Լաչինի միջանցքի բացման ճիշտ ձեւը գտնված է

Լաչինի միջանցքի բացման ճիշտ ձեւը գտնված է

Հայության, թերեւս նաեւ առաջադեմ մարդկության ուշքն ու միտքը հիմա Լաչինում է, որտեղ ադրբեջանցիները փակել են 5 կմ լայնություն ունեցող միջանցքը: Միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություններ ու մարմիններ որոշումներ են կայացրել դրա անթույլատրելիության մասին, եւ հայերը տարակուսում են, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարն անպատիժ անտեսում դրանք: Ուզում եմ հանգստացնել հայրենակիցներիս՝ այդ որոշումները նման են պատից կախված հրացանների, որոնք անպայման կկրակեն ներկայացման վերջին արարում: Ներկայացման, որը սկսվել է 100 տարի առաջ, եւ որի սցենարը գրել է Ստալինը: Ժողովուրդների այդ գիտակը լավ գիտեր կովկասցիների, հատկապես՝ հայերի ցավոտ կողմերը: Եվ վարպետորեն օգտագործել է դրանք, երբ գծել է կովկասյան ժողովուրդների տարածքների սահմանները:

ՀՀ եւ Արցախի շատ ղեկավարներ ու պատգամավորներ իշխանության են եկել բառացիորեն փողոցից: Պոլիտեխնիկ, գյուղինստիտուտ, լավագույն դեպքում՝ ԵՊՀ հայկական բանասիրական, պատմության, արեւելագիտության ֆակուլտետները՝ ոչ լավագույն գնահատականներով, երբեմն նաեւ ծանոթություններով ու կաշառքներով ավարտած այդ մարդիկ անտեղյակ են եղել իրենց ղեկավարմանը վստահված ոլորտներից: Մասնավորապես՝ միջազգային հարաբերություններից: Իսկ այդ բնագավառի նորաստեղծ ֆակուլտետներում եւ որակավորման բարձրացման կուրսերում հիմնականում դասավանդում են հենց մասնագետներ համարված վերը նշված անձինք: Երեւի դա է պատճառը, որ ՀՀ ղեկավարը, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի ամիս առաջ հույս հայտնեց, որ Լաչինի միջանցքի հարցով հենց Ռուսաստանի Դաշնությունը պետք է դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին:

Ըստ երեւույթին, այդպես էին հուշել նրա խորհրդականները: Եվ Հայաստանը դիմում է շատերին, բացի ՄԱԿ Անվտանգության խորհրդից, որն աշխարհի ամենակարեւոր ու ամենակարող մարմինն է՝ այդպիսի հարցերի կարգավորման գործում:

Որպեսզի ՄԱԿ-ում չկորցնի ձայնի իրավունքը, Հայաստանը, որպես 2023 թվականի անդամավճար, մուծել է 204 հազար 773 դոլար: Շուրջ 30 տարի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը պարտաճանաչ մուծել է անդամավճարները, բայց պատերազմական հարցերը կարգավորող միջազգային այդ մարմինն օգտագործել է սոսկ որպես տարին մեկ անգամ ՀՀ ղեկավարների ելույթի ամբիոն եւ Նյու Յորքում, Ժնեւում ու Վիեննայում գտնվող տաքուկ աշխատատեղեր: Նույնիսկ երբ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում հարվածներ հասցրեց նաեւ ՀՀ տարածքում գտնվող օբյեկտներին, Հայաստանի փոխարեն ՄԱԿ ԱԽ դիմեց … Էստոնիան: Եվ այդ ագրեսիան կկանգնեցվեր պատերազմի հենց երրորդ օրը, եթե ԱԽ մշտական 5 անդամներից մեկը չկիրառեր վետոյի իր իրավունքը: Թե այդ հնգյակից որ մեկն էր՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան շահագրգռված, որ պատերազմը շարունակվի, եւ հազարավոր զինվորներ ու խաղաղ քաղաքացիներ զոհվեն ու խեղվեն, այդպես էլ չիմացանք: Լրատվամիջոցները գրեցին, թե Մեծ Բրիտանիան կամ Չինաստանն էր այդ արյունարբու երկիրը: Բայց նշված երկրների հայաստանյան դեսպանները հերքեցին այդ ենթադրությունը: Այնպես որ՝ կասկածի տակ են մնում բոլորը: 

Վերադառնալով Լաչինի միջանցքի բացումը պահանջող որոշումներին՝ նշենք, որ դրանցից ամենաարագ արդյունք ապահովողը պարտադիր իրավական ուժ ունեցող՝ 2023-ի փետրվարի 22-ի ՄԱԿ Միջազգային դատարանի միջանկյալ որոշումն է: 

Այս տարվա հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արտասանած իր ելույթում ՀՀ վարչապետն ասել է. «Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, եւ սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետեւ հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»: 
Շատ ճիշտ միտք է: Բայց, երեւի, վարչապետին զեկուցել են, թե ՄԱԿ ԱԽ-ն առանց որեւիցե դիմումի էլ է պարտավոր քննել այդ հարցը: Կամ էլ ներշնչել են, թե այդպիսի դիմումի իրավունք ունի միայն Ռուսաստանը, որը, որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, պետք է վերահսկի եւ ապահովի Լաչինի միջանցքի բաց լինելը: Ուրախությամբ հայտնում եմ, որ դա այդպես չէ: Որ այդ հարցը կարող է եւ պետք է լուծի հենց Հայաստանը, որի հայցադիմումի հիման վրա է կայացվել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը: 

Ըստ ՄԱԿ Կանոնադրության 94-րդ հոդվածի. «1. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն այն գործով, որով ինքը պատասխանող կամ հայցվոր կողմ է:

2. Այն դեպքում, երբ դատական գործի պատասխանող կամ հայցվոր կողմը չի կատարում Դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհրդին, որը, եթե դա համարի անհրաժեշտ, կա՛մ կարող է հանձնարարականներ տալ, կա՛մ էլ՝ դատարանի որոշումն ի կատար ածելու համար միջոցներ ձեռնարկել»:

Իսկ թե Ադրբեջանի համար ինչպիսի տհաճ, ընդհուպ մինչեւ ամեն տեսակի բլոկադաներ եւ տարբեր տեսակի ռազմական միջամտություններ կարող է ձեռնարկել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, կարդում ենք Կանոնադրության 41-րդ եւ 42-րդ հոդվածներում: Կարծում ենք, որ եթե Հայաստանի մշտական ներկայացուցիչը դիմի ՄԱԿ ԱԽ, եւ Բաքվում ծանոթանան վերը նշված հոդվածներում նախատեսվող պատժամիջոցներին, Իլհամ Ալիեւը կկատարի դատարանի որոշումը: 

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ արյունարբու (չբացահայտված) մշտական անդամի նոր վետոյին, կարծում ենք, որ նա դրա կիրառման իրավունքը չի ունենա, քանի որ ՄԱԿ դատարանի որոշումն իրավական է: Իսկ եթե սխալվում ենք, եւ կիրառվի այդ վետոն, վերջապես կիմանանք, թե այդ հնգյակից որ մեկի պատճառով են սպանվել ու խեղվել հազարավոր զինվորներ ու խաղաղ քաղաքացիներ:

Գրիգոր Էմին-Տերյան