Հայրենիքի դավաճան են․ ո՞ւմ նկատի ունի թուրք նախարարը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հայրենիքի դավաճան կհամարի բոլոր նրանց, ովքեր երկրում ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու քաղաքականություն են վարում։
Նախարարի հերթական հակաամերիկյան հայտարարությունը մեջբերել է թուրքական T24 պարբերականը։
«Ուզում եմ ընդգծել, որ այսուհետ յուրաքանչյուր ոք, ով հակված է դեպի պրոամերիկան քաղաքականությունը, լինի կուսակցություն, թե անհատ, այս երկրում կհայտարարվի հայրենիքի դավաճան։
Թուրքիան հասել է այնպիսի կարմիր գծերի, որ այս ընտրությունների բոլոր կողմերը հայտնի են։ Ակնհայտ է, թե ինչ է ուզում անել Ամերիկան Թուրքիայում»,- ասել է Սոյլուն։
Ավելի վաղ, թուրք պաշտոնյան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի ընտրական գործընթացին միջամտելու մեջ։
Սոյլուի խոսքով՝ Թուրքիայի դեմ բոլոր գործողությունների հետեւում անձամբ կանգնած է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նման տեսակետ հնչեցրել է նաև երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին նախանշված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպայքարի ընդդիմության թեկնածու, պրոամերիկյան դիրքորոշմամբ հայտնի Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։
Կարծիքներ