Չինաստանի կոշտ պատասխանը՝ ՆԱՏՕ-ին

Չինաստանի կոշտ պատասխանը՝ ՆԱՏՕ-ին

Պեկինը պատասխանել է ՆԱՏՕ-ի մեղադրանքներին, թե Չինաստանը մարտահրավեր է նետում Դաշինքի շահերին և անվտանգությանը, և ընդգծել, որ դեմ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու՝ ռազմական դաշինքի փորձերին: 

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով չինական առաքելության խոսքերին։
Եվրոպայում չինական առաքելությունը հայտարարել է, որ Պեկինի հետ կապված կոմյունիկեի բովանդակությունը անտեսում է հիմնական փաստերը, խեղաթյուրում է Չինաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը և միտումնավոր վարկաբեկում է Չինաստանը։ 

«Մենք կտրականապես դեմ ենք և մերժում ենք այդ։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը և կտրականապես կհակազդի ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընդլայնմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՉԺՀ ներկայացուցիչը հավելել է, որ ՆԱՏՕ-ն միջամտում է արտատարածքային գործերին և ստեղծում առճակատում՝ կոչ անելով դաշինքին «լսել խաղաղության, զարգացման և համագործակցության միջազգային հանրության արդար կոչը» և կառուցողական դեր խաղալ աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովում լրագրողներին ասել է, որ թեև Չինաստանը ՆԱՏՕ-ի «մրցակիցը» չէ, նրա «պարտադրողական վարքագիծը» գնալով մարտահրավեր է նետում միջազգային կարգի վրա հիմնված կանոններին: 

«Չինաստանն ավելի ու ավելի է վիճարկում կանոնների վրա հիմնված միջազգային կարգը՝ հրաժարվելով դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, սպառնալով Թայվանին և ձեռնարկելով մեծ ռազմական հզորացում»,- ասել է նա։