ԲՀԿ-ն զուր է «ակնկալում»
Ի թիվս այլ քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարություն, որը, մեղմ ասած, տարակուսելի է։ «Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի եւ սփյուռքի տարբեր շրջանակներ հետ իր քննարկումների արդյունքում ձեւավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանադրությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր:
Եվ այսպես 2 հարց ՀՀ նախագահին.
1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող եւ պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ միանում եք դրան:
2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե դուք հստակ եւ ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը:
ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը»։
Նկատենք, որ ԲՀԿ-ի հայտարարության մեջ հիշատակված 17-ը քաղաքական ուժեր են, հետեւաբար զարմանալի է հանրապետության նախագահից այս կուսակցության ակնկալությունը՝ «կիսել» 17 ուժերի դիրքորոշումը, ապա նաեւ «միանալ» դրան։ Նախագահը կարող է ընդամենը ողջունել այդ դիրքորոշումը, ընդսմին՝ ելնելով ոչ թե անպայման 17-ի «դիրքորոշումից», այլ սեփական խորհրդակցությունների արդյունքներից կամ եզրահանգումներից։
Իշխող վարչախմբի հեռացումը պահանջող ԲՀԿ-ի կողմից հանրապետության նախագահին նման «անկեղծ» պարզաբանման մղելու ցանկությունը ոչ միայն զարմանալի է, այլեւ կարող է մյուս քաղաքական ուժերի կողմից ընկալվել ոչ միանշանակորեն, որովհետեւ այդ ցանկությամբ ԲՀԿ-ն 17 քաղաքական ուժերի մեջ լիդերության անուղղակի նշաններ է ցույց տալիս, ինչը միանգամայն ավելորդ է՝ առնվազն այս փուլում։
Բացարձակապես տեղին չէ նաեւ ԲՀԿ-ի կասկածը՝ Ն․ Փաշինյանի իշխանության «հնարավորինս երկարաձգմանը» հանրապետության նախագահի կարծեցյալ «նպատակի» մասին։ Նախագահի ինստիտուտը, անկախ նրա սահմանադրական խամաճիկային դերակատարությունից, քաղաքական բարձր կարգավիճակ է, եւ եթե նա վերջին 2,5 տարում կարողացել է մի ինքնություն ու վճռական քայլ կատարել՝ հրապարակելով այդ ուղերձը, ուրեմն հարկ է, որ նրա շուրջ առանց հրապարակային երկմտության համախմբվեն քաղաքական ուժերը, ոչ թե հակառակը։
Ինչը, ի դեպ, արդեն արել է «Հայրենիք» կուսակցությունը՝ հայտարարելով․ «Հորդորում ենք Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ եւ ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին՝ ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ եւ ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար»։
Այո, այն աներկբա անհրաժեշտության մասին, որ նախագահի ուղերձում նշված իշխանափոխության ճանապարհային քարտեզի գաղափարի շուրջ քաղաքական ուժերը պիտի օր առաջ համախմբվեն, լավագույնս վկայում է նաեւ ուղերձին իշխող ուժի ներկայացուցիչների կողմից այն նյարդային հակազդեցությունը, որն արդեն ոչ կոռեկտ դրսեւորումներ է ստանում։
Կարծիքներ