Տիեզերական

Տիեզերական

Անկասկած, ապրիլի 12-ը նշանավոր օր է ԽՍՀՄ-ում ծնվածների համար: Տաս­նյակ տարիներ, այդ օրը, երբ ցուցադրվում էին տիեզերական խրոնիկայի կադրեր կամ տիեզերքի նվաճմանը նվիրված կինոնկարներ, յուրաքանչյուր պատանի երա­զում էր տիեզերագնաց դառնալ, իսկ ես՝ քաղաքացիական ավիացիայի օդաչու, բայց բարձր մրցույթը չհաղթա­հարեցի:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ ապրիլի 10 - 12 - ը նշվում էր «Տիեզերագնացության օրը», որին մասնակցում էին գիտնականներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:  Համբարձումյանի անվ․Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը մի միտք հայտնեց. «Հայաստանը փոքր երկիր է, բայց Խորհրդային Միության մի մասը լինելու շնորհիվ զգալի ներդրում է ունեցել տիեզերական հե­տազոտությունների և տիեզերագնացության ոլորտում։ Հայաստանն իր աստղա­գիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ունի համագործակ­ցությունների հաստատման և տիեզերական հետազոտությունների և տեխնո­լոգիաների զար­գացման համար»: Երանի այդպես լիներ:

Ուղղակի մի քանի հարցադրում (հռետորական) պարոն Միքայելյանին. 2020-2021 ուս. տարում քանի դիմորդ է եղել «Աստղաֆիզիկա», «ֆիզիկա» ու հարակից մասնագիտություններով, որքան է կազմում բոլոր կուրսերում ու կրթական երեք մա­կարդակներում ուսանողների /ասպիրանտների թվաքանակը: Ինչու 2009 թվա­կանին Աստղաֆիզիկայի ամբիոնը, որը ստեղծվել էր 1945 թվա­կանին, միացվեց Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին: Այս հարցերի պատաս­խանները կապացուցեն, որ Հայաստանն իր աստղա­գիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ՉՈՒՆԻ:

Հաջորդ հռետորական հարցը, կապված «տիեզերական հետազոտությունների և տեխնո­լոգիաների զար­գացման» հետ: Իսկ մենք ունե՞նք համապատասխան նախարարություն՝ օրինակ, Գիտության, տեխնոլոգիայի և տիեզերքի նա­խարարություն: Ի դեպ, դրա նման մի բան կա Իսրայելում, որի նախորդ անվա­նումներն են եղել գիտության և զարգացման նախարարություն, գիտության և տեխնոլոգիայի, գիտութ­յան և արվեստի, գիտության, մշակույթի և սպորտի: Համարյա հասել էինք Իսրայելին, քիչ էր մնում անցնեինք, ժողովրդի վարչապետն ամեն ինչ փչացրեց. բռնեց ու թառլան նախարարին տարավ ռեզերվ: Ասենք, ոնց որ կարևոր խաղի ժամա­նակ Մխիթարյանին կամ Իշտոյանին տանեն պահեստային: Դա էլ հերիք չէ, մաթեմատիկայի բնագավառում «գեներալին» կտրել են իսկական գործից ու դրել աջաբսանդալի նախարար: Նա էլ խրվել է առօրյա տխուր գործերի մեջ ու չի նկատում, թե ինչ է կատարվում մայր համալսարանի հետ. 100-ամյա համալ­սարանը կառավարման խորհուրդ չունի: Խորհուրդը ոչինչ, իսկ բովան­դակային ինչ է անում նախարարությունը համալսարանները զարգացնելու ուղղութ­յամբ: Ոչինչ:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի իրապես ազնիվ ու վեհ ձգտումները ցանկալի հանգրվանին հասցնելու համար որքան ժամանակ ու ֆինանսական միջոցներ կպահանջվեն, որքան ժամանակ ու ջանք կպահանջվի որպեսզի ԵՊՀ-ն վերականգնի իր վաղեմի՝ 60-70-ականների դիրքերը: Դա գրեթե նման է Հրազդան գետի հակառակ հոսելուն: Թե չէ խորհուրդ, ռեկտոր ու նման բաները ոչ մի դեր չեն կարող խաղալ, եթե չկա համակարգ եւ արժեհամակարգ:

Գագիկ Վարդանյան