Ինչ պատկեր է միասնական քննությունների 1-ին փուլից հետո

Ինչ պատկեր է միասնական քննությունների 1-ին փուլից հետո

Հունիսի 24-ին ավարտվել է միասնական քննությունների 1-ին փուլը: Գիտելիքների թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրը՝ հունիսի 24-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից:

Դիմորդների ընդհանուր թիվը հանրապետությունում քիմիայից 1295 է, իսկ նախորդ տարի եղել է 1081։ Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, ապա նախորդ տարվա 231-ի փոխարեն այս տարի 355 է: Մասնավորապես, Երեւանում 470 դիմորդ քիմիա է հանձնել, 65-ը՝ ռուսերեն: Լոռիում 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն: Կոտայքում․ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24: Շիրակում․ քիմիա՝ 117, ռուսերեն՝ 30: Սյունիքում․ քիմիա՝ 56, ռուսերեն՝ 24: Վայոց Ձորում․ քիմիա՝ 29, ռուսերեն՝ 4: Տավուշում․ քիմիա՝ 55, ռուսերեն՝ 65: Արագածոտնում․ քիմիա՝ 47, ռուսերեն՝ 13: Արարատում․ քիմիա՝ 92, ռուսերեն՝17: Արմավիրում․ քիմիա՝ 88, ռուսերեն՝ 27: Գեղարքունիքում․ քիմիա՝ 103, ռուսերեն՝ 23: 

ԳԹԿ մամուլի պատասխանատուն մեզ փոխանցեց նաեւ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունների արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ՝ հայտագրվել է 5 հազար 414 դիմորդ, քննությանը մասնակցել է 5 հազար 295-ը: Միջին միավորը 11,04 է, դրական շեմը չհաղթահարածների թիվը` 1067 կամ 20,2 տոկոս: Մաթեմատիկայի քննությունից 18-20 միավոր է ստացել 320 դիմորդ կամ 6 տոկոսը, այդ թվում` 18-18,75` 153 դիմորդ, 19-19,75 միավոր`127, 20 միավոր` 40 դիմորդ:

Ի դեպ, կենտրոնի որոշմամբ՝ քննության ժամանակ դիմորդներին թույլատվել է օգտվել միայն պարզագույն հաշվիչներից՝ բարդ սարքեր քննասենյակ տանելն արգելվել է։ Իսկ «Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 127 դիմորդ, մասնակցել է 125-ը, միջին միավորը եղել է 12.74-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 12 հոգի կամ մասնակիցների 9.6 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 11 հոգի կամ մասնակիցների 8.8 տոկոսը: «Կենսաբանություն» առարկայից միասնական քննությունների նախնական արդյունքներն էլ այսպիսին են. հայտագրվել է 1615 դիմորդ, քննությանը մասնակցել է 1587-ը, միջին միավորը 11.93-ն է: Դրականի շեմը չի հաղթահարել 420 դիմորդ կամ մասնակիցների 26.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 305 հոգի կամ 23.6 տոկոսը: 18-18.75 միավոր հավաքել է 149, 19-19.75 միավոր՝ 123, եւ 20 միավոր՝ 16 դիմորդ:

Հայտնի են նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննության նախնական արդյունքները։ ԳԹԿ-ից փոխանցում են, որ հայտագրվածների թիվը 5 հազար 230-ն է, քննությանը մասնակցել է 5 հազար 142 հոգի: Միջին միավորը եղել է 11.95, դրական միավորի շեմը չի հաղթահարել 805 հոգի՝ մասնակիցների 15.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 504 հոգի՝ մասնակիցների 9.8 տոկոսը: Ի դեպ, 2022 թ․ ցուցանիշները համեմատելով 2021-ի ցուցանիշների հետ՝ արձանագրում ենք հետեւյալ պատկերը. 2021-ին քննությանը մասնակցած դիմորդների թիվը եղել է 4005, միջին միավորը եղել է 12.26: 7.5-ից ցածր միավոր ստացել է 519 հոգի կամ դիմորդների 13 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 386 հոգի կամ դիմորդների 9.6 տոկոսը: Դիմորդներն այս տարի քննություն են հանձնել նաեւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն) առարկայից։ Արդեն հրապարակվել են միասնական քննությունների նախնական վերլուծությունները: 

Ըստ այդմ․ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5 հազար 570 դիմորդ, քննությանը մասնակցել է 5 հազար 502-ը: Միջին միավորը եղել է 13.7-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 536 հոգի (7.5-ից ցածր միավոր): 18-20 միավոր հավաքել է 1130 հոգի (20.5 տոկոս): Ֆրանսերենից հայտագրվել է 64 հոգի, մասնակցել է 63-ը, միջին միավորը եղել է 13.4: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 հոգի (7.9 տոկոս), 18-20 միավոր հավաքել է 15 հոգի (23.8 տոկոս): «Իտալերեն» առարկայից քննություն հանձնած 2 դիմորդից մեկը 19.75 է ստացել, մյուսը՝ 18.5: Իսպաներեն հանձնած մեկ դիմորդ անբավարար է ստացել՝ 7,25, մյուսը՝ 17: «Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 94 հոգի: Քննությանը մասնակցել է 93-ը, միջին միավորը եղել է 14.7-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 9 դիմորդ կամ մասնակիցների 9.6 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 35 հոգի կամ մասնակիցների 37.6 տոկոսը: 
ԳԹԿ-ից նշեցին, որ սրանք դեռ նախնական արդյունքներն են, դիմորդների բողոքարկման հետեւանքով հնարավոր են չնչին, բայց որոշակի փոփոխություններ։