Իրանի ու ՌԴ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Իրանի ու ՌԴ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը մերժել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը իրանական Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների վերաբերյալ և ասել, որ այդ երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին։

Երկուշաբթի օրը Մոսկվայում կայացել է ռազմավարական երկխոսության հանդիպում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայությամբ։

Այս հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. Այս հայտարարության մի հատվածում հերթական անգամ հնչել են իրանական երեք կղզիների վերաբերյալ կրկնվող պնդումները։

Iran press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ նման հայտարարություններ անելը հակասում է Իրանի և նրա հարևանների բարեկամական հարաբերություններին։

Քանանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը համարում է տարածաշրջանի երկրների հավաքական պատասխանատվությունը՝ ընդգծելով բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականության շարունակությունը։

Հավելենք, որ Մոսկովյան հայտարարության առթիվ Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ։ Հանդիպմանը մասնակցած Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, ԱԳ նախարարության Պարսից ծոցի վարչության պետ Ալիռեզա Էնայատի Աբումուսան ընդգծել է, որ Մեծ և Փոքր Թոնբ կղզիները հավերժ պատկանում են Իրանին և կոչ է արել Ռուսաստանին ուղղել իր դիրքորոշում այս հարցում։

Դեդովն ընդգծել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և Մոսկվային հնարավորինս շուտ կտեղեկացնի իրավիճակի մասին։