Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում թաքնված հակահայկական ականների մասին  

Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում թաքնված հակահայկական ականների մասին  

Ադրբեջանն արագ տեմպերով կառուցում է նոր ճանապարհ, որը պետք է փոխարինի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքին: Այդ ճանապարհը, ըստ  Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած  հայտարարության, լինելու է ոչ թե միջանցք, ինչպես միամտորեն կարծում են հայերը, այլ սոսկ «նոր երթուղի», ինչպես նշվում է հայտարարության 6-րդ կետում: 
Մեջբերենք. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:  

Այս նախադասությունից հետո հայտարարությունում գրված է.  «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։ Ինչը կարելի է հասկանալ այնպես, որ Բաքուն երաշխավորում է ոչ թե այդ «նոր երթուղով» կատարվող երթեւեկության անվտանգությունը, այլ Լաչինի միջանցքով կատարվողը, քանի դեռ վերջինը գոյություն ունի: Իսկ դրա գոյությունը դադարելու է այդ «նոր երթուղու» կառուցումից հետո: Դրանից հետո Լաչինի միջանցքը փոխանցվելու է Բաքվին:

Ի հակառակ Լաչինի միջանցքը սոսկ երթուղով փոխարինելու՝   հայտարարության մտադրությանը, Մեղրիով անցնող ապագա ճանապարհը փաստացի  լինելու է միջանցք: Դատեք ինքներդ․ հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:  

Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում «անխոչընդոտ» բառի վրա, որն առկա է Մեղրիի ենթաշրջանով անցնելիք ճանապարհի պարագայում, բայց բացակայում է Լաչինի շրջանով անցնելիք «նոր երթուղու» մասին գրված տեքստում: Այդ բառը սազական է «միջանցք» հասկացությանը եւ չի օգտագործվում ներպետական սովորական ճանապարհների պարագայում, ինչպիսին լինելու է «նոր երթուղին»:

Ինչ վերաբերում է այդ 2 ճանապարհներին տեղակայվելիք ռուսաստանյան զինվորականներին, ապա, ըստ հայտարարության տեքստի, Լաչինի շրջանում կառուցվելիք «նոր երթուղում» նրանք իրականացնելու են ճանապարհը «պաշտպանելու» ֆունկցիա, իսկ Մեղրիի ենթաշրջանում՝ «տրանսպորտային հաղորդակցության հսկողություն»: Ինչպես հասկանում եք՝ պաշտպանելն ու հսկողություն իրականացնելը լրիվ տարբեր բաներ են: Հսկողությունը, եթե դա իրոք միջանցք չէ, պետք է իրականացնեն ՀՀ ծառայությունները, այլ ոչ թե օտարերկրացիները:   
Ավելացնենք նաեւ, որ չի բացառվում, որ 2025 թվականին ռուսաստանյան զինվորականները ստիպված կլինեն հեռանալ Լաչինից, բայց ո՛չ Մեղրիի ենթաշրջանից: Մեր տարակուսանքը հայտարարություն կոչվող այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտել էինք 2021 թվականի հունիսի 10-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ինչո՞ւ ենք շտապում, Բաքուն ոչինչ չստորագրեց, սպասեց 26 տարի, մինչեւ եկավ նրա ժամը» հոդվածում:

Գրիգոր Էմին-Տերյան