Թավշյա Հայաստանում էլեկտրաէներգիան հատով է

Թավշյա Հայաստանում էլեկտրաէներգիան հատով է

Հայաստանի թավշյա իշխանավորների ապաշնորհության, անտեղյակության, անգրագիտության եւ կառավարման ունակությունների բացակայության բազմաթիվ ապացույց կա, երեկ հերթական ապացույցը նկատեցինք:
Պետական գերատեսչություններից մեկը սեփական կարիքների համար արեւային մարտկոցներ (պանելներ) գնելու համար գնման հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իրեն պետք է Ա քանակի պանել: «Արա, դուք լրիվ վատ եք»,- լեզվակռվի մեջ կասեին մեր դեռահասները:

Արեւային մարտկոց-պանելն արեւի ուժը էլեկտրական էներգիայի վերածող «գործիք» է: Միակ պահանջը, որ պետք է դնել նման պանել գնելիս՝ արտադրվելիք էներգիայի քանակն է՝ արտադրական հզորությունը, ոչ թե պանելների քանակը: Այս պանելները տարբեր չափերի են լինում, ու նույն՝ Ա քանակի պանելը մի դեպքում կարող է արտադրել Բ քանակի էներգիա, այլ դեպքում՝ Բ+Բ+Բ քանակի: Բայց թավշյաները տեղյակ չեն էլեկտրատեխնիկայի ամենահասարակ օրենքներից:
Պետական գնման ցանկացած հայտարարություն անցնում է ֆինանսների նախարարության ձեռքով: Փաստորեն, պետական երկու գերատեսչություն՝ արեւային մարտկոցներ գնողը եւ ֆիննախը, չեն նկատել, որ կազմված է, մեղմ ասած, անգրագետ հայտարարություն, եւ այն տարածել են:

Հայաստանում տասնյակ արեւային պանելներ արտադրող ընկերություններ կան, եւ, ամենայն հավանականությամբ, այս արտադրողներից մեկը ֆիննախին ցույց կտա անգրագիտությունը, կառաջարկի գնման պայման սահմանել արեւային պանելների հավաքական հզորությունը, որ արտադրողները կարողանան հայտեր ներկայացնել, ու արդեն արտադրողը, ըստ պանելների տեղադրման տարածքի դիրքի, մակերեսի, կառաջարկի պահանջվող հզորությունն ապահովող պանելների քանակ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ