Ֆանտազիա եմ ասել, է

Ֆանտազիա եմ ասել, է

Շատ խելացի ձեւ են գտել ՔՊ-ականներն` իրենց խանգարողներին ասպարեզից հեռացնելու համար: Ո՞նց Հանրապետականները չէին ֆայմում նման մեթոդներ բանեցնել. հակառակորդդ ընտրություններում հաղթե՞լ է` բռնում ես ու անորոշ ժամանակով բանտ նստեցնում: Մարդ կա՞, որին չի կարելի մի որեւէ մեղադրանքով նստեցնել: Հեչ որ չէ` հարեւանը դիմում կտա, կասի` ինձ սպառնացել է, որ գնամ իրեն ընտրեմ, ոնց որ անում են այս օրերին Բերդում` մեկը մյուսի հետեւից կալանավորելով Բերդի հարգված քաղաքապետ Հարություն Մանուչարյանի ցուցակի ավագանու անդամներին:

Ճիշտ է` բերդից Բերդում հաղթած Մանուչարյանին ընտրություններից առաջ էին բռնել, բայց այ Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց անմիջապես հետո բռնեցին ու չթողեցին, որ ավագանու նիստ կայանա եւ Ասլանյանը համայնքապետ ընտրվի: Արանքում էլ մի Էդմոն Մարուքյան կհայտնվի, որ ինչ որ աննշան պաշտոնի դիմաց ծառայություն կմատուցի իշխանություններին` կդիմի դատարան, որ ավագանու նիստերը կասեցնեն: Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է` մի ՔՊ-ական, կամ մի կրիմինալ էլ կգտնվի ու ընտրովի պաշտոնում նշանակում կանեն:

Միջազգայիններն ու ժողովրդավարության «ջատագով» ՀԿ-ներն էլ կլռեն այն մասին, թե ինչպես են ընտրությունները Հայաստանում ոչնչացվում եւ ինչպես են ՔՊ-ացվում ՏԻՄ-երը, որովհետեւ նրանք էլ այս իշխանություններից ստանալիքներ ունեն: 

Մյուս ձեւն էլ վատը չէ` ընդդիմության ակտիվիստներին ներքաշում ես մի քաքշուկի մեջ, մի ձեւ գտնում` բանտարկում: Իսկ եթե այդ ակտիվիստները նաեւ, ասենք, բուհի ուսանողներ են, հետագայում բացակայությունների հիմքով հեռացնում ես բուհից եւ պատժում` ի ցույց բոլոր պայքարել պատրաստվողների: Օրինակն աչքի առաջ է` Գեղամ Մանուկյանի որդուն` բանտում գտնվող Տարոն Մանուկյանին ԵՊՀ ռեկտորը հեռացրել է բուհից` բացակայությունների հիմքով:

Իհարկե, կարող էր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի կոշտ լինել. Ասենք` ակտիվիստների ցուցակները տար բուհի պահպանության ծառայությանը եւ ասեր, որ այս ցուցակներով ստուգեք համալսարան եկողներին ու մի թողեք ներս մտնեն: Իսկ կիսամյակի վերջում հաշվեր բացակաների քանակն ու հեռացներ բուհից, ասենք, բոլոր դաշնակցականներին, ընդդիմության հանրահավաքներին մասնակցած բոլորին: Մեծ հաշվով տարբերություն չկա, մարդուն ֆիզիկապես` անվտանգության աշխատողների միջոցով չես թողել բուհ մտնի, թե՞ քննչական մարմիններիդ միջոցով բերդում պահել ես, բացակաները շատացել են ու դուրս ես թողել:

Այս իշխանությունների ֆանտազիան` հակառակորդներին չեզոքացնելու ուղղությամբ, անսպառ է եւ կարող է ամենազարմանալի դրսեւորումներն ունենալ: Սպասենք` տեսնենք առաջիկայում էլ ինչերի են սրանք ունակ: