Հրաժարական տալը արժանապատվություն է․․․

Հրաժարական տալը արժանապատվություն է․․․

Հավանաբար քչերը գիտեն, որ Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարականի դիմումը Երևանում է։  Մինչև 2018 թվականը զարմանալի չէր թվա, որ Հայաստանը հարուստ է նման եզակի արխիվներով։ Այսօր անընդհատ ահազանգեր են հնչում, որ վտանգի տակ են մեր արխիվները, մեր պատմությունը, այդ իսկ առումով մեծ հայրենասիրություն է՝ կարողանալ պահպանել այն, ինչ մեր հարստությունն է։

Նրանք, ովքեր հետաքրքրվում են, կարող են հրաժարականի դիմումի հետ ծանոթանալ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Վասիլ Ղորղանյանի (Բարսեղ Ղորղանյան (1868-1934)) անձնական արխիվում։ Չեմ անդրադառնա այն փաստին, թե ինչպես է Մեծ զորավարի հրաժարականի դիմումը հայտնվել Երևանում, դուք այդ մասին կարող եք ծանոթանալ վիքիպեդիայում և այլ հիշատակումներում,  որովհետև իմ ասելիքի բնույթն այլ է։ Հրաժարական տալն էլ պատվի, արժանապատվության խնդիր է։ Հրաժարական են տալիս այն ղեկավարները, ովքեր սիրում են իրենց երկիրը և գիտեն, որ իրենց հրաժարական չտալը կարող է վտանգել երկիրը, երկրի իմիջը։  

Երբեմն զարմանում ենք, որ եվրոպական երկրի ղեկավարը հրաժարական է տալիս մի այնպիսի «ստից պատճառով» , որը յուրաքանչյուր երեք րոպեն մեկ անում է Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնողը։ Տարակուսում ենք՝ ախր ո՞նց։ Հենց այդպես։ Դա է պատճառը, որ վեց տարվա մեջ մեր երկիրն իմիջային առումով հայտնվել է վերակենդանացման բաժնում։ Բայց նույնիսկ դա չի անհանգստացնում Հայաստանի ղեկավարին, նրա համար կարևորն իր աթոռն է ու փողը և յուրաքանչյուր օր՝ ի կործանումն երկրի հաշվի, երկարաձգում է իր հրաժարականը։ 

Նապոլեոնի հրաժարականը գրված է սպիտակ, դեղնած թղթի վրա, ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ, բաղկացած է վեց տողանոց ֆրանսերեն շարադրանքից․ նախապես գրվել է մատիտով, այնուհետև վրայից՝ բաց երանգի սև թանաքով։ Ահա բովանդակությունը․ «Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որ ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։

Նապոլեոնը հրաժարվեց իր գահից՝ ի բարօրություն Ֆրանսիայի։ Այսօր միսը կերած ոսկորը թողած Հայաստան երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը ապրում է իր ու իր ընտանիքի բարօրության համար։ Ֆրանսիան դա թույլ չի տա, իսկ մենք թույլ ենք տալիս։