Ռոբեսպիերներ չկան, Հայաստանը Լյուդովիկոսների Ֆրանսիան չէ, բայց պայքարել պետք է

Ռոբեսպիերներ չկան, Հայաստանը Լյուդովիկոսների Ֆրանսիան չէ, բայց պայքարել պետք է

Ամեն ինչ այնքան անիմաստ է թվում՝ ե՛ւ պայքարելը, ե՛ւ խոսելը, ե՛ւ ինչ-որ բան քննարկելն ու առաջարկելը։ Իշխանությունը, իրականում, հասել է իր երազած վիճակին, երբ անգամ հասարակության ակտիվ անդամները հուսահատվում են, ձեռքը թափ տալիս եւ համարում, որ ամեն ինչ անիմաստ է։ Այն մեղադրանքը, որ այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը 2 տարի շարունակ կրկնում են, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մարդիկ կռվողներին հուսահատեցրել են՝ ասելով, թե «ամեն ինչ տված ա, մի կռվեք», իրականում իրենց բնորոշ տեխնոլոգիա է։ Իրենք են 2,5 տարի շարունակ ներշնչում այս հասարակությանը, որ ամեն ինչ ավարտված է, ամեն ինչ տրված է թշնամուն, ամեն ինչ անիմաստ է՝ մենք ոչինչ չենք կարող փոխել, մեզ մնում է միայն հնազանդվելը դաժան ճակատագրին։ Նույնն անում են նաեւ ներքին կյանքում՝ պայքարն անիմաստ է, միեւնույն է՝ ընտրությունների ժամանակ Նիկոլը կրում է, նրան հնարավոր չէ հեռացնել իշխանությունից, ձեզ մնում է միայն հաշտվել նրա գոյության եւ նրա կողմից կայացվող հակապետական որոշումների հետ։

Սրան, իհարկե, նպաստում է նաեւ գործող ընդդիմությունը՝ իր պասիվությամբ, իր սխալ մարտավարությամբ, ճիշտ քայլեր, ճիշտ խոսք հանրությանն ուղղելու անկարողությամբ։ Պատերազմից հետո ծավալված շարժման անհաջողություններն էլ իրենց խիստ բացասական դերն են խաղում․ մարդիկ ասում են՝ 2 տարի պայքարեցիք, ոչնչի չհասաք, քայլեցրեցիք՝ տուն ուղարկեցիք, չկարողացաք ճիշտ լիդերներ առաջ բերել եւ, ամենակարեւորը՝ չկարողացաք համախմբվել ու միասնական պայքարել երկիրը հանձնող ուժի՝ «Քաղպայմանագրի» դեմ։ Եվ մարդիկ հիասթափվեցին ոչ միայն ընդդիմությունից, այլեւ առհասարակ՝ պայքարի գաղափարից։ Մարդիկ կարծեցին, որ խնդիրը ոչ այնքան կոնկրետ ընդդիմության մեջ է, որքան ընդհանրապես ընդդիմադիր կեցվածքի։ Որ պատճառը ոչ թե սխալ մարտավարությունը եւ անհետեւողական պայքարն է, այլ պայքարելն է անիմաստ։

Եվ որքան էլ իշխանություններին մեղադրենք ապաշնորհության մեջ, քանի որ իշխանությունը քաղցր բան է, այն պահպանելու խնդիրն էլ գերխնդիր է, ուստի նրանք շատ լավ հասկացել են, թե որոնք են հանրային գիտակցության վրա ազդելու ձեւերը։ Մի կողմից՝ հիասթափություն տարածել ընդդիմության եւ ընդդիմադիր պայքարի նկատմամբ, մյուս կողմից՝ ներշնչել, որ Նիկոլը միակ ուժն է, որը կանխում է պատերազմը, եւ երրորդ գործոնը՝ համոզել, որ միջազգային հանրությունը պաշտպանում է միայն Նիկոլին, իսկ քանի դեռ դրսի ուժային կենտրոնների աջակցությունն ընդդիմադիր որեւէ լիդեր չի ստացել, նրան հնարավոր չէ հեռացնել իշխանությունից։

Իհարկե, այս նարատիվներին հակափաստարկներ շատ կան, եւ դրանք գուցե ավելի համոզիչ են, քան բուն քարոզչական թեզերը: Օրինակ այն, որ 20 թվից հետո պատերազմը երբեւէ չի դադարել, եւ Նիկոլին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի սիմվոլ կարելի է համարել։ Կամ՝ միջազգային հանրությունը երբեք որեւէ լիդերի չի պաշտպանելու, քանի դեռ նա մեր հասարակության մեջ չունի հենարան, եւ միջազգային հանրությանն էլ շատ քիչ է հետաքրքրում, թե ՀՀ գահին ով կլինի՝ Նիկոլ առաջի՞նը, թե՞ Ալեքսանդր երկրորդը, կարեւորը՝ որ Հայաստանն իրենց ավելորդ հոգս չպատճառի, ոտի տակ չընկնի։

Պարտություն եւ հիասթափություններ շատ ժողովուրդներ են ունեցել, սակայն նրանք իրենց մեջ ուժ են գտել եւ պայքարել են իրենց ապագայի համար։ Ուրիշ բան էլ ասենք՝ ոչ թե ժողովուրդներն են իրենց մեջ ուժ գտել, այլ կոնկրետ անհատները, որոնք չեն վախեցել հզոր կայսրությունների եւ բռնապետների դեմ դուրս գալուց, չեն վախեցել մահից ու աքսորից։ Մի բուռ մարդկանցով, ասենք, ցարի դեմ են դուրս եկել, գիլյոտինի ենթարկվել, ստույգ մահվան գնացել, որովհետեւ գաղափարներին են ծառայել եւ հասկացել են, որ սոսկ ապրելուց` գոյությունը քարշ տալուց ավելի կարեւոր արժեքներ կան՝ հայրենիք, ազատություն, անկախություն, պետականություն, հոգեւոր արժեքներ, որոնց պաշտպանելը հենց մեծ անհատների առաքելությունն է։

Մենք, իհարկե, նման ակնկալիքներ չունենք, որ Հայաստանում այսօր Ջորդանո Բրունոներ, Մարատներ կամ դեկաբրիստներ կարող են հայտնվել։ Բայց Հայաստանն էլ միջնադարյան խավար երկիր, ցարական Ռուսաստան կամ Լյուդովիկոսների ժամանակաշրջանի Ֆրանսիա չէ, որ ցանկացած պայքարը հղի լինի մահապատժով ու ցմահ ազատազրկմամբ։ Եթե այդ խավար դարերում մարդիկ գնացել են ռիսկի, այս լուսավոր դարում պայքարից հրաժարվելն առնվազն վախկոտություն է եւ մորթապաշտություն։