Տարբեր դատավորներ տարբեր մոտեցում են դրսեւորում՝ մեկն արդեն կարճել է վարույթը, մյուսը՝ ոչ

Տարբեր դատավորներ տարբեր մոտեցում են դրսեւորում՝ մեկն արդեն կարճել է վարույթը, մյուսը՝ ոչ

Մոտ մեկ տարի առաջ ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել, որտեղ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրել է «զիբիլի վեդրոյի վրայի կատու և քաջ Նազար»: Այս գրառումից հետո օգտատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի մասով, այն է՝ պաշտոնատար անձի նկատմամբ վիրավորանք և զրպարտանք: Այժմ այդ հոդվածը հանված է օրենսգրքից։ Սակայն արդեն մի քանի հարյուր գործ քննվել է եւ դրանց մի մասն էլ մտել են դատարան։

«Այս քրեական գործը Քննչականում ծանր հանցագործությունների բաժնում է նախապատրաստվել: Այնուհետև ինձանից ստորագրություն են վերցրել, որ չլքեմ երկիրը: Այս խնդրի պատճառով չեմ կարողացել դուրս գալ երկրից և զբաղվել իմ առողջական խնդիրներով: Մեկ անգամ դատ է նշանակվել և դատավորը հետաձգել է դատը, քանի որ չեմ տրամադրել փաստաբան, և ժամանակ եմ խնդրել»,- այս մասին «Հրապարակին» ասաց Մանուել Մանուկյանը: Իսկ նմանատիպ այլ գրառումներ ունեցե՞լ եք, օգտատերն ասաց․ «Այո, այլ գրառումներ էլ եմ ունեցել, սակայն դրանց մասով գործերը հենց ոստիկանությունում էլ կարճվել են և դրանց ընթացք չի տրվել՝ հիմքերի բացակայության պատճառով»: Մանուկյանը գտնում է, որ այս ամենը կոնկրետ քաղաքական հետապնդում է և ընդգծում է, որ մի կողմից էլ մարդու ազատ խոսքի վրա ազդելու, ճնշելու մեթոդ էին մտածել, որը շատ կոշտ ու կոպիտ հակաժողովրդական քայլ է: 

Վերջինիս խոսքով արևմտյան ուժերը հասկացան, որ այսպիսով պատռվում է կոնկրետ «կեղծ» ժողովրդավարության դիմակը և հենց իրենք էլ ստիպեցին, որ այդ հոդվածը նորից հանվի, քանի որ իրենց իսկ նշած կետերի, օրենքների համաձայն սարսափելի մեծ, կոպիտ խախտում է: Ու եթե հետագայում Արևմուտքը լռեր այդ կոշտ խախտումների վրա, ապա՝ միջազգային հարթակներում շատ լուրջ ձևով իրենց հակառակորդները կարող էին օգտագործել իրենց դեմ: 

«Ի դեպ ես ինքս եմ պատրաստվում ապագայում դիմել միջազգային դատարան: Հավաքագրելու եմ բոլոր իմ նկատմամբ հարուցված քրեական գործերով հոդվածները և հնարավորության դեպքում եվրոպական ամենաբարձր ամբիոններից ամբողջ աշխարհի առաջ ներկայացնելու եմ, թե ոնց է այս ժամանակահատվածում կոնկրետ Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այդպիսի բռնապետական գործողություններ արել, և այդ ֆոնին՝ կոնկրետ ԱՄՆ դեսպանատունն իր ներկայացուցչով, ինչպես նաև Եվրամիության դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել են, որ ժողովրդավար է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, ով ստանձնել է Մանուկյանի պաշտպանությունը և հուլիսի 26-ին ներկա է գտնվելու Մանուկյանի դատին, ասաց. «Այս հոդվածի կապակցությամբ մեր դատական համակարգում տարբեր մոտեցումներ են տարբեր դատավորներ դրսևորել: Ես, քանի որ բավական ակտիվ անդրադառնում եմ այդ թեմային, կարող է նաև նկատած լինեք, որ կոնկրետ նշել եմ մեկ դատավորի՝ Վահագն Մելիքյանի անուն, ով՝ ամենաարմատական մոտեցումն է ցուցաբերել, և հուլիսի 1-ի դրությամբ բոլոր իր վարույթում գտնված գործերը կարճել է, հետապնդումները դադարեցրել, խափանման միջոցները վերացրել: Սա դրական առումով ծայրահեղ մոտեցում է: Այլ մոտեցում է այն, որ դատավորներ կան, որոնք ոչինչ չեն փոխել իրենց գրաֆիկում: Կան դատավորներ, որ դատավարության օրերը պահել են և որևէ բան չեն փոխել, սակայն վերացրել են խափանման միջոցները: Այսինքն՝ տարբեր մոտեցումներ կան, և ես կարծում եմ առավել ճիշտ մոտեցումը՝ առանց  դատական նիստի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնելն է: Բայց կան դատավորներ, որոնք այլ մոտեցումներ են դրսևորել: Այս պահին չեմ ուզում որևէ գնահատական տալ Մանուկյանի գործին, քանի որ չգիտեմ ոչ մի մանրամասն այս գործով: Ամեն դեպքում,  կարծում եմ՝ առավելագույն 15-20 րոպեանոց նիստ է լինելու։ Վերջին շրջանի պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ անգամ դատախազության  ներկայացուցիչները չեն էլ ներկայանում նիստին, գրավոր ներկայացնում են իրենց մոտեցումն այն մասին, որ իրենք համաձայն են վարույթի կարճմանը։ Քանի որ նախորդ դատական նիստին Մանուել Մանուկյանը ժամանակ էր խնդրել՝ պաշտպան ներգրավելու համար, ես կարծում եմ ինքը հարգանքով մոտենալով իր խոսքին, և իր խոսքից չշեղվելու համար նաև պաշտպանի ներգրավման գործընթաց իրականացրեց: Ամեն դեպքում, եթե անգամ որևէ պաշտպան չներգրավվեր այս վարույթին, ապա որևէ էական բան չէր փոխվի վարույթի ընթացքի, տևողության և ավարտի, եղանակի մեջ»:

Մեր այն հարցին, թե քանի նման գործ ունի փաստաբանն իր վարույթում, ասաց. «Մեծ մասն արդեն կարճված է, կարծեմ մնացել է 5-6 նմանատիպ գործ, որոնք դեռ կարճված չեն։ Գործեր կան,  որոնք երեկ ստացանք՝ առանց նիստի դատավորը կարճել է, մեր միջնորդության հիման վրա, այսինքն՝ հնարավոր է, որ այդ իմ վկայակոչած գործերից մի մասը արդեն նույնպես  կարճված են, բայց դեռ մենք չենք բացել փաթեթը»: