9,2 միլիարդ՝ նոր ավտոբուսների համար. ինչո՞ւ չեն շահագործվում դրանք

9,2 միլիարդ՝ նոր ավտոբուսների համար. ինչո՞ւ չեն շահագործվում դրանք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկում հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի բարեփոխման վերջարդյունքում Երեւանում 850 նոր ավտոբուսներ կշահագործվեն։ Վերջերս ուրախ֊ուրախ քաղաքապետարանը հայտարարեց, որ ավտոբուսների մի մասը եկել է` հրապարակելով դրանց լուսանկարները.

Օր օրի ավելի է վատանում, արդեն իսկ երեւանցիների գլխին պատուհաս դարձած երթուղայինների վիճակը, բայց այդ ամենին զուգահեռ նոր ավտոբուսները շահագործման չեն հանձնվում։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` ի վերջո նոր ավտոբուսներին ե՞րբ ենք տեսնելու Երեւանի փողոցներում, պատասխանեցին. «Ընդունում-հանձնում է իրականացվում, այսինքն՝ ամեն ավտոբուսը պետք է ուսումնասիրվի` համապատասխանում է արդյոք տեխբնութագրին, հետո պետք է գրանցվեն և փաստաթղթային որոշ այլ ընթացակարգեր։ Դեռ ամբողջ խմբաքանակը չենք ստացել։ Մինչև հոկտեմբերի վերջ պետք է որ բոլոր 211 ավտոբուսները ժամանեն։

Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն»։

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ տարում շահագործվեն, փոխանցեցին. «Քանի բոլորը չենք ստացել ավելի կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Որոշ բաներ դեռ մեզանից կախված չեն»։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ հավանաբար նոր ավտոբուսները նոյեմբերին կսպասարկեն քաղաքացիներին։

Հարցին, թե 211 ավտոբուսի գնման համար որքա՞ն է վճարելու քաղաքային իշխանությունը, պատասխանեց` 9,2 միլիարդ դրամ։

Իսկ թե ո՞նց են տեղաբաշխելու, ասաց. «Ըստ համայնքների չեն նայելու, պետք է «բաց գծերում՝ դնեն» ։

Նշենք, որ Մարությանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում: