«Իմպիչմենտն» ու «Հայաքվեն» ճանաչվում են «քույր քաղաքներ»

«Իմպիչմենտն» ու «Հայաքվեն» ճանաչվում են «քույր քաղաքներ»

 Հասարակությունը պարբերաբար ականատես է լինում ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների լեզվակռիվներին: Որքան էլ ընդդդիմադիրների ելույթները գրագետ ու հիմավորված լինեն, ՔՊ-ականների հետ լեզվակռվում հաղթել հնարավոր չէ, քանի որ նրանք, իրենց առաջնորդ Փաշինյանի նման, լեզվակռվի, լաչառության մեջ անպարտելի են: Բացի այդ՝ իշխանությանն է պատկանում խոսափողն անջատելու-միացնելու մենաշնորհը: Հետեւաբար, ընդդիմադիրների խոսքից ո՛չ իշխանության դիրքերն են թուլանում, ո՛չ էլ մեր երկրի քաղաքական դաշտում է որեւէ բան փոխվում: Թվում է, թե հարգարժան ընդդիմադիրները պարզապես կողքից բզբզում են՝ իրենց պատգամավորական մանդատի գոյությունն արդարացնելու համար: Մինչդեռ, այդ լեզվակռիվներն ու իշխանությունների դիմակը պատռելու փորձերն արդեն անիմաստ ու անպտուղ «միջոցառումներ» են, իսկ թե ինչու են շարունակում մանդատներն ամուր պահել ու երկարաձգել այս ԱԺ-ի գոյությունը, հասկանալի չէ:

Դե, այնպես չի, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած, պարապ նստած է. ընդդիմադիրները պարբերաբար զբաղմունք գտնում են. նախ՝ բավականին ժամանակ ու ռեսուրսներ տրամադրեցին «Հայաքվե» նախաձեռնությանը. թե բա՝ «Սա Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար»։ Անհրաժեշտ թվով տորագրություններ հավաքեցին: Բայց դա չխանգարեց, որ դրանից հետո Արցախը հայաթափվի ու Ստեփանակերտում Ալիեւը զորահանդես անի: Իսկ «Հայաքվեն» մնաց թղթի վրա՝ մեր հերթական թղթե շերեփը…

Իսկ 2023-ի սեպտեմբերին, երբ սկսվեց Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիան,  արդեն ակնհայտ էր, որ դա լինելու է վերջին մարտը՝ կամ արցախցիները ցեղասպանվելու են, կամ լքելու են Արցախը:  Հասարակության կողմից ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ, եւ թվում էր, թե փոթորկված հասարակությունը պատրաստ է վերջին ու որոշիչ զարկը տալ իշխանությանը, նորից ասպարեզ եկան «Հայաքվեի» կազմակերպիչը, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը, ընդդիմադիր հասարակությանը Երեւանի փողոցներում երկար ժամանակ շրջագայության հանած Իշխան Սաղաթելյանը… ու ավետեցին, թե նոր կոմիտե են ստեղծում՝ Նիկոլին հեռացնելու համար: Այդ կոմիտեն ոնց ստեղծվեց, այնպես էլ անհետացավ. նրա անդամների թիվը չգերազանցեց չորսը…Երբ Ավետիք Չալաբյանը սկսեց զայրացած ցուցարարներին բացատրել, թե ինչ իրավական գործընթացներ են իրենք նախատեսում հետագայի համար, զայրացած կին ցուցարարներն ուզում էին նրան իջեցնել ամբիոնից. թե՝ հետո չկա, հիմա ենք Նիկոլին հեռացնում:

Իսկ ցուցարարարների պահանջին՝ «գործողություն, գործողություն», Անդրանիկ Թեւանյանը գիտական բացատրություններ տվեց, որ այդպես չի կարելի, եւ խնդրեց. «Մաքսիմալ կազմակերպվածություն, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը լաբորատոր փորձեր անի,  դա նույնն է՝ ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա նաեւ գիտություն է, որը պետք է ճիշտ կազմակերպել: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու են, ես համոզված եմ դրանում»: Վերջում, իհարկե, ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանն ու նորից հուսադրեց. «Այս չարիքի իշխանությանը հեռացնելու ենք»: Իսկ դրա համար, ըստ Սաղաթելյանի, խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթաց կնախաձեռնի։

Թե ինչպես էր խորհրդարանական ընդդիմությունը Աժ-ում իմպիչմենտ նախաձեռնելու, երբ չունեն բավարար թվով մանդատներ, հասկանալի չէր: Իհարկե, Սաղաթելյանը խոստանում էր, որ իշխանական պատգամավորների վրա այնպիսի ճնշում կգործադրվի, ինչպես եղավ 2018-ին, բայց, ինչպես տեսնում ենք, իշխանական պատգամավորներին որեւէ մեկը չի ասում.«աչքիդ վերեւը հոնք կա»: Իսկ իմպիչմենտի մասին էլ ձեն-ձուն չկա: Փաշինյանն ու ՔՊ-ականներն ամենեւին չեն պատրաստվում ընդդիմադիրների «ծիծակ» հարցերի պատճառով հրաժարական տալ: Իսկ այս ընթացքում Ալիեւն արդեն Հայաստանի տարածքը տեսնում է 10 հազար քառակուսի կմ: Իսկ «Հայաքվեի» եւ իմպիչմենտի մասին պարոնայք ընդդիմադիրներն արդեն մոռացել են: