Ադրբեջանցիները սյունեցիներին բացատրել են, թե ինչու են «նեղում» իրանցիներին

Ադրբեջանցիները սյունեցիներին բացատրել են, թե ինչու են «նեղում» իրանցիներին

Որքանո՞վ է օրինական Գորիս-Կապան մայրուղում տեղակայված ադրբեջանական հենակետը: Այս հարցի պատասխանն առայժմ միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է տվել՝ այդ հենակետը, արգելապատնեշներն ու այդտեղ զինծառայողների եւ տեսախցիկների տեղակայումը հայտարարելով «բացահայտ անիրավաչափ» եւ հեռացման ենթակա:

Թաթոյանն արձանագրում է, որ զինծառայողները, «առանց որեւէ օրինական հիմքերի», կանգնեցնում են իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, պահանջում փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ, եւ նշում է մուծումների չափերը՝ 3 հազար դրամից մինչեւ 120 ԱՄՆ դոլար: 

Կապանի զինծառայողներից Արման Ա․-ն «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցի ոստիկաններն իրանցիներից հիմնականում «կանաչ» են ուզում՝ 100, 150 դոլար: «Հայկական համարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում՝ ո՛չ ռուսական, ո՛չ վրացական, ո՛չ հայկական, միայն պարսկականը: Մարդիկ փողը տալիս են, ճամփեն շարունակում են»:  

Ճանապարհին ադրբեջանցիները ցուցանակներ են տեղադրել, որոնց վրա պարսկերեն, անգլերեն եւ ռուսերեն գրված է. «Դուք մտնում եք ադրբեջանական տարածք»: Ադրբեջանցիները նույնիսկ տեղացիներին բացատրում են, թե ինչու են հատկապես իրանցիներին «նեղում»: Ասում են՝ երբ որ մենք Իրանի տարածքով գնում ենք Նախիջեւան, իրենք էլ մեզնից են փող ուզում: 

Ադրբեջանցի դիմակավորները տեղակայվել են մի հայկական տան մեջ, որն ամիսներ առաջ խլել էին Որոտանի բնակչից՝ նրա իրերը դուրս շպրտելով պատուհանից: Այդ տունը Կադաստրի պետական կոմիտեի փաստաթղթերում նշված է որպես հայկական տարածք: Տեղաբնակները որեւէ պետական մարմինների չեն դիմում՝ ո՛չ ոստիկանությանը, ո՛չ ՊՆ-ին: «Ոստիկանությունը միայն երկրի ներսում է կարգուկանոն պահում, իսկ ՊՆ-ն սկի եղածը չի կարողանում պահել»,- ասում են տեղացիները: Իսկ ադրբեջանցիների նպատակներից մեկն էլ այն է, որ իրանական բեռնափոխադրողներն օգտվեն ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ճանապարհներից: 

Իրանի դեսպանատունն Ադրբեջանի կողմից Որոտանի հատվածում իրանական պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերյալ որեւէ կոշտ հակադարձում չի արել: Միջադեպի վերաբերյալ միակ մեկնաբանությունը հետեւյալն է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետեւում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին եւ, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղեւորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Իրանը հետամուտ կլինի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առեւտրի դյուրացման տարբեր եղանակների»:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ասես ադրբեջանցիների մամուլի բաժինը լինի: Մի կողմ դրած ՀՀ սահմանի պահպանությունը, որն այդ մարմնի ուղիղ պարտականությունն է, այն զբաղված է ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ տարածելով: Օգոստոսի 26-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանցիները փակել են Կարմրաքար-Շուռնուխ ճանապարհը, եւ մեկ օր անց հայտարարեց, որ այդ հատվածներն արդեն բացել են:

Սեպտեմբերի 12-ին էլ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ Ադրբեջանի ոստիկանությունն իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում: Որեւէ գործողություն, բացի մամուլի հաղորդագրություններ տարածելուց, մեր հատուկ ծառայությունները չեն ձեռնարկում: Ինչո՞ւ: Մեր զանգերին ԱԱԾ-ից չեն պատասխանում: Կառավարությունից, վարչապետի մամուլի գրասենյակից եւս պատասխան ստանալ չի հաջողվում: Խոսնակը վերջին մեկ-երկու ամսում ոչնչով զբաղված չէ: Ասում են՝ նա իր աշխատասենյակում փակված է, սակայն ո՛չ պարզաբանումներ է տալիս, ո՛չ էլ զանգերի է պատասխանում: 

ՀՀ պետական սահմանը կատարյալ անտերության է մատնված: Սա նշանակում է, որ մենք պետք է ուրախ լինենք, որ ահասարսուռ համազգեստով ու սեւ դիմակներով ադրբեջանցիները մի անցակետ էլ, ասենք, Լաչինում չեն դնում ու բոլոր անցնող մեքենաներից փող չեն հավաքում կամ, օրինակ, քլունգներով չեն քանդում հայկական ավտոմայրուղիների բետոնը:  

Այդ դեպքում եւս որեւէ դիմադրություն մեր կողմից, վստահաբար, չի լինելու: Ամենաշատը՝ դրսից «տղա» ենք կանչելու, բայց այդ «տղային» էլ՝ ռուս կամ եվրոպացի, բերել չենք կարողանալու: