Օրհնության նոր օբյեկտ

Օրհնության նոր օբյեկտ

Նիկոլ Ինքնամեծարը, Սահմանադրական դատարանն իրենով անելուց հետո, ամենայն հավանականությամբ, հայտնվել է այն երանելի պատրանքի մեջ, թե հայոց իրավական դաշտն այլեւս մաքրված է, հետեւաբար հարկ կա, որ այդ դաշտը նաեւ․․․ օրհնվի։

Ինչպես Մայր Աթոռի մամլո ծառայությունն է տեղեկացնում, սեպտեմբերի 16-ին Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Վեհափառին հյուրընկալվելու նպատակը հույժ հոգեշահ է․ իրավաբանների այս կոհորտան գնացել է Վեհափառի ոտքը՝ խնդրելու, որ եկեղեցին օրհնության օր սահմանի իրավաբանների համար։
 Նկատենք, որ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած՝ ՍԴ «աստվածարյալ» դատավորների  ընտրություններին այս այցելության ժամանակագրական փութկոտ հաջորդումը չի կարող պատահական լինել․ հստակ տեսանելի է վարչապետի մատը՝ էլի մի «աննախադեպ» քայլով վեր բարձրանալ բոլոր նախորդներից՝ վեհանալ։

Գոնե ինձ համար կասկած չկա, որ իրավաբանի օրհնության օր սահմանելու գաղափարը հղացվել է Ն․ Փաշինյանի աստվածավախ գլխում, իսկ վերոհիշյալ  հանդիպումը կայացել է նրա թույլտվությամբ ու հորդորով։ Կարելի է նաեւ չկասկածել, որ այս իրադարձությունը տեղ է գտնելու վարչապետի առաջիկա «100 փաստի» մեջ․ ինչ մեղքս թաքցնեմ, նույնիսկ տպավորություն ունեմ, թե այն տեղ կգրավի առաջին տասնյակում։ 

Իսկ իրադարձությունն իսկապես աննախադեպ է․ սուրբ Քաղաք են մեկնել մարդիկ, որոնցից ոմանք, մինչ կաթողիկոսի կողմից ընդունվելը, պատշաճ կլիներ՝ մեղքերի թողություն ստանային։ Չնայած եթե ամենազոր Աստված իրավամբ արդարադատ է, ապա հազիվ թե այդ թողությունը ոմանց շնորհեր, քանզի նույնիսկ Տեր Աստծո տիեզերական ողորմածությունը կարող էր չբավել։ 
Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, բնականաբար, ողջունել է գաղափարը, եւ եկեղեցական օրացույցում, ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվի իրավաբանի օրհնության օրը։ Մեր մասնավոր ընկալմամբ՝ դա կլինի յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը՝ ի հիշատակ 2020 թվականի այդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած «աննախադեպ» ընտրության։

Սակայն կարծում ենք՝ Վեհափառի առջեւ անլուծելի բարոյական խնդիր կա ծառացած։ Նա գոնե իր համար պիտի իմաստավորի, թե ինչո՛ւ է պետք իրավաբանի օրհնության օր սահմանել՝ այն դեպքում, երբ հայոց եկեղեցին չունի, ասենք, ուսուցչի օրհնության օր, զինվորի օրհնության օր, բժշկի օրհնության օր։

Իրավաբաններին այսպես՝ նիկոլաբար բերելով օրհնության դաշտ՝ մենք ակամա չե՞նք խոստովանում, որ այդ դաշտը բավականաչափ մաքուր չէ, որպեսզի կարողանա  առանց հատուկ օրհնության պտղաբերել։ Էլ չեմ խոսում այդ խորհրդի ամբողջ կեղծապատիր բովանդակության մասին։ Օրհնության այդ օրն ի՞նչ են լինելու կաշառակեր իրավաբան «զավակաց» հոգիները․ դրանք դառնալու են այլեւս անկաշա՞ռ, այլեւս օրինապա՞շտ, այլեւս արդարադա՞տ, թե՞ ոչ կամակատար։
Չգիտեմ, բայց այս ամենից ես շատ որոշակի մի հոտ եմ առնում՝ «քաղաքացու օրվա» հոտը՝ նույնքան անպատեհ, նույնքան ձեւապաշտ եւ նույնքան ինքնամեծար։