Վանեցյանը պարգևատրել է Սասուն Միքայելյանին քննադատած պաշտոնյաներին

Վանեցյանը պարգևատրել է Սասուն Միքայելյանին քննադատած պաշտոնյաներին
Արթուր Վանեցյան

Հայաստանի իշխանությունները հետաքրքիր վարքագիծ են դրսեւորում․ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը պաշտոնից զրկվեց, քանի որ հայաստանյան նոր իշխանությունների կարծիքով՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ Մնացականյանը, «քիթները խոթում են» հայաստանյան ներքաղաքական հարցերի մեջ, ու հարկավոր էր նրանց աչքը վախեցնել։

Սակայն ընդամենը երկու օր առաջ նույն Մնացականյանն ու այն պաշտոնյաները, որոնք իրենց «անհնազանդ» պահվածքի համար հայտնվել էին Փաշինյանի թիրախում, պարգեւատրվել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հարաբերությունները սրվեցին դեկտեմբերյան ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանի անզգույշ հայտարարության՝ «հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան Արցախյան ազատամարտինը», եւ Արցախից հնչող արձագանքների արդյունքում։ 

Սասուն Միքայելյանին քննադատողների թվում էին Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, Լեւոն Մնացականյանի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Կողմերի հակամարտությունն ավարտվեց Մնացականյանի «զոհաբերությամբ», թեպետ դրանից առաջ Փաշինյանը Բակո Սահակյանին հրապարակային հորդորել էր «կարգի հրավիրել» իր պաշտոնյաներին։ Երեկ տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, դեկտեմբերի 22-ին Արցախում մասնակցելով Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր նիստին, մի շարք պաշտոնատար անձանց ու ծառայողների պարգեւատրել է «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պարգեւատրվածների շարքում են Մնացականյանը, Ղարամյանը, Բալասանյանը, ինչպես նաեւ Մնացականյանին ՊԲ նախարարի պաշտոնում փոխարինած Կառլոս Աբրահամյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ ամենայնի, կատարվածից հետո ՀՀ իշխանությունները որոշել են շահել Արցախի գործընկերների սիրտը եւ վերացնել երկու կողմերի միջեւ լարվածությունը՝ թերեւս խուսափելով նաեւ հնարավոր դավադրություններից, որոնք կարող են ծնվել, եթե շարունակվեն լարված մնալ Արցախի եւ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների հարաբերությունները։ Ի դեպ, պարգեւատրման նույն օրը Ստեփանակերտում, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ցույցեր կազմակերպվեցին, եւ կային տեղեկություններ, որ դրանց աջակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ուշագրավ է, որ նշված անձանց պարգեւատրումների մասին պաշտոնապես չեն հաղորդել։ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել միայն․ «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանրապետության նախագահին եւ մի շարք պաշտոնատար անձանց ու ծառայողների պարգեւատրել է «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով»»։ Առավել ուշագրավ է Հայաստանի ԱԱԾ պաշտոնակայքում այս միջոցառման վերաբերյալ հաղորդագրության բովանդակությունը։ Այստեղ միայն նշվում է, որ Վանեցյանը պարգեւատրել է «ԱԱԾ մի խումբ աշխատակիցների»․ «Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաեւ մասնագիտական տոնի առթիվ տնօրեն Ա. Վանեցյանը պարգեւներ հանձնեց ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների»: 

Երեկ Վանեցյանի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հայտնեց, որ հաղորդագրությունից ավելի ինֆորմացիա չի կարող տրամադրել․ «Փորձեք ճշտել Արցախից»։ Հարցին, թե որն է խնդիրը, որ չեն նշել, թե ում են պարգեւատրել, խոսնակը հայտնեց, որ ավելի շատ ինֆորմացիայի չի տիրապետում։ Իսկ Արցախի նույն ծառայությունն էլ, պարզվեց, ո՛չ կայք ունի, ո՛չ խոսնակ։ Փորձեցինք Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանից պարզել՝ վերոնշյալ մարդիկ պարգեւատրվե՞լ են, թե՞ ոչ։ Սակայն պարզվեց, որ նա էլ չի մասնակցել այդ միջոցառմանը, բայց նշված անձանց պարգեւատրման մասին ասաց․ «Չի բացառվում՝ տված լինի, բայց ես հստակ չգիտեմ, չեմ կարող ասել»։

Բաբայանն ասաց, որ պարտադիր նորմ չկա, որ բոլորի անունը նշվի հաղորդագրություններում։ Մեր դիտարկմանը՝ այս պարգեւատրումներն արդյոք նպատակ չե՞ն հետապնդում հարթել հարաբերությունները, Բաբայանն արձագանքեց․ «Մեզ մոտ միշտ էլ հարթ է եղել, չեմ կարծում, որ երբեւէ լարվածություն է եղել, այդ լուրերն ուղղակի ուռճացված են»։

Այո, ստիպված ենք արձանագրել, որ Արցախի պաշտոնյաները որոշել են «քիթը չխոթել» ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի գործերի մեջ։ Նիկոլ Փաշինյանը նրանց «վախը բռնել» է։