Տիկին Աննան նորից ռազմական գործողություններին իր սեփական՝ պաշտոնականից տարբերվող գնահատականն է տալիս

Տիկին Աննան նորից ռազմական գործողություններին իր սեփական՝ պաշտոնականից տարբերվող գնահատականն է տալիս

Կրկին այս լարված իրավիճակում ասպարեզ իջավ վարչապետի տիկինը եւ իր «ծանրակշիռ» խոսքն ուղղեց ադրբեջանցի կանանց ու մայրերին։ Վարչապետական ընտանիքի երկրպագուները հիմա նորից կընդվզեն, թե՝ լավ է անում, թող խոսի եւ այլն։ Թող խոսի՝ բան չունենք ասելու, եթե իրեն զսպել չի կարողանում՝ թողխոսի։ Բայց պարտադիր պետք է ամեն անգամ մի սխալ բան ասի՞։ Եթե չի կարողանում անսխալ, առանց մեր ազգի նուրբ լարերին դիպչելու, առանց պետական արտաքին քաղաքականության դեմ գնալու խոսել՝ թող լռի։ 

Ահա՝ այս անգամ էլ է կոչ արել «խաղաղասիրական դիրքերից»՝ որպես «կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ (թեպետ՝ ոչ մի կերպ չի հասկացվում ինչու պետք է վարչապետի տիկինը զբաղվի պատերազմի ու խաղաղության հարցերով, միջամտի բանակցային գործընթացին, Մեհրիբանին հյուր հրավիրի կամ ադրբեջանցի կանանց կոչով դիմի)։ Ի՞նչ է ասում տիկին Աննան։ Նա իր կոչը վերնագրել է «Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ»։

Եւ մինչ մեր ամբողջ քարոզչական մեքենան ներկայացնում է, որ հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը, որ նրանք են ներխուժել մեր տարածք եւ երեկվանից կրակում են մեր դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը եւ մյուսները կապվում են իրենց պաշտոնակիցների հետ ու բացատրում են իրողությունը, դիմում են ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, որ մեր հարեւան ագրեսորին կարգի հրավիրեն, տիկին Աննան այլ կարծիք ունի կատարվածի մասին։ Նա իր կոչը սկսում է այսպես․ «Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր»: Հասկանո՞ւմ եք՝ «մարտեր են սկսվել», ոչ թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, այլ երկուստեք կրակում են միմյանց վրա։ 

Մենք՝ լրատվամիջոցներս, այս ընթացքում տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում, բայց ձեռնպահ ենք մնում հրապարակելուց, որ պաշտոնական քարոզչության դեմ որեւէ բան չգրենք, որ հակառակորդը չօգտվի մեր հրապարակումներից եւ միջազգային հանրությանը չասի․ տեսեք՝ հայերն իրենք են ասում, որ ագրեսիա չկա, փոխհրաձգություն է պատերազմող կողմերի միջեւ եւ առաջինն էլ իրենք են սկսել։ Իսկ վարչապետի տիկինը խմբագրում է պաշտոնական դիրքորոշումը։