Պեմզաշենի սպանությունից անցել է 8 ամիս․ նախաքննությունը ձգձգում են

Պեմզաշենի սպանությունից անցել է 8 ամիս․ նախաքննությունը ձգձգում են

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը։

Հարցին, թե 8 ամիս է՝ ինչ նախաքննություն է, արդյոք չի՞ նկատում, որ այն ձգձգվում է, փաստաբանը պատասխանեց․ «Նկատում եմ, եթե անկեղծ»։

Իսկ թե ինչո՞վ է  դա պայմանավորում վարույթն իրականացնող մարմինը, ասաց․ «Փորձագետի եզրակացություններին են սպասում»։

Գալիկյանը չպատասխանեց գործով մեղադրյալի ցուցմունքի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին շատ նյութեր հասանելի չեն։

Նշենք, որ այս գործով կալանքի տակ են Արկադի եւ Վրույր Բարսեղյանները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։