Այ ուսապարկեր, Արցախի դրոշից ինչո՞ւ եք խրտնում

Այ ուսապարկեր, Արցախի դրոշից ինչո՞ւ եք խրտնում

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց հակաժողովրդական մի որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ Քաղպայմանագիր խմբակցության ձեռքով, մերժեց նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը, որով կարող էր մի փոքր բարելավվել սոցիալապես անապահով մարդկանց վիճակը։ 

Ապա ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտեցավ ամբիոնին, դրեց Արցախի դրոշն ու ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ բոյկոտում են նիստը եւ մեկնում են Արցախ՝ Արցախի ժողովրիդ կողքին լինելու, նրան պաշտպանելու։ Թվում է՝ բոյկոտը քաղաքական ակցիա է, ընդդիմության իրավունքն է, առավել եւս այդ դահլիճում մնալն է անիմաստ, քանի որ ընդդիմության ոչ մի առաջարկ չի ընդունվում եւ մեծամասնությունն ինչ ուզում՝ անում է։ Բայց բոյկոտի մասին լսելով ՔՊ-ականներն ուղղակի կատաղեցին եւ սկսեցին մեկը մեկի ետեւից դատապաևտել ընդդիմությանը։ Ամբիոնին մոտեցավ Վաղարշակ Հակոբյանը։ Հասկանալի է, որ տանը պատրաստված ելույթ էր, որի ամենամեծ ասելիքը երեւի այն պետք է լիներ, որ Երեւանում հանրահավաք եք անում, Արցախի թեման եք շահարկում, եթե ուզում եք Արցախը պաշտպանել՝ գնացեք Արցախ։

Բայց մարդիկ արդեն հայտարարել էին, որ գնում են Արցախ եւ բանախոսը հավանաբար տեղում վերակառուցեց ելույթը ու մի քանի րպեանոց խոսքում ուղղակի խղղվեց։ Նախ ասաց, որ «մարդիկ մինչեւ այժմ չեն հասկացել, որ Արցախի դրոշը կախելով նրանք Արցախը չեն պաշտպանում․․․Երեւանի կենտրոնում պաթոսախեղդ ելույթներով Արցախը թուրքից չեք պաշտպանում»։

Հետո հիշեց, որ միայն Երեւանի կենտրոնում չեն հանրահավաք անում, հենց նոր հայտարարել են, որ մեկնում են Արցախ եւ որոշեց դրան էլ գնահատական տալ, թե ասում եք՝ գնում ենք Արցախը պաշտպանելու, «Ես ուզում եմ պնդել հակառակը՝ նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի քաղաքացիներին եւ Հայաստանի քաղաքացիներին»։ Այսինքն՝ պատգամավորների՝ Արցախ մեկնելն արդեն ներկայացնում են որպես Հայաստանը վտանգող քայլ։ Ինչպես ասում են, հասել ենք՝ իջեք․․․Ո՞վ կսպասեր, որ ոչ միայն իրենք չեն գնա Արցախ, այլ ուրիշների գնալն էլ այդպես կգնահատեն։

Հետո Հակոբյանը մի քանի անգամ բախտախնդիր բառը կրկնեց ու անցան իրենց սիրած երգին՝ թալանի թեմային, որը փչացած ձայնասկավառակի նման պտտում են արդեն չորս տարի՝ առանց թալանի մասին հանրությանն ապացույցներ ներկայացնելու։ Հաջորդ ուսապարկը ամբիոնից հերոսաբար հեռացրեց Արցախի դրոշը։