Ես գնումների պլանը չեմ փոխել, հյուրանոցներում ոչ մեկին չեմ սպասել

Ես գնումների պլանը չեմ փոխել, հյուրանոցներում ոչ մեկին չեմ սպասել
Դավիթ Գալստյան (Պատրոն Դավիթ), David Galstyan (Patron Davit)

Հարցազրույց «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանի հետ (Պատրոն Դավիթ

- Դեռ մայիսին Միքայել Մինասյանը Ձեզ մեղադրեց զենքի գնումներում արտոնություններ ունենալու եւ երրորդ երկրի զենք վաճառելու մեջ, որի ընթացքում իշխանությունը կլորիկ գումար է գրպանել: Դուք չարձագանքեցիք այդ մեղադրանքներին: Իսկ վերջերս Ձեզ նոր մեղադրանքներ ուղղվեցին՝ փաստաթղթեր հրապարակվեցին, որոնց համաձայն՝ բյուջեի միջոցներով թուրքերին զենք եք վաճառել եւ այլն:

- Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորություն ընձեռելու համար: Ի սկզբանե տեղեկացնեմ, որ պահելու եմ գաղտնիության սկզբունքը՝ հաշվի առնելով ոլորտի կոնֆիդենցիալության հանգամանքը: Այո՛, չեմ արձագանքել ժամանակին, քանի որ, նախ՝ ինձ այդ հարցով ոչ մեկը չի դիմել, ես էլ անհրաժեշտ չեմ համարել արձագանքել ստահոդ լուրերին, եւ երկրորդը՝ ես հանրային դեմք չեմ, երբեք չեմ զբաղվել, հետագայում նույնպես չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Ինձ համար այդ հերյուրանքները քաղաքական շահարկումներ են՝ սեփական օրակարգն առաջ մղելու նկրտումով:
Ես իմ գործունեությունը սկսել եմ շատ վաղուց, համագործակցել եմ Հայաստանի երրորդ հանրապետության գրեթե բոլոր պաշտպանության նախարարների հետ՝ 2000-2007 թթ․ նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Դավիթ Տոնոյանի, իսկ այժմ էլ՝ Վաղարշակ Հարությունյանի հետ: Ինձ համար միշտ առաջնայինը եղել է՝ սեփական ներդրումն ունենալ բանակաշինության գործում, եւ ես երբեք դա չեմ պայմանավորել իշխանության ղեկին կանգնած անձանցով:
Ինչ վերաբերում է զենք ներկրելու մենաշնորհին, տեղեկացնում եմ՝ ե՛ւ անցյալում, ե՛ւ ներկայումս ցանկացած ձեռներեց, ով ունի համապատասխան թույլտվություն զենքի առեւտրով զբաղվելու, զբաղվել է եւ զբաղվում է: Ասեմ ավելին․ մարդիկ ներկրել են եւ շարունակում են առանց խոչընդոտների ներկրել զինատեսակներ: Այլ հարց է, թե ով է հաջողել այդ գործում: Մենք նույնպես ունեցել ենք անհաջողություններ, ունեցել ենք նաեւ բազում հաջողություններ, ինչը պայմանավորված է 24-ժամյա աշխատանքով:
Ոչ ոքի չեմ խոչընդոտել որեւէ բան նախաձեռնելիս, քանի որ ես չեմ որոշողը, թե ով ինչով զբաղվի: Եթե որեւէ մեկը ցանկանում է զբաղվել փամփուշտների արտադրությամբ, զբաղվում է դրանով: Դիմում են բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ստանում համապատասխան կարգավորումներ: Գոյություն ունեն ընթացակարգեր. մենք դիմել ենք ՊՆ, որը տվյալ դեպքում սպառողն է, եւ ստացել ենք պատասխան: Մեզ ասել են, որ ռիսկերը մերն են, հստակ նշել են, որ երբ կլինի արտադրությունը, կուսումնասիրվեն արտադրանքի որակը, գինը, եւ եթե համապատասխանեն ՊՆ պահանջներին, կարող ենք դիմել համագործակցության առաջարկով: Եթե ես գործում եմ բոլոր ընթացակարգերին եւ պայմաններին համապատասխան, ապա ինձ ոչ ոք չի կարող արգելել դա անել:
Իսկ այն սուտ լուրը, թե իբրեւ մենք թուրքերին զենք ենք վաճառել, ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա: Թուրքիային ոչինչ չի վաճառվել մեր կազմակերպության կողմից։ 2018 թվականի սկզբին Mosston-ի ղազախական գրասենյակ թուրքական կազմակերպության կողմից հարցում է ուղարկվել, որը մերժվել է։ Հավաստիացնում եմ՝ որեւէ գործարք չի կնքվել, լիցենզիա չի տրվել եւ ապրանք չի մատակարարվել Թուրքիա։ Եթե չեմ սխալվում, լրատվականներից մեկը հարցում էր ուղարկել Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարություն, որը համակարգում է պաշտպանական համագործակցությունը եւ ներգրավված է պաշտպանական գործարքներում։ Փոխնախարար Թալգատ Ժանժումենովը մեկնաբանել էր, որ «Կազտեխնոլոգի» բաժնետիրական ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը Mosston-ի զենքի եւ զինամթերքի վաճառք չի իրականացվել։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ լուրերը կեղծ են:

- Պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մենք զենք-զինամթերքի դեֆիցիտ ունենք, մեր զենքը ժամանակակից չէ, չենք կարողանում դիմակայել 5-րդ սերնդի պատերազմում: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր մեր զենքը, արդյո՞ք պարտության պատճառը դա է, եթե այո, ապա Ձեր մեղքը տեսնո՞ւմ եք դրանում:

- Հիմա բոլորը կարծես թե զենքի մասնագետներ լինեն, ռազմագետներ եւ խոսում են առանց հստակ տեղեկատվություն ունենալու: Կան զինատեսակներ, որ ունեցել ենք եւ որոնք չունենք: Մեր կողմից ուսումնասիրվել են բոլոր տեսակի զինատեսակները, այդ թվում՝ նաեւ 5-րդ սերնդի պատերազմի զինատեսակները՝ անօդաչու թռչող սարքերը: Այդպիսի տարածված տեսակետ կա, թե անհրաժեշտ էր գնել չինական արտադրության «բայրաքթարները»․ տեղեկացնեմ, որ դրանց օգտագործումը տեխնիկական եւ գոյություն չունեցող արբանյակային ուղեկցման պատճառով անհնարին էր: Բացի այդ, կուզենայի տեսնել նշված երկրից հարձակողական բնույթի ԱԹՍ-ի արտահանման թույլտվություն ներկայացնող մեծախոսներին:
Յուրաքանչյուր ապրանքի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունն ուսումնասիրվում եւ քննվում են Գլխավոր շտաբում: ԳՇ-ն դիմում է ՊՆ՝ տվյալ ապրանքատեսակի համար պայմանագիր կնքելու եւ վերջնական օգտագործողի հավաստագիր ստանալու: Հավաստագիրը վավերացվում է արտգործնախարարությունում: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թարգմանվում են մատակարարող երկրի պաշտոնական լեզվով եւ հաստատվում նոտարի կնիքով: Ապա այդ փաստաթղթերը հանձնվում են մատակարարող երկրի համապատասխան կազմակերպությանը կամ գերատեսչությանը, որը զբաղվում է մատակարարման լիցենզավորմամբ: Օրինակ, էկոնոմիկայի նախարարությանը, որն ուղարկում է այդ փաստաթղթերը բոլոր շահագրգիռ կողմերին․ խոսքն ԱԱԾ-ի, հատուկ ծառայությունների, Ոստիկանության, ԱԳՆ-ի մասին է: Նրանց հետ համաձայնեցումից հետո տրվում է արտահանման արտոնություն: Այս երկար ընթացակարգից հետո ՊՆ մասնագետները տեխնիկական ընդունումն են կազմակերպում: ԱԳՆ-ի միջոցով հարցումներ են ուղարկվում բոլոր այն երկրներին, որոնց օդային տարածքով ինքնաթիռը պետք է անցնի, եւ միայն համաձայնություն ստանալուց հետո ինքնաթիռն օդ է բարձրանում: Ապրանքը մատակարարելուց հետո ստեղծվում է հանձնաժողով, որը 7-10 հոգուց է բաղկացած լինում, որի կազմում են նաեւ մատակարարողի ներկայացուցիչը, եւ յուրաքանչյուր խմբաքանակի արտադրանք անցնում է եռափուլ փորձարկում, ինչը ենթադրում է որակի ստուգում գործարանում, քանակական ստուգում պահեստում եւ դաշտային փորձարկում։ Հետո ստորագրման ակտ է կնքվում, եւ ապրանքը մուտք է արվում պահեստ՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի ստորագրությունից հետո: Այսպես երկար ներկայացրի, որ բացատրեի՝ բոլոր մատակարարվող զինատեսակները ստուգվում, փորձարկվում են եւ միայն դրանից հետո մուտք են արվում պահեստ:

- Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը մեղադրում էր, որ ինչ-որ մարդիկ գնումների պլանն են փոխել՝ հակաօդային զենքի փոխարեն հրթիռ չունեցող Սու-30-ներ են ձեռք բերել: Դուք մասնակցե՞լ եք այդ պլանի փոփոխությանը, եւ երբ ասում էր՝ աշխարհի ամեն կետում՝ հյուրանոցում ինձ էին սպասում այդ անօգուտ զենք վաճառողները, Ձեր մասի՞ն էր խոսքը:

- Գլխավոր շտաբն է լիազորված՝ փոխելու գնումների պլանը, չեմ տիրապետում համապատասխան տեղեկատվության եւ կոմպետենտ չեմ դրան պատասխանելու: Ով է սպասել, ինչ է սպասել հյուրանոցներում՝ չեմ կարող ասել: Որքանով տեղյակ եմ՝ Սու-30-ների հետ կապված, ՊՆ-ն պայմանագիր է կնքել արտադրող գործարանի հետ: Ես որեւէ առնչություն չեմ ունեցել: Միջազգային զենքի առեւտրով զբաղվողները շատ լավ են գիտակցում, որ տրվում է վերջնական օգտագործման սերտիֆիկատ: Այսինքն՝ պետությունը որոշակի պարտավորություն է ստանձնում, եւ տվյալ դեպքում զինատեսակը նախատեսված է ՀՀ ՊՆ կարիքները բավարարելու համար, ով հանդիսանում է վերոնշյալ արտադրանքի վերջնական օգտագործողը եւ պարտավորվում է օգտագործել այն միայն ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մենք պարտավորվում ենք չկրկնօրինակել, չմոդիֆիկացնել, չվերաարտահանել կամ չփոխանցել երրորդ երկրներին՝ առանց Ռուսաստանի Դաշնության գրավոր համաձայնության: Ըստ իս, Մովսես Հակոբյանը չի տիրապետում իրավիճակին, քանի որ Սու-30-ները չէին կարող հայտնվել Լեռնային Ղարաբաղում: Կան նաեւ բազում այլ խնդիրներ, որոնք հանրայնացնել հնարավոր չէ:

- Չե՞ք կարծում, որ տեխնոլոգիական առաջընթացի դարում «կալաշնիկով» ավտոմատի արտադրությունը հին մտածողություն է եւ ռեսուրսների ավելորդ վատնում: Մանավանդ, որ ասում են՝ այս պատերազմի ժամանակ դրանք հաճախ չէին կրակում: Կալաշնիկովի գործարանի սեփականատերը Դուք եք, Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ:

- Ձեր հարցը հաստատումն է այն բանի, որ զենքի մասնագետ չեք: Կյանքը ցույց է տալիս, որ «կալաշնիկովը» եղել է, կա եւ կմնա ամենաարդյունավետ եւ ամենադիմացկուն զենքը՝ որպես հրաձիգ: Անկեղծ ասած, ՊՆ-ից կամ Գենշտաբից որեւէ բողոք չենք ստացել զենքի չկրակելու հետ կապված: Գուցե այդ լուրը տարածողներն ընդամենը կրակել չեն իմացել: «Կալաշնիկովն» անցել է բոլոր փորձարկումները ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Հայաստանում: «Կալաշնիկովի» անհրաժեշտությունը կապ չունի այլ գերժամանակակից զենքերի հետ:

- Խոսվում էր, որ Դուք պատրաստվում եք Հայաստանում փամփուշտի արտադրության գործարան բացել, ի՞նչ եղավ այդ նախագիծը:

- Փամփուշտների արտադրութ-յունն իրականացվել է 1990-ականներին եւ գտնվել է շատ ծանր եւ արտադրության համար ոչ պիտանի վիճակում, սակայն 2007-ին ընկերության մասնավորեցումից հետո գործարանի աշխատանքները Երեւանում կազմակերպել հնարավոր չի եղել, քանի որ գոյություն ունեն միջազգային չափանիշներ, որոնք պետք է պահվեն՝ անվտանգության պահպանման նկատառումներով: Ըստ շինարարական չափանիշների եւ կանոնների, գոյություն ունեն տարածքների կատեգորիաներ, նաեւ հաշվի առնելով օգտագործվող վառոդի օրական չափաքանակը, որն անհրաժեշտ է փամփուշտների արտադրության համար, պահեստային տարածքներում դրա քանակը չպետք է գերազանցի 2.5 տոննան։ Ուստի ե՛ւ պահեստային, ե՛ւ արտադրական տարածքների միջեւ հեռավորությունը պետք է լինի 50-200 մետր։ Բնակելի տարածքներից, հիմնական մայրուղիներից եւ էլեկտրահաղորդման գծերից հեռավորությունը պետք է կազմի 350-500 մետր։ Արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ են նաեւ պահեստային տարածքներ, մեխանիկական եւ գործիքային արտադրամասեր, վերահսկման եւ փորձարկման կայաններ եւ այլն։ Այս ամբողջը հնարավոր չէր իրականացնել մայրաքաղաքում, հետեւաբար՝ անհրաժեշտություն է առաջացել այն կազմակերպել այլ վայրում: Ընտրվել է Արագածոտնի մարզի Բագավան գյուղը: Ներկայումս գործընթացը շարունակության փուլում է: Մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք իրականացրել ենք եւ առաջիկայում էլ նախատեսում ենք: Օրինակ՝ մոտ օրերս Բաղրամյան զորավարժարանում կբացվի դիպուկահարների համար նախատեսված նոր հրաձգային համալիր՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով եւ ուսուցման ծրագրով: Շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի ներդրումն ամբողջությամբ իրականացվել է մեր կազմակերպության միջոցներով: