Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին այդ պայմաններով խաղաղության դարաշրջան բացելու մանդատ չի տվել

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին այդ պայմաններով խաղաղության դարաշրջան բացելու մանդատ չի տվել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:

- Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Խոսվում է, որ սույն հանդիպմանն Արցախի հարցը վերջնականապես լուծում է ստանալու:

- Եթե կարճ ասեմ` ոչ մի լավ բան չեմ սպասում այդ հանդիպումից: Եթե փորձենք ընդարձակ վերլուծել, ապա պետք է փաստենք, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում: Ադրբեջանն ուզում է խաղաղության անվան տակ ստանալ իր համար առավել շահավետ պայմաններ, կորզել նաև նոր տարածքներ և այլն: Մենք տեսնում ենք հակահայ, հայի դերն իջեցնող ու նվաստացնող պայմաններ, որին կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ պարտված ղեկավար է և չի կարող հայերի համար որևէ հայանպաստ որոշում կայացնել: Ինձ չի թվում, որ այդ հանդիպմանը հայերի համար որևէ օգտակար փաստաթուղթ է ձեռք բերվելու, հակառակը` շատ ավելի վատ օրակարգ է առաջ բերվելու: Ադրբեջանն իր երկրի համար անում է հնարավորինս, սակայն հայկական կողմից չկա արձագանք:

- Ձեր կուսակցությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս է տեսնում:

- Հայ ազգը պետք է ոտքի կանգնի: Իր դիրքորոշում թե Հայաստանում, թե Սփյուռքում պետք է դառնա առավել լսելի: Պետք է կարմիր գծեր դրվեն Արցախում ինչ-ինչ գործընթացներ կանխելու համար, որպեսզի հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին որոշ փաստաթղթեր ստորագրելու համար չտա մանդատ: Թե Ադրբեջանին, թե աշխարհին պետք է հասցնել այն մեսիջը, որ արցախահայությունը Նիկոլ Փաշինյանին այդպիսի պայմաններով խաղաղության դարաշրջան բացելու մանդատ չի տվել: Խոսքը նաև տարածքային կորուստների և բանակի կազմաքանդման մասին է:

- Ապրիլի 5-ին ընդդիմությունը փողոցային ակցիա է նախատեսել: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Հայաստանում ապրող մեր հայրենակիցները կարող են համախմբվել և Նիկոլ Փաշինյանին զրկել Արցախին ու Հայաստանին առնչվող ինչ-որ կարևոր փաստաթղթի տակ ստորագրելու մանդատից: Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է միավորվեն և այս հարցին լուծում տան: Այդօրինակ հանրահավաքների միջոցով կարելի է լավ արդյունքի հասնել:

- Մենք տեղեկացանք, որ հանգստյան օրերին Արցախում նորից գազ չկար:

- Արցախում գազ չլինելը կապված էր վթարի հետ: Սյունիքում էլ չկար գազ, սակայն այս պահին գազամատակարարումը վերականգնված է:

- Բայց չկա՞ վտանգ, որ թշնամին նորից կարող է գազատարը վնասել:

- Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ լավ հասկանում է, որ ամեն օր նման վտանգ կարող է լինել: Մենք պետք է վտանգը չեզոքացնելու ուղղությամբ աշխատենք:

- Արցախում հասարակությունն ի՞նչ տրամադրվածություն ունի:

- Արցախահայությունը կառչած է իր հողին: Մարդիկ ուզում են ապրել ու արարել իրենց հողում, բայց դա միայն ցանկությամբ չի կարող լինել: Պետք են գործուն քայլեր, որպեսզի մարդիկ իրենց, իրենց զավակների ապագան պատկերացնեն Արցախում: Ցավոք, գործուն քայլերն անտեսանելի են, որովհետև շատ քիչ են և ամեն սադրանքից հետո որոշակի արտագաղթի միտում է նկատվում, ինչը շատ ցավալի է: Ժողովուրդն ի վերջո պետք է համախմբվի, իսկ իշխանություններն էլ պետք է մի կողմ թողնեն իրենց անձնական շահը և մտածեն երկրի, պետականության շահի մասին: Նրանք պետք է հեռանան և կարող ուժերի համար ճանապարհ բացեն: