Մոսկվան չափել է՝ Փաշինյանը 30 տոկոս ունի, այսինքն՝ Հայաստանի հիմնական մասը նրան չի աջակցում

Մոսկվան չափել է՝ Փաշինյանը 30 տոկոս ունի, այսինքն՝ Հայաստանի հիմնական մասը նրան չի աջակցում

Կրեմլի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը: Կրեմլի լրատվական ծառայությունը հաղորդում է նաեւ, որ Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի զարգացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրման հեռանկարները: Տեղեկատվությունը ժլատ է եւ գրեթե ոչինչ չասող։  

Այնուամենայնիվ, ի՞նչ օրակարգ է լինելու ապրիլի 7-ին․ հարցն ուղղեցինք ռուսաստանցի վերլուծաբաններին։ Ստանիսլավ Տարասովն իրեն ուղղված հարցի համատեքստում խոսեց նախ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին՝ պարզ ասելով․ «Փաշինյանը, ինչպես հայտնի է, գնում է ընտրությունների։ Այս համատեքստում Պուտինի հետ հանդիպումն ամրապնդում է Փաշինյանի դիրքերը։ Երկրորդ պահն այն է, որ մենք չգիտենք՝ ինչպես է գործում ընդդիմությունը։ Փաշինյանի, նրա արտգործնախարարի հայտարարություններից տպավորություն է, որ նրանք մոտ են 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին։ Ոչ մի ինքնագործունեություն չեն ծավալում, եւ այդ առումով Մոսկվան որեւէ խնդիր չունի՝ Փաշինյանին հանձնելու։ Բաքուն էլ․․․ թեեւ հայհոյում են Փաշինյանին, բայց պաշտպանում են նրան, քանի որ դեռեւս չեն տեսնում ուժեր, որ կարող են իրենց հետ աշխատել։

Հիմա ամեն մի ուժ ընկալվում է որպես ռեւանշիստական, որ եթե Փաշինյանը հեռանա, կգան նորերն ու կպատերազմեն։ Թեպետ, իմ կարծիքով, Երեւանն ու Ստեփանակերտը հիմա նման ռեսուրսներ չունեն։ Գուցե նման հնարավորություններ Հայաստանն ունենա 20 տարի անց։ Եվ, հետեւաբար, Մոսկվան առաջնորդվում է ռեալ-պոլիտիկի օրենքներով»։ Տարասովը նույնիսկ մի գաղտնիք բացահայտեց՝ Մոսկվան Երեւանում ինչ-որ չափումներ է անում, եւ, ըստ նրա, Փաշինյանը մինչեւ 30 տոկոս ձայն ունի։ Ասաց, որ սա էլ լավ չէ՝ 30 տոկոս, այսինքն՝ Հայաստանի հիմնական մասը նրան չի աջակցում։ Նշանակում է՝ երկփեղկված հասարակություն եւ  շարունակական անկայուն իրավիճակ։ Եվ ասվածի համատեքստում Տարասովի հարցը՝ կկարողանա՞ ընդդիմությունը դուրս գալ կոնստրուկտիվ հուն, հնարավո՞ր է արդյոք կոալիցիոն կառավարություն։

Ըստ նրա՝ մոսկովյան ապրիլյոթյան հանդիպմանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ առջեւում ընտրություններ են։ «Ընտրություններից հետո միանգամայն հնարավոր է ինչ-որ բազային փաստաթղթերի ստորագրում։ Եվ Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանն ու Հայաստանը կփորձեն ինչ-որ պայմաններ քննարկել, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվում Արցախի խնդիրներով։ Եվ Մոսկվան միակն է, որ ակտիվագույն կերպով առաջին դեմքի մակարդակով այս հարցի լուծմամբ է զբաղվում»,- ասաց Տարասովը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն ինքն էլ պատերազմի շեմին է։ Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը «Россия 24»-ի եթերում հայտարարել է, որ Դոնբասում զինված հակամարտությունը կանգնեցնելու ոչ մի շանս չի մնացել, եւ կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի լայնամասշտաբ հարձակում։ Նրա խոսքով՝ ներկա պահին Կիեւն ունի հարձակման համար բոլոր հնարավորությունները։ 

Նմա՞ն է արդյոք Արցախին Դոնբասի հիմնախնդիրը, նույն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, նույն՝ տարածքային ամբողջականությունը, բայց ՌԴ-ն, ի տարբեություն Արցախի, չի ասում՝ «դե յուրե», «տարածքային ամբողջականություն» եւ այլն։ Ստանիսլավ Տարասովն ասաց․ «Նման են, բայց բացարձակ տարբեր են։ Բանն այն է, որ Արցախի հիմնախնդրի ելքը լուծվեց միջազգային հանրության լուռ համաձայնությամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակցությամբ։ Այստեղ բոլորովին այլ է վիճակը, քանի որ պարզ չէ, թե միջազգային դիտորդներն ինչ դիրքորոշում ունեն։ Ինչպես հայտնի է՝ գործում է Նորմանդական քառյակը, ավելի ճիշտ՝ եռյակը, որովհետեւ Զելենսկին ներառված չէ»։ Ռուսական լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ հաղորդել են, որ Ուկրաինան փորձարկում է «Բայրաքթարները», ռուսական կողմին չի՞ մտահոգում իրենց գործընկեր Թուրքիայի կողմից Ուկրաինային «Բայրաքթարները» վաճառելու փաստը։ Ի պատասխան՝ Տարասովն ասաց, որ դրանք մտահոգության առարկա դարձան արցախյան ճակատի համար, իսկ «մեզ համար ճանճեր են, որոնք ճայթուկով կարող ենք ոչնչացնել»։ Տարասովն ավելացրեց․ «Հայաստանն ունեցել է զենք՝ «Բայրաքթարները» չեզոքացնելու համար, բայց դուք չեք կիրառել։ Երբ վերջին օրերին «Բայրաքթարները» Շուշիի մոտ էին, օգտագործվեց «Կրասուխա», որը մի համազարկով 20 «Բայրաքթար» ուղարկեց գրողի ծոցը։ Սա այն սպառազինությունը չէ, որն անգամ պարզունակ անհանգստություն առաջացնի ռուսական կողմի մոտ»։ Ռուս փորձագետը նաեւ ասաց՝ թուրքերը փող են աշխատում ուկրաինացիների վրա, թող աշխատեն։

Ռուսաստանցի վերլուծաբան եւ հրապարակախոս Վադիմ Դուբնովն էլ հանդիպման հետ կապված կրկնեց այն, ինչ հայտնի է պաշտոնական լրահոսից՝ «տարածաշրջանի ապաշրջափակում եւ դրանից բխող հարցեր, գերիներ», որը, ռուս վերլուծաբանի խոսքով՝ անպայման կփորձի օրակարգ մտցնել Փաշինյանը։ Հիշեցնենք, որ գերեվարվածների ու անհետ կորածների 3 հազար 500 հարազատներ օրերս հերթական նամակն էին գրել «ռուսաց թագավորին»՝ խնդրելով հետամուտ լինել նրանց հայրենիք վերադարձնելու հարցին։ Վադիմ Դուբնովն ասում է, որ նման նամակներն էական դեր չեն ունենում։ «Փաշինյանը կփորձի այդ հարցը բարձրացնել, Պուտինը կփորձի օգտագործել Բաքվի հետ իր շփումներում»,- ասաց Դուբնովը։