Ընդդիմության հերթական սխալը

Ընդդիմության հերթական սխալը

Ապրիլի 5-ին ընդդիմության հանրահավաքին, որտեղ հիմնականում դրված էր մի հարց՝ Հայաստանի եւ Արցախի ներկա իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, բավականին մարդ էր հավաքվել՝ հրապարակը համարյա լցված էր: Մարդաշատությունը թերեւս պայմանավորված էր օրակարգային հարցերի կարեւորությամբ: Չեմ փորձի գնահատականներ հնչեցնել հանրահավաքում բարձրացված հարցերի առաջնայնության եւ դրանց վերլուծության վերաբերյալ, քանզի ասվեց այն, ինչ ասվեց: Կարծում եմ, հանրահավաքն ընդդիմության կարծիքով անցավ նորմալ, սակայն ավարտն ու շարունակությունն էին ժողովրդի համար անորոշ: 

Երկու տարբերակ է հնարավոր. մեկ, որ ընդդիմությունը, հավանաբար, հետագայի համար մշակված ծրագիր չուներ, եւ երկրորդ. այնպիսի ծրագիր է մշակել, որը նախապես չարժեր հանրայնացնել՝ այն կհանրայնացնեն հաջորդ հանրահավաքի ժամանակ՝ փորձելով անակնկալի բերել իշխանությանը: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է, քանի որ հանրահավաքի հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված էր Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներից կախված էլ ընդդիմությունը կձեւավորի իր հետագա ռազմավարությունն ու մարտավարությունը, ինչպես նաեւ հաջորդ հանրահավաքի օրակարգը:

Ըստ իս, ընդդիմությունը սխալվեց՝ հաջորդ հանդիպման վերաբերյալ ոչինչ չտեղեկացնելով եւ, ամենակարեւորը՝ հաշվի չառավ այն ոգեւորիչ հանգամանքը, որ նախորդ հանրահավաքից այսքան երկար ժամանակ անց այսչափ ժողովուրդ էր մասնակցում, եւ արժեր հանրահավաքը հայտարարել չընդհատվող ու շարունակել այնքան ժամանակ, մինչեւ լուծվեին (կամ համոզվեին, որ չի լուծվելու) իրենց կողմից առաջարկված հարցերը, ծրագիրը: Այդ քայլը ճիշտ կլիներ նաեւ նրանով, որ ճիշտ շարունակության դեպքում ժողովուրդը նախ կհամոզվեր դրա լրջության մեջ, ինչպես նաեւ տնից հետեւող մարդիկ էլ դուրս կգային մասնակցելու շարունակվող հանրահավաքին։ Եվ ձնագնդի էֆեկտով ժողովրդի թիվն աստիճանաբար կմեծանար, ու ինչ-որ պահից դրա դեմն առնելը դժվար կլիներ, եւ ընդդիմությունը գուցեեւ հասներ իր երազած հաղթանակին: 

Եթե այս հանրահավաքային պայքարն էլ պարտվի, ապա մոտ ապագայում հանրահավաքային պայքարով անհնար կլինի ընդդիմության հաղթանակը, իսկ իշխանության գործը խաղաղության դարաշրջանի հարցում էլ ավելի կհեշտանա, ու նա մեկընդմիշտ օրակարգից դուրս կբերի Արցախի հարցը, իսկ Հայաստանը վերջնարդյունքում կմնա բզկտված վիճակում, եւ արտագաղթի հերթական ալիքը կսկսվի: Իհարկե, Հայաստանի համար սա ամենավատ սցենարը չէ՝ այն իմաստով, որ կարող է տեղի ունենալ վատթարագույնը. հնարավոր է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը փորձի հարձակվել ու գրավել ողջ Հայաստանը, քանզի դրանից ավելի հարմար առիթ հազիվ թե ունենա, եւ իսպառ վերացնի Հայաստան պետությունն ու հրաշքով ձեռք բերված հայոց պետականությունը, որի հետեւանքով սփյուռքն ավելի կընդլայնվի: Ինչպես ասում են՝ չկա խնդիր, չկան անելիքներ:
Ահա թե ինչով է հղի Հայաստանի եւ Արցախի այսօրվա իրավիճակի ապագան։                

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ