Մենք ենք մեղավոր, որ քնած ոստիկան սպանող Սեֆիլյանն այսօր նման հայտարարություններ է անում

Մենք ենք մեղավոր, որ քնած ոստիկան սպանող Սեֆիլյանն այսօր նման հայտարարություններ է անում

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Լևոնականներին, քոչարյանականներին, սերժականներին խնդրում եմ` հորդորեք ձեր ղեկավարներին մի կողմ քաշվել: Հորդորեք ձեր ղեկավարներին մի կողմ քաշվել, իսկ դուք առանձին-առանձին ձեր շրջանակներում ձեր մեջ ուժ գտեք, ինքնակազմակերպվեք ու ձեր մեջից առաջարկեք ձեր նոր լիդերին: Մենք, օրինակ, առաջարկել ենք Վարուժան Ավետիսյանի թեկնածությունը: Դուք էլ ձերը առաջարկեք, բայց ոչ Քոչարյան, Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան»:

Սեֆիլյանը նաև նշել է. «Առաջարկեք ձեր մեջից այն անունը, որը կարծում եք, որ ժամանակավոր կառավարության ընթացքում այս ամբողջ բեռն ու պատասխանատվությունը կարող է վերցնել իր վրա: Առաջարկեք այնպիսի կերպարների, որոնք հանցագործ չեն, որոնց ձեռքերը արյունոտ չեն: Մենք պատրաստ ենք նոր թեկնածուի դեպքում նստել ու ժողովրդի առաջ, ուղիղ եթերում լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից: Լուծում, նորից եմ ասում, հաստատ կա: Փաշինյանին հեռացնելու մեծ հավանականություն կա, որի համար կոնսոլիդացիա է հարկավոր»:

Ըստ էության, Ժիրայր Սեֆիլյանն ակնարկում է, որ Բևեռը կարող է համագործակցել  այսօրվա ընդդիմության հետ, եթե ասպարեզ գան նոր դեմքեր, մերժելով իրենց կողմից այդքան ատելի նախկիններին: Սա այն դեպքում, երբ նույն Ազգային ժողովրդավարական բևեռը մշտապես աչքի է ընկել ռուսատյացությամբ, օրվա ընդդիմությանն էլ համարել ռուսական գործակալական ցանցի կողմից ուղղորդվող խմբակ: Մենք ընդդիմադիր դաշտից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Սեֆիլյանի հայտարարությունների վերաբերյալ, սակայն մեր բոլոր զրուցակիցներից ստացանք միանման պատասխաններ:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ի պատասխան Սեֆիլյանի երեկվա հայտարարություններին ասաց` «Ժիրայր Սեֆիլյանին և իրենց ահաբեկչական խմբակին առհասարակ պետք չէ մեկնաբանել: Նրանք քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ են: Նրանք կարող են քնած ոստիկան սպանել, 5-6 տարի փողոցներում հանրահավաքներ են անում, սակայն 1000 քաղաքացի չեն կարողանում հավաքել, դրանցից ի՞նչ քաղաքական գործիչ: Դա նույնն է, որ շենքի լիազորին անվանես քաղաքական գործիչ: Նրանք ասում են, որ կողմ են խաղաղության պայմանագրին, ո՞վ է Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես: Մենք ենք մեղավոր, որ քնած ոստիկան սպանող Սեֆիլյանն այսօր նման հայտարարություններ է անում: Ո՞նց կարելի է նրա ասածներին լուրջ վերաբերվել»,- իր խոսքը եզրափակեց Նարեկ Սամսոնյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ իր հերթին նշեց, որ ահաբեկչական խմբավորումներին ոչ լսում և ոչ էլ առավել ևս` մեկնաբանում է: Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նույնպես ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Սեֆիլյանին, քանի որ Սեֆիլյանին նախ չի լսել և հետո չի ցանկանում մեկնաբանել նրա ասածները: