Ermenihaber.am-ի խմբագիրը փակագծեր է բացում

Ermenihaber.am-ի խմբագիրը փակագծեր է բացում

Հայ հասարակությունը նախօրեին կրկին Էրդողանից տեղակացավ, որ Ալիևը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ Հռոմում ընթացող G20-ի գագաթնաժողովից վերադարձող Էրդողանը ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնին հայտնել է, թե Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում և որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։ Եվ ներկայացրել է, որ Ալիևը խոսակցությունն է ունեցել Փաշինյանի հետ`տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու թեմայի շուրջ։

Հետաքրքրական է, որ այս զրույցի մասին հայ հանրությանը տեղեկանում է ermenihaber.am կայքից, որը հիմնականում թուրքալեզու լսարանի համար նախատեսված կայք է։ Այն, ինչպես վկայում են դրա ստեղծմանը մասնակցություն ունեցած անձինք, ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որպեսզի մեզ համար շահեկան տեղեկատվությունն ու մեսիջները փոխանցվեն նաեւ թուրքական լսարանին ու թուրքական իշխանություններին: Կայքի խմբագիրն այն ժամանակ ՀՀ նախագահի նստավայրին կից գործող, իսկ հիմա` Վարչապետի աշխատակազմին առընթեր Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի աշխատակից, թուրքագետ Մխիթար Նազարյանն է: 

Եվ հարց է առաջանում, թե ինչու է Ալիեւ-Փաշինյանի գաղտնի հեռախոսազրույցի թեման կառավարության ՊՈԱԿ-ը դնում շրջանառության մեջ: Սա մտածված արտահոսք է` իշխանությունների կողմից կազմակերպվո՞ղ, թե՞ իշխանական քարոզչամեքենայի հերթական կիքսն է` փնթիության եւ անկառավարելիության ապացույց: Չէ որ միայն այն փաստը, որ մենք հերթական շփման մասին իմանում ենք ոչ թե ասենք, վարչապետից կամ նրա խոսնակից, կամ գոնե «Արմենպրեսից» ու Հ1-ի լուրերից, այլ Էրդողանից եւ արտերկրի լրատվամիոցներից, արդեն իսկ սկանդալ է: Կնշանակի` գործող իշխանությունը շարունակում է փակ դռների հետեւում, առանց հանրությանը տեղեկացնելու, սեպարատ բանակցությունները թշնամու հետ եւ մենք հերթական անակնկալ «փաստաթուղթն» ենք ստանալու, քանի որ «ինչ -որ պետք է՝ այն էլ բանակցվում է»: Գուցե այս ինֆորմացիան գցում են դաշտ՝ տրամադրություններ շոշափելու նպատակով։ 

Այս հարցադրումներն ուղղեցինք ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանին։ Վերջինս ասաց․ «Ես հանդես եմ գալիս որպես ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր ու խնդրին նայում եմ բացառապես մասնագիտական տիրույթում։ Մեր հրապարակման նյութը Էրդողանին հղումով է։ Այսինքն՝ դա մեզ համար դեռևս արժանահավատ չէ, մենք լրատվություն ներկայացնելու մեր պարտքն ենք կատարում։ Պիտի սպասենք դեպքերի զարգացմանը․ կլինի պաշտոնապես  հաստատում, թե ոչ, նոր կկարողանանք էդ մասին զրուցել, բայց էս  պահին միայն որպես թուրքագետ կարող եմ այդ հարցին անդրադառնալ։ Այն էլ հղումով Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը։  Որն էլ մեջբերել է Էրդողանի այդ հայտարարությունը» ։

Թեմային թեթեւակի անդրադարձել է նաեւ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ «Ազատության» հետ զրույցում կարճ մեկնաբանելով, թե տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է պետական ՊՈԱԿ-ին ենթակա լրատվամիջոցը հաղորդում, իսկ իշխանությունը` լռում։ Մխիթար Նազարյանը կրկնեց ․ «Քանի որ նախագծի հեղինակը ես եմ, կայքի ստեղծման գաղափարը, ելնելով այն ժամանակ եղած լրատվադաշտի այն իրավիճակից, որ Թուրքիայի մասին  ինֆորմացիան ստանում էր միջնորդավորված, լիներ ադրբեջանական ռուսալեզու կայքերից, թե` հենց ռուսական, չկար ուղիղ աղբյուրից փոխանցում, բուն թուրքական հրապարակային աղբյուրներից։ Գաղափարը ես այդ նախագծի մեջ ներդրել եմ զուտ մասնագիտորեն։ Այսինքն՝ այն պետական կարիքներ ու պաշտոնական, պետական մեսիջներ սպասարկելու համար չի ստեղծել։ Բնականաբար, որպես թուրքագետներին տրամադրվող հարթակ պետության կողմից, շատ լավ է եղել, որ խրախուսվել ու ֆինանսավորվել է, բայց չի ծառայել այն նպատակին, ինչ Դուք եք ասում։ Եվ հենց սկզբից էլ խնդիրը դրված էր, որ լինի զուտ մասնագիտական հարթակ։

Ըստ որում,  նաև թուրքական դաշտից ներգրավումով՝ մտավորականների, որոնք կլինեն այլախոհ կամ նույնիսկ մեր դեմ։ Բայց որպեսզի լինի բաց երկխոսություն՝ կողմ և դեմ»,-ասաց կայքի խմբագիրը՝ առաջարկելով իրենց նայել որպես մանագիտական հարթակի։ Նաև ասաց, որ նշած գործառույթներն իրենց վերագրել պետք չէ, քանի որ ավելի ուղիղ և՛ մեսիջներով, և՛ գործառույթներով զբաղվում են ՀՀ արտգործնախարարության համապատասխան օղակները, այն ամենով` «ինչը պետությունը կարող է պատվիրել»։

Հետաքրքրվեցինք` համագործակցու՞մ են արտգործնախարարության հետ՝ մեսիջների մասով։ Թեթև հապաղումից հետո Մխիթար Նազարյանն ասաց՝ չէ, ապա ավելացրեց․  «Ինտենսիվ՝ չէ։  Էս պահին չեմ կարող ասել, որ ինտենսիվ համագործակցություն կա, բայց շփումներ կան, հատկապես Ապրիլի 24-ի նախօրեին և հաջորդող շրջանում։ Բայց ընդհանուր առմամբ համագործակցություն չունենք և դրա կարիքն էլ չկա։  Որովհետև եթե մեզ բան է պետք  լինում, իրենց ենք դիմում, իրենց է բան պետք լինում՝ մեզ են դիմում»։ Իսկ Մանե Գևորգյանի հե՞տ համագործակցություն.«Ոչ: Աշխատանքային շփում է, մասնագիտական տիրույթում չկա»,-ասաց խմբագիրը։