Քննչական կոմիտեն գրոհում է՝ Նիկոլ Փաշինյանը մոռացել է 2008 եւ 2018 թվականների իրադարձությունները

Քննչական կոմիտեն գրոհում է՝ Նիկոլ Փաշինյանը մոռացել է 2008 եւ 2018 թվականների իրադարձությունները

Մի քանի օր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է իր թիմակիցներին, որոնք այս շարժումից անհանգիստ են։ Ասել է, որ շուտով սկսելու են քրեական գործեր հարուցվել, ցուցարարներին ու նրանց ղեկավարներին կալանավորել եւ ամեն ինչ կհանգստանա ու կմարի՝ մի քանի օր դիմացեք։ Եւ իսկապես՝ արդեն մի քանի օր է ՀՀ Քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գործի է անցել․ գործեր են հարուցում, մեղադրանքներ են առաջադրում, բերման են ենթարկում ցուցարարներին։ Ծրագիրը պրիմիտիվ է՝ վախեցնել, քաշքշել, որ շարժումը մարի։ Քրեական գործերը հարուցում են խուլիգանության, ոստիկանների օրինական պահանջները չկատարելու եւ ծանր վիրավորանքի հոդվածներով։ Վերջին հոդվածը, հիշեցնենք, այս իշխանությունների ժողովրդավար լինելու ամենաակնառու դրսեւորումն էր՝ նրանք օրենսգրքում նման հոդված մտցրեցին՝ չլսելով անգամ եւրոպական կառույցների առարկությունները, որը դեմ է վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելուն։

Այժմ տեսնենք, թե ինչ գործեր է հարուցել Արգիշտի Քյարամյանը։ Մի քրեական գործ հարուցվել է «մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի» առիթով։ Ինչ միջադեպ է՝ պարզվում է․ ժամը 10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը՝ «ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ», սակայն երթի մասնակիցը «բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է Ոստիկանության ծառայողի դեմքին»: Հիմա միջոցներ են ձեռնարկում այդ ծանր հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։

Հաջորդ դեպքը Քննչական կոմիտեն վերնագրել է․ «մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպք»՝ «քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին՝ մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ»: Ցավոք սրտի բռնությունը նկարագրված չէ, բայց անձը, որին խուլիգանության՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք են առաջադրել, կալանավորված է: Միջոցառումներ են ձեռնարկում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Բնականաբար, քրեական գործ է հարուցվել դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ, իսկ բռնությունն արտահայտվել է «վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ», իսկ երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ: Չի ասվում ինչ առարկայով, բայց գիտենք, որ պլաստիկե շիշ է եղել։
Հաջորդ քրեական գործը հարուցվել է ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած «խուլիգանության» կապակցությամբ, որն արտահայտվել է փողոցն աղբամաններով փակելու, «բարձրաձայն վիճաբանելու», միիմյանց քաշքշելու եւ հայհոյանքներ հնչեցնելու տեսքով։ Իսկ մասնակիցներից մեկն ընդհանրապես սպանությանը համազոր արարք է կատարել՝ «ոտքով հարվածել է փողոցով ընթացող ավտոմեքենային»: Միջոցներ են ձեռնարկվել բոլոր հանցագործներին հայտնաբերելու համար։

ՔԿ-ն նաեւ Արմավիրի մարզի երկու բնակչի է ձերբակալել՝ «հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով»։ Հասկանում եք՝ կասկած են ունեցել, բայց առանց խորանալու անմիջապես 2 անձ ձերբակալվել է։  

Մի գործ էլ հարուցել են Չարենցի փողոցում կատարված խուլիգանության
դեպքի առթիվ, որտեղ «քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս»: Ուշադրություն դարձրեք իրավաբան կոչվածների տերմիններին՝ փորձել են։

Մի գործ էլ հարուցվել է Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փորոցի
խաչմերուկում կատարված «խուլիգանության» հետ կապված՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այստեղ էլ են ցուցարարները, «խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք»:

Մի գործ էլ հարուցվել է ոստիկանության ավտոմեքենան վնասելու եւ խուլիգանության հոդվածներով՝ Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկից երկու ցուցարարի բերման ենթարկելու ժամանակ վերջիններս ոստիկանական մեքենայի մեջ «աղմկել են և հայհոյել են, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին»: Այդ անձինք ձերբակալվել են:
Վերջապես մի գործ էլ հարուցվել է ԱԺ ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները ուսապարկերի վրա փակցնելու համար, դա Քննչական կոմիտեն դիտել է որպես «անվայել պահվածք» եւ բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Հիմա ընդամենը առաջարկում ենք այս արարքները համեմատել 2008 եւ 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված դեպքերի ու արարքների հետ՝ այրված մեքենաներ, թալանված խանութներ, զոհեր, փչացված պետական գույք, հայհոյանքներ ու սպառնալիքներ, շանտաժ ու ճնշումներ, դագաղներ ու սեւ պսակներ։ Նաեւ առաջարկում ենք հիշել, որ 2008 թվականի դեպքերի համար դատապարտված Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կողմից ներվել է եւ վաղաժամկետ ազատ արձակվել, իսկ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ եւ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ արդարացվել է։