Հոգնել ենք պոպուլիզմից

Հոգնել ենք պոպուլիզմից

Մի քանի օր է՝ հայ հասարակությունը հետեւում է խորհրդարանի աշխատանքներին՝ ինչպես ուշագրավ սերիալի կհետեւեն։ Միանգամայն հասկանալի է այդ ուշադրությունը՝ նոր խորհրդարան, նոր քաղաքական դաշտ, նոր սպասելիքներ քաղաքական ուժերից։

Ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիներին պատած հիասթափությունն ու էյֆորիան որոշակիորեն նահանջել են, եւ մարդիկ ուզում են հասկանալ, թե վերջապես ինչպիսի խորհրդարան ձեւավորեցինք մենք։ Ինչ-որ փոփոխություններ կրե՞լ է քաղաքական մթնոլորտը, թե՞ մենք շարունակում ենք ապրել 2018 թվականին ձեւավորված իշխանությունների, նրանց առաջ քաշած խնդիրների ու տխուր հեռանկարի պայմաններում։ Ուզում են հասկանալ՝ այս խորհրդարանն ինչ-որ բանով տարբերվելո՞ւ է նախորդ՝ ուսապարկերի խորհրդարանից, եւ որեւէ շանս կա՞, որ այն քաղաքական մարմին կդառնա եւ մեր երկրի համար ճակատագրական խնդիրների լուծմանը կմասնակցի։

Մարդկանց ինչ-որ հատվածի մոտ մեծ սպասելիքներ ու հույսեր կան, որ նոր ընդդիմությունը կկարողանա ինչ-որ բան փոխել՝ գոնե օրենսդիր մարմնի մակարդակում, սակայն մի հսկա հատված էլ ոչ մի հույս չի փայփայում եւ բացառում է որեւէ դրական փոփոխության հեռանկար։ Ի դեպ, 2 կողմն էլ հավասարապես օբյեկտիվ են եւ ճշմարտությանը մոտ։

Այս առումով ԱԺ նորընտիր երեսփոխանների առաջ բարդ խնդիր է դրված՝ չհիասթափեցնել առաջին խմբին եւ զարմացնել՝ երկրորդին։ Ցույց տալ, որ իրենք ավելիին են ընդունակ, քան կանխատեսում են հոռետեսները։ Այդ առումով նկատելի է նաեւ այն ջանքը, որը գործադրում են ընդդիմության ներկայացուցիչները՝ իրար հերթ չտալով եւ երբեմն՝ էմոցիոնալ, երբեմն՝ միտինգային ելույթներ ունենալով։ Հասկանալի է՝ բոլորը շտապում են ինքնահաստատվել եւ ինքնադրսեւորվել։ Բայց շտապել պետք չէ՝ հոգնել ենք պոպուլիզմից ու փիառից։