Լինենք խելամիտ, ռիսկով, սկզբունքային 

Լինենք խելամիտ, ռիսկով, սկզբունքային 

Ահա եւ մեկ տարի էլ գլորեցինք։ Այո, գլորեցինք, որովհետեւ այսպես չեն ապրում, այսպես՝ օրեր ու ամիսներ են գլորում, ապագայում ապրելու հույսով։ Նման ողբերգական տարիները պարզապես գլորվում են անցյալի գիրկը եւ սեւով գրվում այդ ժողովրդի պատմության մեջ։ Մեկ տարի առաջ, երբ այս նույն օրերին բարեմաղթանքներ էինք հղում, կենացներ ասում, թաքուն ցանկություններ պահում, ոչ մեկիս մտքով անգամ չէր կարող անցնել, որ ճիշտ հակառակն ենք ստանալու։ Որ կորցնելու ենք հայկական հողի մի նվիրական հատված, որտեղ հարյուրամյակներ հայեր են ապրել-արարել։ Որ նոր ու ցավալի կորուստներ ենք ունենալու։ Որ գաղթի նոր քարավաններ են ձգվելու դեպի Հայաստան, իսկ Հայաստան պետությունը մի կողմից շագրենի կաշվի նման փոքրանալու է, մյուս կողմից՝ նորանոր վտանգներ ու սպառնալիքներ են կախվելու մեր երկրի գլխին։ Եվ ամենակարեւորը՝ հայ մարդու, ՀՀ քաղաքացու ապագան այնքան է վտանգվելու, որ ոչ մի վստահություն ու հավատ չենք ունենալու վաղվա օրվա հանդեպ եւ վախով ենք նայելու ապագային։ Վախով, որ հաջորդ տարին կարող է ավելի վատը լինել եւ ավելի ծանր հարվածներ հասցնել մեր ժողովրդին։

Որովհետեւ իրավիճակն առաջիկայում փոխվելու միտումներ չեն երեւում։ Որովհետեւ մենք ոչինչ չենք արել մեր խնդիրների լուծման ուղղությամբ։ Մենք չկարողացանք ձախողված իշխանություններին փոխել, չկարողացանք նրանց ստիպել, որ ճիշտ աշխատեն։ Չկարողացանք մեր սխալներից հետեւություններ անել եւ իշխանություններին հասկացնել իրենց սխալները։ Աշխարհում էլ, ցավոք սրտի, իրավիճակը չի փոխվել հօգուտ մեզ, եւ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի հետ էլ առանձնապես հույսեր կապել չենք կարող։ Ուստի տարեմուտին եկեք միմյանց մաղթենք խելամտություն, սխալներից դասեր քաղելու քաջություն եւ գործողությունների սկզբունքայնություն։