Իտալիայի քաղաքացու հետ շփված անձինք մեկուսացվել են Երևանում․ նախարար (տեսանյութ)

Իտալիայի քաղաքացու հետ շփված անձինք մեկուսացվել են Երևանում․ նախարար (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին հնարավոր չի մեկուսացնել։ 

«Հետևաբար, ամեն ինչ արվում է հակահամաճարակային խորհուրդներին համապատասխան։ Մեկուսացում ցուցված է ընդհանրապես միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտների դեպքում, ինչով մենք հիմա զբաղվում ենք, ինչպես զբաղվել ենք առաջին դեպքի ժամանակ, երբ ինքնաթիռում եղած երկու շարք իրար հետ նստած ուղևորներին մեկուսացրել ենք»,-ասաց Թորոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու Իտալիայից ժամանած ուղևորներին անմիջապես չեն մեկուսացրել։

Նշենք, որ երեկ կորոնավիրուսով վարակվածության ևս երեք դեպք է հաստատվել, որոնք երեքն էլ Իտալիայից ժամանած քաղաքացիներ են, որոնցից երկուսը՝  ՀՀ քաղաքացի, մեկը՝ Իտալիայի քաղաքացի։

Հիմա, ըստ Թորոսյանի, իրականացվում է այդ անձանց շրջանակը պարզելու գործընթացը։ «Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որոնցից բոլորը հայտնի են, նրանց արդեն իդենտիֆիկացրել ենք։ Շրջանակը հնարավոր է՝ մինչև հիսուն հոգի դառնա, և այդ հիսուն հոգու համար որոշումներ կկայացվեն մեկուսացվելու։ Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, այսինքն՝ իրենք չեն լքել իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն ապրում էդ շենքում, և էդ ընտանիքները պարզապես երկու շաբաթ դուրս չեն գա այդտեղից»,-ասաց նախարարը։

Թե որտեղ է այդ շենքը և ինչ շենք է, Թորոսյանն ասաց․ «Երևան քաղաքում է, և բնակավայրը, կարծում եմ, էական չի»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե Իտալիայից ժամանածներն ամենառիսկային գոտուց են վերադարձել, նախարարությունը չէ՞ր հաշվարկել դա, որ ավելի խիստ միջոցառումներ իրականացներ, Թորոսյանն ասաց․ «Հայաստանում իրականացվում են ամենախիստ միջոցառումները հակահամաճարակային, և մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, տեսչական մարմինը, ոստիկանությւոնը և մնացած գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով, անձամբ այցելելով, նաև զանգեր կատարելով իրականացնում են վերահսկողություն, որից ավել ուղղակի իմաստ չունի և ցուցված չէ»։