Եթե մեզ լսում եք, օգնեք. հաշմանդամություն ունեցող եղբայրների խնդրանքը Փաշինյանին

Եթե մեզ լսում եք, օգնեք. հաշմանդամություն ունեցող եղբայրների խնդրանքը Փաշինյանին

Արարատի մարզի Նորաշեն համայնքում, մի քարուքանդ փայտե տնակում են ապրում Արկադի, Արամ եւ Արսեն եղբայրները: Նրանց մայրը 6 տարի է, ինչ քաղցկեղից մահացել է, իսկ հայրը հարբեցող է, ունի նաեւ հոգեկան շեղումներ, կարելի է ասել այս տղաները որբ են: Տղաներից Արսենը՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Հիվանդությունը ի ծնե է առաջացել, նա դժվարությամբ է խոսում, ոտքերն ու ձեռքերը թույլ են:

Արամը, որը 18 տարեկան է, նույնպես հաշմանդամություն ունի, պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով ազատվել է: Օրեր առաջ՝ հունվարի 21-ին նրանց մեծ եղբորը՝ Արկադի Թադեւոսյանին ճանապարհեցին բանակ: Այդ օրվանից մինչեւ օրս նրանց խնամող չկա, սոված օր են անցկացնում. «Արսենը  մանկական պարարիչ է տարել, մի կերպ խոսում է, ոտքերը ձեռքերը թույլ են, անգամ, երբ խոսում ես հետը, չի հասկանում: Կենցային պայմաններ չունեն, քարուքանդ տան մեջ են մնում: Հարեւաններն ու բարեկամներն են օգնում, հաց տալիս, ձմռան վառելափայտ տալիս: Եղբայրները 21 հազար նպաստ են ստանում, իսկ Արսենը՝ 25 հազար դրամ  թոշակ՝  հիվանդության համար: 2 հաշմանդամ եղբայրների խնամքը հանձնել են մեծ եղբորը՝ Արկադիին, ում օրեր առաջ բանակ տարան: Արկադին էր ճաշ եփում, լվացք անում, եղբայրներին խնամում: Նրանք անգամ չեն կարողանում ինքնուրույն վառարան վառել: Իսկ եղբորը բանակ տանելուց հետո եղբայրները շատ են ընկճվել, անգամ հաց չեն ուտում»,-պատմում է բարեկամներից մեկը՝ Արան:

Ըստ նրա՝ հաշմանդամ եղբայրները սովորել են գիշերօթիկ դպրոցում, իսկ Արկադին 8-րդ դասարանը ավարտելուց հետո դուրս է եկել դպրոցից, իր վրա վերցնելով ընտանիքը ծանր լուծը: Նա խնամում էր ե´ւ եղբայրներին ե´ւ հիվանդ մորը. «Արկադիին 2 անգամ տարեկետում են տվել, նա նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ այս հունվարին տարան բանակ: Նա մտածում էր, որ «Ես եմ»- ծրագրով կանցնի զինվորական ծառայության, կկարողանա տուն գալ, եղբայրներին խնամել, եւ կլուծեր նաեւ բնակարանի խնդիրը: Սակայն այդ ծրագրից դուրս մնաց, ավելին ծնողազուրկ տղային առաջնագիծ են տարել:

Նախքան Արկադիին բանակ տանելը, խնդրանքով դիմել ենք մարզպետին եւ պաշտպանության նախարարությունը, ներկայացրել ենք իրավիճակը, որ երկու եղբայրները հաշմադամ են, միակ խնամողը ու աշխատողը Արկադին ա, ոչինչ հաշվի չառան, տղային Մադաղիս տարան: Իսկ մարզպետարանից էլ եկավ տունը նայեցին, ասացին, որ շատ ահավոր վիճակ ա, բայց ոչինչով օգնել չենք կարող»:

«Մեր համայնքում շատ վատ վիճակում ապրող ընտանիքներ կան, Թադեւոսյանների ընտանիքը ամենավատ պայմաններում են ապրում, անաշխատունակ ընտանիք է, եւ այդ տղային, որ տարել են բանակ, իր խնամքի տակ կա երկու հիվանդ եղբայրներ: Ինքը ձեւակերպված է խնամակալ եւ ունի հայր, ով ունի հոգեկան շեղումներ, հարբեցող է, կարելի է ասել, կես մարդա: Ինքն էլ ծնողազուրկ է, մայրը մի քանի տարի առաջ է մահացել: Ապրում են դաշտի մեջ՝ տնակում: Համագյուղացիներն են օգնում, ես եմ օգնում: էդքանից հետո էդ տղային տարել են ծառայության, նախ 24 տարեկան է, 2 անգամ ազատել էին, իրավունք չունին տանել բանակ, հետո էլ Ղարաբաղ, Մադաղիս առաջնագիծ: Էդ մարդիկ օրվա հաց չունեն, էդ տղեն ստեղ- էնտեղ բանվորություն անելով օրը 2000 դրամ հացի փող ա աշխատել, որ իր եղբայրներին պահի: Ինձ տեղեկացրել են, որ հաշվի առնելով իրենց սոցիալական վիճակը որոշել էին, որ էդ տղան գնա ծառայության 3 տարով՝ պայմանգրով: Իսկ ծառայությունից հետո գումար որոշակի գումար են տալիս:

Բարեկամները որոշել էին, իրենք էլ որոշակի գումար կդնեն 3 եղբայրներին տուն կառնեն: Պայմանգիր է կապել, բայց տարել են սովորական ծառայության՝ 2 տարով: Բարեկամները հարցրել են, թե ինչի՞ եք էդպես արել, իրենց պարզաբանել են, որ տղան ունի 8-ամյա կրթություն: Բարեկամները ասում էին, որ խաբել են, նրանք գիտեին, որ Արկադին 8-ամյա կրթություն ունի, թող միանգամից ասեին, քեզ այս ծրագիրը չի հասնում, ոչ թե պայմանագիր կապեին, եւ տանեին առաջնագիծ»,-մեզ հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ՝ Նորայր Գրիգորյանը:

Արկադիի փոքր եղբայրը՝ Արամը  խնդրանքով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, ես ու եղբայրս ունենք մի շարք հիվանդություններ, դրա հիման վրա ժողովուրդը մեզ չի վստահում, մեզ գործ չի տալիս: Մենք չենք կարողանում հացի փող աշխատել: Ես մի խնդրանք ունեմ եւ ուզում եմ, որ ընդառաջեք: Իմ եղբորը բացառություն արեք կամ տուն ուղարկեք, կամ էլ, եթե դա հնարավոր չի, գոնե ծառայությունը անցնի Հայաստանում: Մեզ պահողը ինքնա, մենք իրա մասին ենք մտածում: էսքանա իմ խնդրանքը պարոն Փաշինյան»:

Նշենք, որ Նորաշենում բնակվող այս չքավոր, աղքատ ընտանիքին, որտեղ սոված օրեր են անցկացնում հաշմանդամ եղբայրները, մարզպետարանի կողմից ոչ մի օգնություն չի տրամադրել: Նորաշեն համայնք էլ այն մարզին է պատկանում, որի մարզպետը՝ Գարիկ Սարգսյանը իրեն 104.5 տոկոսով պարգեւատրել էլ, թե իր կատարած, ո՞ր լավ աշխատանքի համար, դժվարանում ենք ասել: