Ինչի՞ շուրջ է զրուցել վարչապետը գործարարների հետ

Ինչի՞ շուրջ է զրուցել վարչապետը գործարարների հետ

Դեկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում տարեմուտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի գործարարների հետ։ Երեկ էլ այցելել էր Կենտրոնական բանկ՝ բանկիրների հետ հանդիպման։ Գործարարների հետ հանդիպմանը ներկա է եղել մոտ 200 գործարար։ Մոտ 7 րոպեանոց ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը գործարարների առաջ՝ նախեւառաջ շնորհակալություն հայտնելով նրանց 2018 թվականին կատարած աշխատանքների համար․ «Որովհետեւ 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարեւոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաեւ Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է եւ իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից»։

Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ իրենք շահագրգռված են ցանկացած գործարարի հաջողությամբ, իրենց կառավարության վերնախավում տնտեսական հետաքրքրություններ ունեցող անձինք կան, եւ որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողներն ու ընդհանրապես որեւէ ընկերություն ազատված են ցանկացած տեսակի կոռուպցիոն պարտավորությունից:
Վարչապետի ելույթը եղել է ստանդարտ, պրոտոկոլային, որը Սերժ Սարգսյանի համանման ելույթներից տարբերվել է նրանով, որ Սարգսյանն իր խոսքը համեմում էր տնտեսական որոշ ցուցանիշներով, կոնկրետ թվերով, իսկ Փաշինյանի խոսքում դրանք բացակայում էին, միայն գեղեցիկ փաթեթավորված մտքեր էին, որոնք ոգեւորություն եւ հույս պետք է ներշնչեին ներկա գտնված գործարարներին։

Իհարկե, ոմանց մոտ այդ հույսը ծագել է, ոմանք ոգեւորվել են, բայց հատկապես նկատել են, որ Փաշինյանի խոսքում իրեն բնորոշ ոգեւորության, աչքերի փայլը, որը սովորաբար ինքնավստահության, ոգեւորվածության, իր խոսքերի ճշմարտացիության մեջ վստահ լինելու նշան է, այս անգամ բացակայում էր։ Այդպես նկարագրեց իր ստացած տպավորությունը ներկաներից մեկը։

«Ի՞նչ պետք է ասի վարչապետը գործարարներին, որոնք ամեն ինչ տեսած, կայացած մարդիկ են, ընդամենը պետք է հորդորի իրենց, դուխ տա, չմոռանա նրանց, որ նրանք շարունակեն աշխատել ու զարգանալ։ Դա էր պետք ընդամենը գործարարներին, ինքը դա արեց»,- նկատեց ներկաներից մեկը։
Ելույթից հետո Փաշինյանը մոտեցել է գործարարներին՝ առանձին-առանձին շնորհավորել, մի քանի բառ փոխանակել նրանց հետ։ Բավականին երկար զրուցել է նախկին կամ գուցե դեռեւս ներկա քաղաքական գործիչներ, բայց առավելապես խոշոր գործարարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի հետ։ Վերջիններս վարչապետից հետաքրքրվել են հատկապես քաղաքական գործընթացներով, կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխություններով։ Մեր զրուցակիցը դա էլ էր առանձնացրել, որ Փաշինյանին տնտեսությունից հարցեր չեն տվել, այլ քաղաքականությունից են խոսել։