Ատելության անատոմիան
Համաշխարհային քաղաքական պատմությունը վկայում է՝ անցյալի եւ ներկայի բոլոր հեղափոխությունները ծնվել են ազատության եւ արդարության վեհ ձգտումներից եւ գործող իշխանության հանդեպ խորը ատելությունից:
Քաղաքական հեղաբեկումների անհանգիստ օվկիանոսում ազատության, արդարության ալիքների շառաչն ուժգնանում է ատելության մեծ հորձանքից: Որքան մեծ են ազատության եւ արդարության ձգտումները, այնքան հարաճուն է ատելությունը: Այդ ատելությունն ուղղված է անարդարության, շահատակությունների, արտոնությունների, անազատությունների դեմ, որոնց մարմնացումն է տվյալ երկրի ու ժամանակի իշխանությունը՝ անկախ պետական կառավարման ձեւից: Հասարակական ատելությունը միապետություններ է կործանել, կայսրություններ փլուզել, բռնապետություններ տապալել, գաղութներ ազատագրել, անկախություն հաստատել:
Ատելությունը հաճախ եկել է մաքրելու համընդհանուր աղտեղությունը՝ ազդարարելու նոր ժամանակների գալուստը:
Համաշխարհային քաղաքական պատմության երկարատեւ ընթացքում ատելությունը վերածվել է հզոր քաղաքական գործոնի, դարձել է քաղաքականության անբաժան մասը եւ շարունակում է մնալ այդպիսին: Ատելությունը եղել եւ մնում է քաղաքական մեծ փոփոխությունների շարժիչ ուժը:
Ատելությունը կարող է քարուքանդ անել հին կարգերը, գոցել հետադիմության ճանապարհը, սակայն ի զորու չէ առաջադիմության արահետ բացել եւ կառուցել նորը: Եվ եթե ատելության հորձանքն անհնար է լինում հաղթահարել, ապա որոշ ժամանակ անց այն քշում-տանում է ազատության սերմերը, կործանում հասարակական ձգտումները, փլուզում արդարության հաստատման հույսերը: Որքան հզոր է հասարակական-քաղաքական ատելությունը, այնքան դժվար է այն կանգնեցնել: Ատելությունը կուրադավան է դառնում, երբ ի զորու չէ կանգ առնել, երբ ոչ թե ազատագրում է, այլ՝ բռնանում, երբ ոչ թե մաքրում է, այլ՝ հրկիզում:
Իրենց ստեղծման օրվանից աշխարհն ու քաղաքականությունն անճանաչելիորեն փոխվել են, սակայն անփոփոխ է մնացել ատելությամբ նոր կյանք կառուցելու քաղաքական հին մոլորությունը: Այդ մոլորությունը պարուրել է նաեւ նոր Հայաստանին:
Հասարակական ատելությունն ազդեցիկ գործոն է եղել նաեւ ներհայաստանյան քաղաքական զարգացումներում: Հայաստանում ատելության սերմերը ցանել են նախեւառաջ օրվա իշխանությունները՝ կեղծված ընտրություններով, համակարգային կոռուպցիայով, անարդարությամբ եւ անպատժելիությամբ, մաֆիոզ-կլանային կառավարմամբ, պետականության վաճառքով: Հայաստանի քաղաքական ղեկավարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, իրենց կառավարման անդառնալի սխալների հետեւանքով Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտ են նետել ատելության սերմերը:
Հանրությունն ու իշխանությունները միշտ էլ ատել են միմյանց: Ներհայաստանյան ատելությունը պարբերաբար կուտակվել է եւ հորդացել ՀՀ նախագահի բոլոր ընտրություններում՝ սկսյալ 1996թ. սեպտեմբերից: Այդ ատելության բարձրակետը Մարտի 1-ի արյունոտ սպանդն էր, որ իրականացրեց Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
Իշխանությունների դեմ հարատեւ պայքարում հասարակական ատելությունը միավորել է նաեւ հայաստանյան տարանուն ընդդիմությանը: Ատելության անկանգ քամիները մշտապես բորբոքել են ներքաղաքական պայքարի խարույկը: Ոչ թե գաղափարները, քաղաքական նպատակներն ու ծրագրերը, հասարակական արժեքներն են թրծվել ներքաղաքական պայքարի խառնարանում, այլ՝ ատելությունը, որը դարձել է քաղաքական պայքարի դրոշը նաեւ այն պատճառով, որ 1995թ. ի վեր հին Հայաստանում ընտրությունները կեղծվել են, իշխանությունը՝ բռնազավթել:
Ատելության հզոր գնդացիրը կրակել է թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության ուղղությամբ: Հայաստանում քաղաքական փոփոխությունների ձգտումներն ամփոփվել են ոչ այնքան բարձր գաղափարների եւ մեծ նպատակների մեջ, որքան՝ օրվա իշխանությունից ազատվելու ձգտումների, ինչն օրինաչափ էր, քանի որ իշխանություններն են եղել քաղաքական փոփոխությունների արգելակները: Իշխանության շարունակական բռնազավթումը հասարակական ատելությանը նոր հորձանք էր տալիս: Եվ թեպետ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ժամանակ առ ժամանակ նաեւ ընդարմանում էր, սակայն ատելության կուտակումը շարունակվում էր նաեւ այդ ընթացքում՝ մինչեւ հաջորդ ժայթքումը:
2018թ. հայկական թավշյա հեղափոխությունն իշխանության եկավ «սիրո եւ համերաշխության» կարգախոսներով, բայց եւ՝ կուտակված հասարակական ատելության հորդմամբ, որին բախվեց երրորդ անգամ իշխանությունը բռնազավթել փորձող Սերժ Սարգսյանը: Իշխանափոխության իրականացման անհնարինությունը Հայաստանի քաղաքացիներին միայն մեկ՝ հեղափոխության ճանապարհն էր թողել:
Հեղափոխությունը քաղաքական հզոր երեւույթ է, եւ հայկական հեղափոխության պարզ կարգախոսը՝ «Մերժի՛ր Սերժին», ոչ միայն անձի մերժում էր, այլեւ նախեւառաջ՝ համակարգի: Հեղափոխության խնդիրը հենց համակարգի մերժումն էր, համակարգ, որի մարմնավորումը եւ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր:
Սակայն հետհեղափոխական երկու տարիները ցավալիորեն ապացուցեցին, որ Հայաստանում մերժվեցին անձերը, սակայն՝ ոչ քաղաքական համակարգը: Եվ եթե հեղափոխության համար կուտակված ատելության ժայթքումը բնական էր, օրինաչափ եւ անխուսափելի, ապա հետհեղափոխական ժամանակահատվածի համար նոր ատելության կուտակումը վտանգավոր էր:
Հետհեղափոխական երկու տարիներն ավելիով վկայեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ատելությունը վերածվել է կառավարման մտրակի, որը շառաչում է ոչ միայն նախկինների դեմ պայքարում, այլեւ հեղափոխական հանրության այն հատվածի համար, որը մատնանշում, քննադատում է նրա կառավարման սխալները:
Ատելությունն այժմ ծփում է հայաստանյան քաղաքական հարթակներում, սոցցանցերում, լրատվամիջոցներում՝ վտանգելով հանրային առողջությունը, արժեզրկելով քաղաքական պայքարը եւ քայքայելով պետական հաստատությունները: Ուշագրավն ու վտանգավորն այն է, որ Փաշինյանը որքան իրեն է հնազանդեցնում քաղաքական համակարգը, նույնքան ատելություն է հրահրում ներհանրային կյանքում:
Երկրում արդարադատության, օրինականության հաստատման, անպատժելիության վերացման, կոռուպցիայի հաղթահարման ճանապարհն օրենքների գերակայության եւ դրանց խստորեն կիրարկման ապահովումն է: Այդ ճանապարհին պետությունը չի կարող փոխզիջման գնալ օրինականության հաշվին, ներել հանցագործներին եւ իշխանազանցներին, սակայն ատելության հրահրմամբ եւ ուղղորդմամբ իրականացվող պետական կառավարումը խարխլում է հասարակության եւ պետականության հիմքերը: Նմանօրինակ իրավիճակն ուղղակի հակազդեցություն է գտնում նաեւ հանրության շրջանում, երբ իշխանության ցանկացած պահանջ ու հրահանգ ցուցադրաբար անտեսվում է, եւ հանրության մի հատված, որ նույնիսկ կապված չէ նախկինների հետ, սկսում է ատել օրենքն ու օրինականությունը:
Այսօրինակ մթնոլորտին ավելի ու ավելի են նպաստում նաեւ նախկինները՝ ներհասարակական ատելության խարույկին անվերջ չոր վառելափայտ ավելացնելով եւ բորբոքելով ատելությունը թե՛ գործող իշխանությունների, թե՛ հանրության տարբեր հատվածների միջեւ:
Հայաստանը տրվել է հին քաղաքական մոլորությանը, երբ փորձ է արվում ատելության վրա կառուցել նոր Հայաստանը, որտեղ հավատում են, թե ատելությամբ հնարավոր է կանխել նախկինների վերադարձը եւ պահպանել իշխանությունը: Մինչդեռ նախկինների վերադարձը հնարավոր է կանխել իրապես նոր Հայաստանի կառուցմամբ, իսկ նոր Հայաստանն անհնար է կառուցել ատելության անկանգ հորձանքի վրա:
Ատելության չափաբաժինների կրճատումը քննադատության նվազեցում չէ, քաղաքական պայքարի հուղարկավորություն չէ, մամուլի եւ քաղհասարակության գործոնի թուլացում չէ, այլ ատելությունից զերծ հասարակության եւ պետության կառուցում:
Հայաստանը հայտնվել է լայնածավալ ատելության հորձանքում: Ատելության այս մղձավանջի պայմաններում է ապրում արդեն մի քանի սերունդ: Այդ ատելությունն արգելակ է դարձել Հայաստանի առաջադիմության եւ զարգացման ճանապարհին:
Նոր Հայաստանն իրապես սիրո եւ համերաշխության կարիք ունի: Ահռելի մարտահրավերներով առլեցուն աշխարհի հետ Հայաստանը նույնչափ հին ու նոր մարտահրավերներ ունի: Հայաստանն ու հայ ժողովուրդը համազգային նպատակների իրականացման եւ խնդիրների լուծման պատմական պարտավորություններ եւ հնարավորություններ ունեն, որ անհնար է իրականացնել առանց համազգային համերաշխության:
Ատելության անատոմիան՝ կազմաբանությունը, վկայում է՝ ատելությունը քայքայում է ոչ թե սեփական հյուսվածքներն ու նյարդերը, մկաններն ու ոսկորները, հոդերն ու անոթները, այլ քայքայում է այն մարմինը, ուր մուտք է գործում եւ հաստատվում նույն ատելությունը: Այդ մարմինը քայքայվում է նույնքան արագ, որքան արագ աճում են ատելության չափաբաժինները:
Հայաստանը միշտ էլ սիրո պակաս է ունեցել եւ ատելության ավելցուկ:
Կարծիքներ