Ինչպես է ձեւավորվել մանկական գրականությունը Խորհրդային Միությունում
Մաքսիմ Գորկին, չնայած անուրանալի ավանդ է ունեցել խորհրդային մանկական գրականության ստեղծման մեջ, սակայն խորապես համոզված է եղել, որ խորհրդային մանկագրության, կամ մանկական գրականության հիմնադիրը Սամուիլ Մարշակն է։ Վերջինս, շարունակել է գրական ընթացքն այն կետից, որտեղ կանգ է առել Գորկին։ Բացի գրելուց, նա նաեւ խմբագրել է, սովորեցրել նրանց, ովքեր հայտնվել էին մանկական գրականության անդաստաններում։ Մարշակը, սակայն ոչ միայն հայտնի մանկագիր էր, այլ նաեւ սատիրիկ, պոետ եւ թարգմանիչ, զբաղվում էր նաեւ անգլիական պոեզիայի թարգմանություններով։ 10 տարեկանից է սկսել բանաստեղծություններ գրել, ներկայացվել է Լեւ Տոլստոյին որպես «վունդերկինդ», սակայն լինելով հրեա, չի կարողացել համալսարանական կրթություն ստանալ Ռուսաստանում։ 1912 թվականին սկսել է ուսումնառությունը Լոնդոնի համալսարանում, որտեղ էլ ծանոթացել է անգլիական ժողովրդական մանկական պոեզիայի հետ, ինչը խորապես ազդել է նրա հետագա գրական-ստեղծագործական ուղու վրա։
1924 թվականին սկսել է աշխատել որպես խորհրդական՝ «Պետհրատի» Լենինգրադի մասնաճյուղին կից ստեղծված մանկական գրականության խմբագրությունում։ Այստեղ էլ նա հավաքել է մի խումբ մանկագիրների եւ սկսել է հրատարակել մանկական գրական առաջին պարբերականները՝ «Ճնճղուկը» (1923–1924), «Նոր Ռոբինզոնը» (1924–1925), «ЕЖ» («Ամսօրյա պարբերական», 1928–1935), «ЧИЖ» (համավումը բառացի թարգմանությամբ՝ «Չափազանց հետաքրքրաշարժ պարբերական» 1930–1941)։
Այս հանդեսները խմբագրելուց զատ, նա նաեւ մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ներգրավի մանկական գրականության մեջ տաղանդավոր գրողների, մանկավարժների, նկարիչների, որոնք 1920-30-ական թվականներին ձեւավորում են գրական լաբորատորիա, որը հրատարակում էր նորարար հեղինակների գործեր՝ զարգացնելով հանրահայտ ժանրերը եւ անդրադառնալով ժամանակակից թեմաների։
Մարշակը կարողացել է համախմբել, միավորել ստեղծագործող տաղանդավոր մարդկանց եւ նրանց ջանքերն ուղղորդել ի շահ երեխաների, ինչը հանգեցրեց նրան, որ խորհրդային մանկագրության մեջ հայտնվեցին բազմաթիվ տաղանդավոր դեմքեր, ի դեմս Դանիիլ Խարմսի, Ալեքսանդր Վեդենսկու, Եվգենի Շվարցի։
Գրականագետները կարծում են, որ այդ ժամանակներում շատերը մանկական գրականությունը դիտարկում էին որպես ապաստան, որտեղ կարող են հանգրվանել՝ գրաքննության տեսադաշտում չհայտնվելու համար, եւ ինչ որ ազատության չափաբաժին ունենալ ու ինքնարտահայտվել։
Սա խորհրդային իրականության համար, իհարկե, կարող է ճշմարիտ լինել, հատկապես եթե ժամանակաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնենք, սակայն հիշենք, որ մանկական գրականության ասպարեզում լուրջ գրողները սկսել են ներգրավվել դեռ 19-րդ դարի սկզբից։ Եւ բացի այդ էլ մանկական գրականությունը խորհրդային մամլիչից երբեք չի խուսափել եւ այստեղ էլ գրաքննությունը, եթե ինչ որ բան «բացահայտել է», ապա հեղինակը ենթարկվել է հալածանքների։ Եւ այնուամենայնիվ, խորհրդային պետության գոյության առաջին շրջանից ի վեր գրականության այս ժանրը «խոպան» չի մնում եւ աստիճանաբար այնպիսի տաղանդավոր դեմքեր են այս տարածքն զբաղեցնում, ինչպիսիք են՝ Յուրի Օլեշան, Յուրի Տինյանովը, Վլադիմիր Մայակովսկին, Կոնստանտին Ֆեդինը, Արկադի Գայդարը, Վալենտին Կատաեւը, Միխայիլ Զոշչենկոն եւ այլք, ովքեր գրում էին բավական հետաքրքիր երբեմն էլ՝ պահանջվող գաղափարական շրջագծից դուրս եղած գործեր՝ հանուն երեխաների։
Նյութի աղբյուրը՝ forbes-ի ռուսական խմբագրություն
Արամ Յանին
Կարծիքներ