Արհեստական ձգձգոց է՝ ի վնաս դիմողի և հօգուտ հանցագործություն կատարած անձանց

Արհեստական ձգձգոց է՝ ի վնաս դիմողի և հօգուտ հանցագործություն կատարած անձանց

Hraparak.am-ում ապրիլի 1-ին հրապարակել էինք «Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը» վերնագրով հոդված եւ տեսանյութ այն մասին, որ Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարին՝ Մխիթար Հովհաննիսյանին։ Մեր այցի պահին Հովհաննիսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր` ուղեղի ցնցում եւ սալջարդ ախտորոշմամբ: Նա մեզ մանրամասն ներկայացրել էր տեղի ունեցածը: Պատճառն, ըստ Հովհաննիսյանի, Արթուր Ասատրյանի հետ աշխատանքային համագործակցությունն է եւ դա առաջինը դեպքը չէ, որ իրեն անհանգստացնում են ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները, որոնք նրան ծեծի էին ենթարկել ճանապարհին` բաժին տանելիս, ապա հենց ոստիկանությունում: 

Մենք այսօր կապվեցինք տուժող Մխիթար Հովհաննիսյանի հետ և հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ «Երրորդ օրը դուրս եմ գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում եմ ստանալ տնային պայմաններում։ Մթնոլորտը ճնշող էր` խեղդվում էի, այդ էր պատճառը, որ որոշեցի տանը շարունակել բուժումներս։ Կատարվել են բժշկական տարաբնույթ հետազոտություններ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն վաղը»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Հովհաննիսյանը։

Ոստիկանությունից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը` մարդը հաղորդում է տվել, 4 օր առաջ մամուլում հրապարակում է եղել, ընթացք տրվե՞լ է: Մեզ ասացին, որ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան՝ Արման Թամրազյանը մեզ ասաց. «Մենք դեռ որևէ տեղեկություն չունենք, թե գործը որտեղ են ուղարկել։ Պետական մարմինները շատ են հապաղում։ Դեպքից անցել է երեք օր և որևիցե գործողություն չեն արել, անգամ տուժողին չեն հարցաքննել։ Այսինքն, այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի հանցագործություն կատարած անձինք հնարավորություն ունենան իրենց արածները քողարկելու, իրենց ցուցմունքները մեկը մյուսի հետ համաձայնեցնելու և այլն։ Սա արհեստական ձգձգոց է՝ ի վնաս դիմողի և ի օգուտ հանցագործություն կատարած անձանց»։

«Նյութերը ստացել ենք և դրանց նախապատրաստումը շարունակվում է։ Ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»,- պատասխանեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից։