Անընդունելի ենք համարում Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանությունները․ հայտարարություն

Անընդունելի ենք համարում Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանությունները․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բացարձակապես անընդունելի է համարում վերջին շրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանություններ:

Մասնավորապես դա վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ի ելույթի կապակցությամբ 2023 թվականի մայիսի 30-ի ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «համաներման» ողջունմանը:

Ստիպված ենք ԱՄՆ պետքարտուղար Ա. Բլինքենին հիշեցնել, որ Արցախի մեր 120 000 հայրենակիցները ներկայումս ցեղասպանական էթնիկ զտման վտանգի եւ պատանդառման պայմաններում են գտվում, իսկ համաձայն ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձի, ԱՄՆ վերահաստատել է իր հանձնառությունը կանխարգելելու հայկական ցեղասպանության երբեւէ կրկնելու որեւէ փորձ:

Սա ենթադրում է ոչ թե ռասիստական ելույթներով և սեփական քաղաքացիների մարդկային իրավունքների զանգվածային խախտումներով հայտնի եւ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունեցող բռնապետական ռեժիմի սպառնալիքներով փաթեթավորված «համաներման» ողջունում, այլ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմա-քաղաքական միջամտություն՝ ի դեմս միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման: