Ոչ մեկին թույլ չենք տալու Շիրակի մարզում քարոզչություն անի․ գերիների հարազատներ

Ոչ մեկին թույլ չենք տալու Շիրակի մարզում քարոզչություն անի․ գերիների հարազատներ

Շիրակի մարզպետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կեսօրից մարզպետարանի շենքը շրջափակված է: Խծաբերդի հատվածում գերեվարված 5 տասնյակից ավել շիրակցի զինծառայողների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս ու դուրս անել: Նրանք մարզպետից պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ այցելեն Գյումրի եւ պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու է ձգձգվում իրենց որդիների վերադարձը:

«Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան»,-ասում  է ծնողներից մեկը՝ ընդգծելով, որ 4 ամիս շարունակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչ մի  արդյունք չտվեցին, ավելին՝ ամիսներ շարունակ իրենց ստեցին, համոզված են՝ իրենց  որդիների վերադարձը ձգձգվում է, քանի դեռ թշնամական պետության հետ առուծախ չի կայացել․ «Հիմա էլ որոշել են ընտրություն անեն, գիտեցեք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Շիրակի մարզում քարոզչություն անի, մեկի ոտը էստեղ չի լինելու»,-հայտարարում է գերիների հարազատներից մեկը:

Նշենք, որ ողջ օրը նրանք մարզպետարանի շենքը շրջափակված պահեցին եւ չեն պատրաստվում ընկրկել, քանի դեռ մայրաքաղաքից հստակ պատասխան չեն ստացել: Մարզպետարանի աշխատակազմը որևէ կերպ շենքից դուրս գալու հնարավորություն չունի: Մի պահ  ոստիկանները փորձեցին ուժով դուրս բերել գերիների հարազատներին, սակայն չհաջողվեց:

Այս պահին ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետն է փորձում բանակցել նրանց  հետ, որպեսզի շենքի ելքերն ու մուտքերը բացվեն։