Եթե կողմերից մեկը կատարյալ հաղթանակ չտանի, պատերազմը երկար կտևի

Եթե կողմերից մեկը կատարյալ հաղթանակ չտանի, պատերազմը երկար կտևի

2022թ. փետրվարի 24-ին Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական օպերացիա սկսեց, որով փորձում էր դիմակայել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պրոցեսին եւ Ուկրաինայի Դոնբասի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի տարածքները միավորել Ռուսաստանի հետ։ Բայց այդ գործողությունն արագորեն վերաճեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու ՆԱՏՕ-ի միջեւ դաժան հակամարտության։ Չնայած կարճ ժամանակում ռուսական կողմը համարյա գրավեց Դոնբասը, Լուգանսկը, Զապորոժիեն, Խերսոնը՝ հանրաքվեի միջոցով հռչակելով Դոնբասի, Լուգանսկի հանրապետությունների, Զապորոժիեի, Խերսոնի ինքնավար մարզերը՝ Ռուսաստանի կազմում, բայց Ուկրաինան, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ն, եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ն, հայտարարեցին, որ իրենք կկռվեն մինչեւ Ուկրաինայի վերջին զինվորն ու կփորձեն ետ բերել Ղրիմը եւ մյուս տարածքները: 

Սա ընդամենը մի բան էր նշանակում, որ երկու կողմն էլ մարտական ու անզիջում են տրամադրված միմյանց նկատմամբ ու չեն պատրաստվում զիջումների գնալ, ինչը փաստացի հաստատվեց այս պատերազմի 1,5 տարվա ընթացքում: Պատերազմը վաղուց արդեն դե յուր վերածվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լայնամասշտաբ պատերազմի: 

Հետեւելով իրադարձությունների ընթացքին՝ արդեն կարող ենք վստահ պնդել, որ կողմերը պատրաստ չեն միմյանց նկատմամբ թեկուզ փոքրիկ զիջումների գնալ, ավելին՝ պատրաստ են անգամ գնալ միջուկային պատերազմի, քանզի այժմ որոշվում է ոչ միայն այդ պատերազմի ելքը, այլեւ այն, թե դրանից հետո ով է լինելու համաշխարհային հեգեմոնը՝ ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, իսկ գուցե կունենանք բազմաբեւեռ աշխա՞րհ՝ մի շարք մեծ տերությունների մասնակցությամբ: Ասենք՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան՝ իրենց արբանյակներով: Այլ խոսքով, պատերազմը վերածվել է ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության, այլեւ կշեռքի նժարին դրված է աշխարհի նոր վերաբաժանման հարցը։ Եվ գլխավոր հարցն այն է, թե ԱՄՆ-ին կհաջողվի՞ պահպանել իր միանձնյա հեգեմոնի դերը, թե՞ կկորցնի այն՝ աշխարհը վերածելով մի քանի բեւեռների եւ ամբողջությամբ փոխելով աշխարհի բովանդակային քարտեզը: 

Պարզ է, որ այս պայքարը կլինի անզիջում եւ երկարատեւ՝ բազմապիսի լուրջ հարվածներ հասցնելով մի շարք երկրների: Առ այս պահն ընթացող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ հակամարտությունը կանգ կառնի միայն մեկ պարագայում. եթե կողմերից մեկն անվերապահ հաղթանակ տանի, քանզի որեւէ մեկի կիսատ հաղթանակը երաշխիք չի դառնա հակամարտության ավարտի համար։ Նման ելքի դեպքում կողմերից որեւէ մեկը կամ երկուսն էլ չեն բավարարվի ստացածով եւ ինչ-որ ժամանակ հետո կրկին կշարունակեն չավարտված պատերազմը՝ մինչեւ մեկնումեկի կատարյալ հաղթանակը: Իհարկե, տեսականորեն հնարավոր է նաեւ, որ պատերազմը երկար շարունակվի՝ մարդկությունը հարյուրամյա պատերազմների էլ է ականատես եղել։ Ամեն դեպքում, աշխարհը նոր քարտեզի ձեւավորման շեմին է, ու ապագայում մենք գործ կունենանք լիովին նոր աշխարհի հետ։

Եվ որպեսզի աշխարհը եւ մարդկությունն այս ամենի արդյունքում կանգուն մնան, պետք է ամեն ինչ անել առանց միջուկային զենքի օգտագործման, որը հնարավոր է մի դեպքում միայն՝ եթե երկու կողմերը խոհեմ գտնվեն, հրաժարվեն միջուկային զենք կիրառելուց: Կամ էլ կողմերը պետք է խոհեմություն ունենան եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջնական եւ ցանկալի խաղաղություն հաստատելու համար, որովհետեւ պատերազմի հետեւանքներից բոլորն են տուժում, եւ բոլոր երկրների քաղաքացիներն այնքան են հոգնել, որ չի բացառվում՝ առաջիկայում մեծ դժգոհություններ եւ շարժումներ սկսվեն՝ ընդդեմ պատերազմող իշխանությունների։

Բայց կարծում եմ, որ, ամեն դեպքում, երկու ելք կա․ կա՛մ այս պատերազմը կվերաճի միջուկային պատերազմի, եւ աշխարհը կվերանա, կա՛մ մեկնումեկը կհաղթի՝ վերջնականապես ջախջախելով մյուսին։
Եթե ապրենք, կտեսնենք։           

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ