Արդյոք Առաքելական եկեղեցին կստեղծի իր կուսակցությունը 

Արդյոք Առաքելական եկեղեցին կստեղծի իր կուսակցությունը 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռում իր աշխատանքներն է սկսել «Գավիթ» հարթակը, որի անդրանիկ նիստին մասնակցել է նաեւ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Հրապարակն» արդեն բավականին անդրադարձել է այդ նորաբաց հարթակին, որի գոյության փաստն արդեն շատ հետաքրքիր է։ Հարթակը, դատելով առկա պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկատվությունից, քննարկելու է ազգային խնդիրներն ու մարտահրավերները, հաշվի առնելով այն շրջադարձային հանգրվանը, որում ներկայումս գտնվում են Հայաստանն ու Արցախը։ Խորհրդանշական է «Գավիթ» անվանումը։ Գավիթը, որքան կարողացանք ճշտել մասնագետներից, եկեղեցու տարածքի այն հատվածն է, որտեղ հավաքվում են հավատացյալները արարողությունների ժամանակ, այսինքն՝ հավատացյալների հավաքատեղին է։ Ինչպես եւ արդեն ասացինք, նման հարթակի գոյությունը Առաքելական եկեղեցում, այժմյան մեր սուպեր-քաղաքականացված ժամանակներում, երբ ամեն ինչ, նույնիսկ ամենափոքր կենցաղային հարցն առնչվում է այսպես թե այնպես քաղաքականությանը, ինքնին հետաքրքիր է, սակայն նոր բան չէ։

Նախքան Հայաստանի խորհրդայնացումը Առաքելական եկեղեցում ագզային խնդիրների քննարկման համար ժամանակակից լեզվով ասած՝ նմանատիպ հարթակների ձեւավորման փորձեր եղել են եւ ունեցել տարբեր ճակատագրեր։ Թե ինչ կլինի այս հարթակի հետ, ինչ ներդրում կունենա այն հայաստանյան մեր այսօրվա հասարակական-քաղաքական իրականության մեջ ցույց կտա ժամանակը։ Սակայն ամենից հետաքրքիրը թերեւս այն է, որ այս հարթակը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այսպես ասած՝ ոչ պաշտոնական կերպով առաջարկեց Առաքելական եկեղեցուն ստեղծել իր քաղաքական կուսակցությունն ու այդ կերպ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Միանշանակ որեւէ բան պնդելը դժվար է, սակայն նաեւ չպետք է բացառել, որ «Գավիթը» որպես նախաձեռնություն, գուցե ապագայում դառնա պայմանականորեն ասած՝ «առաքելադավանների կուսակցության» ստեղծման հանգրվաններից մեկը։ Եթե նույնիսկ Հայաստանում կրոնական էլիտան որոշել է իր կուսակցությունն ունենալ, դա նորմալ է, որքան էլ որ զուտ հայաստանյան մտայնություններով՝ անընկալելի է ու անսովոր,  ինչպես որ նորմալ է թե քրիստոնեական, թե իսլամական աշխարհներում նմանատիպ կուսակցությունների գոյությունը։

Ի վերջո, գուցե եւ հաշվի են առնվել այն հեռանկարները, որոնք սպասվու մեն Հայաստանին, հատկապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, եւ համարել են, որ կա անհրաժեշտություն պաշտոնապես ունենալ ներկայույուն հայաստանյան քաղաքական կյանքում։