Հեռուստահաճախությունների մրցույթը սկսվել է, ամփոփումը՝ հունվարին 

Հեռուստահաճախությունների մրցույթը սկսվել է, ամփոփումը՝ հունվարին 

Նոյեմբերի 17-ից Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում սկսվել է 2021թ․ հունվարին հեռուստաընկերություններին տրվելիք կապուղիների, նոր օրենքով՝ «սլոթների» համար մրցույթը։ Հեռուստաընկերությունները ներկայացրել են առաջարկներ, գործընթացը շարունակվել է եւս 2 օր՝ նաեւ նոյեմբերի 18-ին եւ 19-ին։

Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի լիցենզավորման բաժնից՝ նոյեմբերի 18-ի դրությամբ նշված 37-ից դիմել էր հեռուստաարտադրանք պատրաստող 29 ընկերություն։ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներից հայտեր են ներկայացրել դաշտի բոլոր հիմնական խաղացողները․ «Արմնյուզ», «Հայկական երկրորդ  հեռուստաալիք», «Շարկ», «Մուլտի մեդիա-կենտրոն Թի Վի», «Արմենիա Թի Վի», «Ա-Թի Վի», «Սկիզբ մեդիա կենտրոն», «Ֆրի նյուզ», «Մելտեքս», «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Շանթ», «Դար-21», «Մո Թի Վի մեդիա հոլդինգ» եւ հեռուստաարտադրանք պատրաստող այլ ընկերություններ։ Ինչպես տեսնում ենք, բոլորը կան՝ ե՛ւ հները, ե՛ւ նորերը։ Փոխարենը, դիմում ներկայացրածների թվում չէ «Ֆակտորը», որը դիմել էր հեղինակազորման, այսինքն՝ նախամրցույթի համար։ Բայց, մյուս կողմից, այս եռօրյա մրցույթը թվային մուլտիպլեքսի սլոթների համար է, իսկ հեղինակազորումը հեռուստակոնտենտ արտադրելու եւ այն կաբելային ծառայությունների ցանցում ընդգրկելու համար է։ Ինչպես տեղեկացանք՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հենց սկզբից  հայտարարել է, որ հարցուպատասխան չի լինելու։ Ուղղակի առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու զարգացման ռազմավարությունը, որոնք մինչեւ հունվար կուսումնասիրեն ու կամփոփեն։

«Արմնյուզի» ծրագիրը ներկայացրել է հեռուստաընկերության լրատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ Նա ենթադրում է, թե ինչով կարող է պայմանավորված լինել Տիգրան Հակոբյանի առաջարկը։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Կարծում եմ՝ ՀՌՀ-ում նույնպես գիտակցում են, որ հաճախականության մրցույթում պետք չէ մտնել այն դաշտը, որը գուցե կարող է ականապատ լինել․ քաղաքականացնել կամ չքաղաքականացնել խնդիրը»։ Ապա մանրամասնեց․ «Մենք առաջինն էինք ներկայացրել, հետո դուրս ենք եկել։ Ներկայացրել ենք մեր հաշվետվությունը, մեր արած գործն ու ապագա ռազմավարությունը։ Եվ կարծում եմ՝ մյուս հեռուստաընկերությունները նույնպես նույն մեթոդով են աշխատել»։
Ինչպես հայտնեց Հ 2-ի լրատվական ծրագրի տնօրեն ու քաղաքական հաղորդումների գծով պատասխանատու Շավարշ Գեւորգյանը՝ հարցեր չտալը բացատրվել է քաղաքական այս թեժ իրավիճակում քաղաքական շահարկումներ թույլ չտալու մտադրությամբ։ «Բառացի այդպես չասվեց, բայց այդպես ընկալեցինք»,- հայտնեց Շավարշ Գեւորգյանը։ 
Այսպիսով, մրցութային առաջարկները փոխանցվել են ՀՌՀ-ին եւ վերջ։ Հիշեցնենք, որ մրցույթի ամենակարեւոր տարրն առաջարկի՝ 7 տարվա կտրվածքով ֆինանսական հիմնավորումներն են․ հսկայական ծախսեր ու ներդրումներ։ Հարցին, թե որքան ներդրումներ են նշված իրենց փաստաթղթում, Շավարշ Գեւորգյանը պատասխանեց․ «Որեւէ գումար չենք նշել, որեւէ մեկը չի կարող 7 տարվա տեսլականով գումար նշել, բայց անցած 20 տարիների փորձը ցույց է տվել, որ Հ 2 հեռուստաընկերությունն այս առումով եղել է ոլորտի առաջատարներից՝ մենք ունենք սեփական շենք-շինություններ, վարկեր ու վարկային պարտավորություններ չունենք, մշտապես ժամանակին վճարել ենք ու պարտքեր չենք ունեցել՝ ցանցից օգտվելու համար»։ Շավարշ Գեւորգյանը «լավն» է որակում ոչ միայն մրցութային առաջարկի ֆինանսական, այլեւ լրատվական-քաղաքական ծրագրին վերաբերող հատվածը։ 

«Շարկի» («5-րդ ալիք») գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանից հարցրինք, թե ինչ ակնկալիքներ ունեն՝ հանձնաժողովը կբավարարի՞ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաընկերության հայտը։ Հարություն Հարությունյանն ասաց, որ ունի վստահություն, որ հանձնաժողովն անաչառ կլինի, շահարկման թեմաներ չեն լինի։ «Թող որոշեն՝ ում կտան, ում՝ չէ․․․ համենայնդեպս, չեմ էլ ուզում գնահատականներ տալ։ Աստված իրենց հետ»,- ասաց նա։
Խոսեցինք նաեւ ՀՌ հանձնաժողովի անդամ Ռոլանդ Շառոյանի հետ․ ի՞նչ տպավորություն ունեն ծրագրերից։ Ռոլանդ Շառոյանը նախ ասաց, որ կորոնավիրուսով վարակվելուց ու կազդուրվելուց հետո միայն երրորդ օրն է մասնակցել մրցույթին։ Ասաց, որ ծրագրերը լսել է բանավոր․ «Բանավորը մի քիչ այլ բան է, բանավորը․․․ կարող է գեղեցիկ խոսքեր ասեն, գրավորում կարող է ավելի արդյունավետ խոսքեր գրված լինեն։ Ես ո՞նց կարող եմ դրա վրա կառուցել»։