ՌԴ-ն կրկին հարվածել է հացահատիկի պահեստներին․ Ուկրաինայի ՊՆ

ՌԴ-ն կրկին հարվածել է հացահատիկի պահեստներին․ Ուկրաինայի ՊՆ

Հուլիսի 21-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսայի մարզի գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի հացահատիկի տերմինալները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը, փոխանցում է «Суспильне» պորտալը։

Նշվում է, որ «Կալիբր» հրթիռները արձակվել են Սև ծովում գտնվող նավից։

Աղբյուրի փոխանցմամբ, Հուլիսի 18-ից Ռուսաստանը հարձակվում է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ դրանք անվանելով «վրեժ» Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին լրացավ հացահատիկի գործարքի ժամկետը, որի շրջանակում, Մոսկվայի, Կիևի, Անկարայի և ՄԱԿ-ի փոխհամաձայնությամբ, առանց խոչընդոտների հացահատիկ էր արտահանվում ուկրաինական սևծովյան նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։

Հուլիսի 17-ին Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ գործարքի շրջանակներում Ռուսաստանի հետ կապված պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել։ 

Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Սև ծովով դեպի Ուկրաինայի նավահանգիստներ գնացող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռնափոխադրողներ։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատասխանել է համարժեք հայտարարությամբ։