Որպեսզի այլևս երբեք ոչ մի հայի մտքով չանցնի դավաճանել հայրենիքը

Որպեսզի այլևս երբեք ոչ մի հայի մտքով չանցնի դավաճանել հայրենիքը

Այսօր անցյալի վերածված Հայոց եռատոնի օրն է՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը: Անցյալի վերածված, քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար կոչվող անձը ջարդել է Պաշտպանության բանակի ողնաշարը, իսկ Շուշին նվիրել է թշնամուն: Այն բանակի, որ համարվում էր (և իրականում կար) Այսրկովկասի ամենամարտունակը և ողջ հայության հիացմունքի առարկան: Եվ այն Շուշին, որը 20-րդ դարասկզբին Այսրկովկասի մեր մշակութային կենտրոնն էր, ու մեր երեկվա ինքնության խորհրդանիշը:

Արդեն նախկին Եռատոնի կապակցությամբ ուղերձ են հղել այն անձը, որ կառչած է վարչապետի աթոռից, և նրա գլխավոր (գոնե ձևականորեն) քայլող ուսապարկը: 

«Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը»: Սա վարչապետի աթոռից կառչած անձի շնորհավորանքի խոսքն է, այն անձի, որի համար ժամանակին Շուշին «դժգույն և դժբախտ» քաղաք էր, ու այն ինչպե՞ս կարող էր լինել հայկական, եթե 90 տոկոսանոց ադրբեջանաբնակ էր: Ընթերցողից ներողություն եմ խնդրում վերը նշված անձի ուղերձից ծավալուն մեջբերման համար, սակայն դա անհրաժեշտ էր, որպեսզի ընթերցողը հստակ տեսնի երկերեսանիության դրսևորումը: 

Հաջորդ, սակայն ավելի կարճ մեջբերումը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող, գլխավոր (գոնե ձևականորեն) քայլող ուսապարկի ուղերձից է: «Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը»: Փաստորեն Միրզոյան Արոն Շուշին թշնամուն հանձնելուց հետո հասկացավ, որ այն «պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը»: Բայց երբ այն հենց այդպիսին էր՝ ինքը դա չէր ընկալում, և երբ նրա անմեղսունակ ու դավաճան ղեկավարը վարկաբեկում էր Շուշին, ինքը բերանը ջուր էր առել, նստել տեղը: Կամ գուցե ծափահարել է հոտընկայս, և եթե ոչ իրականում, ապա գոնե մտքում՝ ո՞վ գիտի…

Եվ սրանք համարձակվում են այսօր դրվատանքի խոսքեր ասել Շուշիի առումով, և երկինքը փուլ չի գալիս... Եվ սրանք պատրաստվում են վերարտադրվել, ու դժոխքը չի կլանում սրանց… Բայց ինչ էլ լինի՝ սրանք պետք է դատվեն ու այնպիսի պատիժ կրեն, որպեսզի այլևս երբեք ոչ մի հայի մտքով չանցնի դավաճանել Հայրենիքը: