինիսսան՝ Նումիդիայի արքան, օգտվելով նրանից, որ կարթագենցիները գրեթե զրկված են ինքնապաշտպանության իրավունքից, պարբերաբար կողոպտում և զավթում էր պունիկյան տարածքները, իսկ հռոմեացիները նրան դա չէին արգելում։

Այդ կոնֆլիկտը քննող հանձնաժողովում մասնակցում էր Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը։ Մասնակից լինելով Հաննիբալի դեմ պատերազմին (խոսքը երկրորդի մասին է)՝ նա մտավախությամբ հետևում էր, թե ինչպես է Կարթագենը կրկին հարստություն կուտակում։ Վերադառնալով Հռոմ՝ նա դարձավ թշնամուն վերջնականապես կործանելու ակտիվ կողմնակիցներից մեկը։ Հայտնի է նրա արտահայտությունը՝ «Կարթագենը պետք է կործանվի», որով միշտ ավարտում էր իր ելույթները սենատում։ Հռոմի շահերը նույնպես դա էին պահանջում, ուստի սենատը պաշտպանեց այդ գաղափարը։ Առիթ գտնելը դժվար չէր։ Իր հարձակումներով Մասսինիսսան ստիպեց կարթագենցիներին ռազմական հակահարված տալ։ Թեև կարթագենցիները պարտություն կրեցին, բայց Հռոմին այդպիսի առիթ էր պետք իր վաղեմի թշնամուն ոչնչացնելու համար։

Պատերազմի (149/148 - 146 մ.թ.ա.) ընթացքը

Հռոմեացիներն անհապաղ սկսեցին նախապատրաստվել պատերազմի։ Փյունիկցիները փորձում էին հնարավորինս կանխել այն. նրանք պատժեցին հակահռոմեական խմբավորման առաջնորդին և դեսպաններ ուղարկեցին Հռոմ։ Բայց հռոմեական բանակը արդեն ափ էր իջել Աֆրիկայում։ Հռոմեական 80 հազարանոց բանակը հասավ Ուտիկա, որն անմիջապես անցավ հռոմեացիների կողմը։ Կոնսուլ Լուցիոս Մարցիոս Ցենզորինն առաջին հերթին պահանջեց հանձնել զենքերը, 300 նշանավոր քաղաքացիների՝ որպես պատանդ, և ազատել գերիներին։ Այս պահանջների կատարումից հետո կոնսուլը հայտարարեց գլխավոր պահանջը՝ Կարթագեն քաղաքը պետք է քանդվի, նրա բնակիչները պետք է վտարվեն, իսկ նոր բնակավայրը կարող է հիմնվել ծովափից 16 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա։ Այդ պայմանը նշանակում էր, որ կարթագենցիները զրկված կլինեն ծովային առևտուր կատարելու հնարավորությունից, ինչը նրանց քաղաքի գոյության հիմքն էր։

Կարթագենում այս պահանջը համարեցին անընդունելի, քաղաքացիները որոշեցին մեռնել, բայց չլքել քաղաքը։ Ժամանակ շահելու համար նրանք հռոմեացիներից խնդրեցին մեկ ամսով հետաձգել կատարումը։ Կոնսուլը հեշտությամբ համաձայնվեց՝ կարծելով, որ զենքերը հանձնելուց հետո Կարթագենը միանգամայն անպաշտպան է։ Գաղտնիություն պահպանելով՝ կարթագենցիները սկսեցին պատրաստվել ինքնապաշտպանության։ Կարթագենը անառիկ ամրոց էր, և մեկ ամսվա ընթացքում քաղաքացիներն այն դարձրեցին միանգամայն անմատչելի, իսկ երբ հռոմեական զորքերը մոտեցան քաղաքի պարիսպերին, կոնսուլներն իրենց առջև տեսան ճակատամարտի պատրաստ թշնամու։ Գրոհը հետ մղվեց հռոմեացիների մեծ կորուստներով, պունիկյան բանակի ջոկատները, դուրս գալով քաղաքից՝ իրենց հարձակումներով անհանգստացնում էին հռոմեացիներին։ Մասսինիսսան, դժգոհելով հռոմեացիների՝ Աֆրիկայում հաստատվելու ցանկությունից, նրանց օգնություն չցուցաբերեց։

Պաշարումը շարունակվեց երկու տարի, մինչև որ հռոմի բանակի ղեկավարումն անցավ կոնսուլ Սկիպիոն Էմիլիանոսին, որը կարողացավ բեկում մտցնել պատերազմում։ Վերակազմավորելով և վերականգնելով բանակի մարտունակությունը՝ նա անցավ ակտիվ գործողությունների։ Շուտով կարթագենցիները կորցրեցին արտաքին պարիսպը, իսկ քաղաքի նավահանգիստը փակվեց հռոմեացիների կողմից կառուցված պատնեշով։ Բայց փունիկեցիները, նոր ջրանցք փորելով, բաց ծով դուրս եկան։ Սկպիոնը փակեց նաև այդ ջրանցքը և շրջապատեց քաղաքը արտաքին պարսպի երկայնքով՝ փակելով պարենի մատակարարման ուղիները։ Արդյունքում Կարթագենում սով սկսվեց, որից զոհվեցին շատ քաղաքացիներ։ Հռոմեացիների կողմից Նեֆերիս ամրոցի գրավումից հետո Կարթագենը զրկվեց դրսից օգնություն ստանալու հնարավորությունից։

Մ.թ.ա. 146 թվականի գարնանը հռոմեացիները գրոհով ներխուժեցին քաղաք, բայց դեռ յոթ օր ընթանում էին կատաղի մարտեր։ Մեկ շաբաթ հետո կարթագենցիների ձեռքում մնաց միայն Բիրսա ամրոցը։ Երբ այդտեղից Սկիպիոնին դիմեցին հանձնվելու խնդրանքով, նա համաձայնվեց խնայել բոլորի կյանքը, բացի դավաճաններից։ Կանանց և երեխաների հետ ամրոցից դուրս եկան 50 հազար կարթագենցիներ (ըստ Օրոզիոսի՝ 55 հազար), որոնք բոլորը ստրկացվեցին։ Պաշտպանության ղեկավար Հասդրուբալը հայրենասեր կարթագենցիների և հռոմեացի դավաճանների հետ, որոնք գթության հույս չունեին, ամրացան Էշմունա տաճարում՝ կառուցված բարձր ժայռի վրա։ Հռոմեացիները որոշեցին սովի մատնել նրանց։ Հասնելով ծայրահեղության՝ պաշարվածները վճռեցին այրել տաճարը՝ թշնամու ձեռքով չզոհվելու համար։ Միայն Հասդրուբալը փախավ տաճարից և հանձնվեց։ Այդ տեսնելով՝ նրա կինը՝ Իշան, անիծեց ամուսնուն որպես դավաճանի և երեխաների հետ նետվեց կրակի մեջ։

Կարթագենը այրվեց 17 օր։ Նրա տարածքը գութանով ակոսվեց, անիծվեց, աղ լցվեց հողի մեջ, ի նշան այն բանի, որ այդտեղ ոչ ոք բնակություն չհաստատի։ Կարթագենի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերածվեց հռոմեական պրովինցիայի՝ Աֆրիկա անունով։
Ահա այսպիսի ճակատագիր է պատրաստում մեզ համար «ազգի փրկիչ» Նիկոլը թշնամու հետ խաղաղության պայմանագիր կնքելով: