Թավշյա հեղափոխություն. Հայոց պատմության նոր սկիզբ

Թավշյա հեղափոխություն. Հայոց պատմության նոր սկիզբ

Թեպետ քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս 2018-ի օգոստոսին հապճեպ հրատարակեց «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը (ինչն այդպես էլ օգտակար չեղավ նրա պաշտոնեական թռիչքի համար), այդուհանդերձ, պահանջվում է ծանրակշիռ գիտական աշխատություն, որով կներկայացվեն հեղափոխության «նվաճումները»…

Քանի դեռ անհնարինը հնարավոր է, թվում է, թե մեր պատմաբանները կարող են այսպիսի աշխատություն ծնել, որը կմթագնի ոսկեդարի գրող-պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ հայոց իրական պատմությունը սկիզբ է առնում 2018-ից:

Դարակազմիկ այդ իրադարձությանը, ֆենոմենին նվիրված «աշխատության» բաժիններից առաջինը կարող է լինել. «Ութ ծաղկով գարուն» (ցանկալի կլիներ անվանել «Հրաշալի յոթնյակը», բայց նույնիսկ Էյնշտեյնի հարաբերականության տեսության միջոցով դժվար կլինի դա հիմնավորել. նկարում 8-ն են): Այս բաժնի համար տեղին է բերված լուսանկարը: Ընդ որում, առանձին ենթաբաժին կարելի է նվիրել դեռևս չնույնականացված (մարդիկ տարբեր, անհասկանալի անուններ են հնչեցնում… ) այս անձնավորության ձեռնափայտի ծագմանը. ի՞նչ տեսակի ծառից է (ծառի տեղորոշումը, լավ կլինի նաև լուսանկարը տեղադրվի), արդյոք դա աճու՞մ է այլ բնակլիմայական գոտիներում, թե՞ հազվագյուտ է, զուտ հայկական, ինչպիսի խնամք է պահանջում և այլն:
Գրքի բաժիններից մեկը կարող է կոչվել «Բաումանյան ընթերցումներ», որտեղ կներկայացվեն Հովիկ Աղազարյանի մարգարեությունները, թևավոր խոսքերը:

Մնացածը՝ պատմաբանների երևակայության հարց է…

Գագիկ Վարդանյան