Արեւելյան երգեր

Արեւելյան երգեր

arablit.org-ը մի հարթակ է, որտեղ ներկայացված է արաբական գրականությունն անգլերեն լեզվով։ Այն նվիրված է արաբական գրականության ուսումնասիրություններին, թարգմանության արվեստին, հրատարակչական դժվարություններին եւ հարակից այլ ոլորտների։ Թարգմանիչ եւ գրականագետ Նորա Ալ-Խարաշին այս հարթակում առանձնացրել է հինգ արաբ կին բանաստեղծների։ Նորան ասում է՝ պոեզիան, որպես ժանր, թարգմանության մեջ մնում է մեծապես անտեսված, առավել եւս, եթե խոսքն արաբերենի նման քիչ թարգմանված լեզվի եւ կին հեղինակների մասին է։ Ստորեւ բերված հնգյակը ներառում է բանաստեղծների՝ տարբեր վայրերից եւ սերունդներից, ովքեր ստեղծագործում են մեր օրերում։ Ի՞նչն է միավորում նրանց․ խոստումնալից են, ճանաչված։ Այս հավաքածուն հնարավորություն կտա այլ տեսանկյունից վայելել արաբական գրականությունը (աղբյուրը՝ «Banipal» եւ «Words Without Borders»):

***
Ռաշա Օմրան - սիրիացի հայտնի բանաստեղծ եւ մտավորական: 1980-2014 թթ․ հրատարակել է բանաստեղծությունների հինգ գիրք։ Որպես ակտիվիստ՝ հանդես է եկել քաղաքացիական ուժի կողմից եւ խոսել ռեժիմի դեմ։ Նա ստիպված է եղել փախչել իր հայրենի քաղաք Դամասկոսից Կահիրե՝ 2012 թվականին: Նրա խոսքով՝ «պոեզիան չի բացվում ձեր առաջ երջանկությամբ։ Այն մշտապես ծաղկում է մեր ենթագիտակցության ամենամութ տեղերից, ապրում է կորստի ակնկալիքով։ Կորուստն այն է, ինչը կազմում է պոեզիայի քիմիան» (Alarab newspaper, 20․01․2015, issue: 9803, N․ Alkharashi): 

Երբ կարոտը չարչարեց ինձ

Լի հրաշքներով
ճիշտ ինչպես ես
կիսալուսավորված տունն այդ
փողոցում
ծերանում է

մարդը, ով հեռացավ մեկ րոպե առաջ
թեքվեց սեղանի կողմը
կամ գրքի կազմի
կամ
այնտեղ, որտեղ անկումները կյանքի
կոտրված են

այդ մարդը
լուռ հեռացման մեջ
յուղ թողեց
իմ լամպի մեջ

տեսնելու քեզ

հետո
ի՞նչ
սեզոնային եղանակներ հուզիչ
թանձր գույներ
ուժգին անձրեւ․
նկատի ունեմ քեզ,
երբ դու չես դադարում
փոթորկել ինձ

ինչ էի ես ուզում երբ մտանք 
փոթորիկն այդ
ես նման էի նրան
ով կասեցնում է մատնությունը կյանքի
կամ մղում այն դեպի փակուղի
որտեղ, պարզ է,
աչքի ընկնելը
իսկական
մետալ էր մահվան

որտեղի՞ց մեզ միտքը՝
գնալ մթի միջով, որ չի մեղմանում
ես գիտեի
մեզ համար չկար ետդարձի ճանապարհ
որ
փակ աչքերով
եւ տեսիլքից ամուր կառչած ձեռքերով
երջանիկ էի ես
ճանապարհորդելով քեզ հետ ժամանակի եզրով
իմ սառցաբեկորը լողացող
կհալչի հանկարծակի
գուցե եւ կոտրվի

այդ կարոտը, որ տանում է մեզ
իր հետքերով
այդ կարոտը՝  շիկացած երկաթ ասես
հնչյունները՝ դրոշմված ավազային հիշողություններում մեր.
լսիր՝
ինչքան նման ենք մենք
հանկարծահաս
լռության մեջ

սկզբում չկար ոչինչ
պատրանքից բացի
ուրեմն
թող բոլոր ձայները լռեն
թողնելով կասկածը՝ մեր մարմիններին հսկելու,
սուզվելու ամենացավոտ խորքերը
որտեղ պոեզիան
եւ մահը
ծագում են
մութ երկնքից

***
այդ օրը
եղանակը զով չէր
չնայած ամպամածությանը
այն սկսեց հոսել իմ մատներից
ես լիահույս էի
որ ժամանակը ջրի
կբարձրացնի
քեզ եւ կպահի
բայց դու հեռացար
դու հեռացար
հեռու ավելի քան անապատն է չոր․․․

Անգլերեն թարգմանությունը՝ Camilo Gomez-Rivas-ի, 2005, Banipal։ Հատվածը՝ հեղինակի «Dhullaka al-Mumtadd fi Aqsa Hanini» ժողովածուից, Dar al-Yanabia’, Daamascus, 2003:
 

Ռանա ալ-Թոնսի - ծնվել է Կահիրեում, ապրում է Քաթարի Դոհա քաղաքում։ 2005-2015 թթ․ հեղինակել է բանաստեղծությունների ութ գիրք, նրա գործերը մեծ ճանաչում են ձեռք բերել արաբական աշխարհում։ Ունի ինտիմ եւ ըմբոստ ոճ․ սերտորեն կապված է արաբերենին եւ ընդվզող է նախորդ հավաքական սերունդների ավանդույթների եւ սպասումների դեմ։ Պոեզիայի մասին` «դա իմ միակ թեւն է, որ թրթռում է, իմ չոր ձայնը։ Պոեզիան այն ամենն է, ինչ չունեմ, բայց նաեւ ինչ-որ կերպ տիրապետում եմ» (Assafir newspaper, 14․11․2014, p. 10, N․ Alkharashi)։ 

Մի վարդ՝ վերջին օրերի համար

Մեկ ոտքի վրա
ինչպես մուրացիկ նվաստացած ես անցնում եմ
ճոճվող բոլոր դռների մոտով
եւ դրոշների, որ իջեցվել են իրենց կայմերից․․․
Մայթը երբեք չի եղել իմ ընկերը
բայց այն գրկաբաց ընդունեց ինձ այս օրերին
երբ արտասվելը դժվար էր եւ դառը

իմ երկրում
զինվորները գնում են պատերազմ
որտեղ նրանք երբեք չեն կռվում
ամեն սրճարանում կամ հրապարակում
ոտքերի տակ հիվանդների՝ տխուր եւ խենթ
կարող ես նշմարել հետքը վարդի
նետված բուժքույրերի ձեռքերում,
դատարկ սենյակներում՝ բնակեցված բարձր լացով
վարդ՝ նկարված արյան մեջ

Հավատս չի գալիս` մեքենան դեռ չէր արգելակել,
որ ես ընկա ներսից
ինչպես մի ճիչ.
ես գիտեմ` վերելակավարը
երբեք չի ցատկում ցանկապատներից վերելակի
եւ որ ժայռերը շարունակում են խոցել ինձ
չնայած ես այնքան շատ եմ թափառել

Մեկ ոտքի վրա
մահը կգա
եւ կբարձրացնի իր գլուխը
բախվելով նրան ես ուժգին կգրկեմ մարդուն այս
եւ կխեղդեմ բանաստեղծությունները բոլոր նրա ձեռքերում։
Ես կփշրեմ ոսկորներն իմ նրա տաք շնչի ներքո։
Թոքերն իմ վերածվում են երկու խողովակների
ոտքերն իմ՝ մարտադաշտ
սիրտն իմ՝ օղապարան կախաղանի։
Ես իսկապե՞ս մեռած եմ։
Ընդամենը քիչ առաջ
ես բուրում էի ինչպես հայրենի երկիրը։

***
Ամեն անգամ, երբ մտածում եմ սեփական մահվան մասին
մահանում է մեկ ուրիշը,
եւ բանաստեղծությունը 
շարունակում է գրվել ինքն իրեն։

***
Ես ոչ մեկին չեմ գրկում,
քայլերն իմ գնում են առանց ինձ,
վառում է ինձ ձեռքը տան։
Նա, ով քնած է իմ պատմության մեջ
երբեք չի զարթնում
նրա քայլերն աղմուկով բախվում են ինձ գիշերը

Առավոտյան
Ես արթնանում եմ նրա կրծքին, սարսափած

Նա ասում է ինձ,
որ բնավ վախեցած չէի 

Ծխում է նա իր սիգարետը
ինչպես պատերազմից վերադարձածը
Նա գիտի ճշգրիտ թիվն իր զոհերի
եւ ես գողացված հայացքների
ու նրա շնչառության հնչյունների միջեւ
գիտեմ՝ կա կորած մի նամակ նրանից։

Անգլերեն թարգմանությունը՝ Sinan Antoon-ի, Banipal, 2006։ Հատվածը՝ հեղինակի «Warda lil-Ayam al-Akhira» (A rose for the Last Days) ժողովածուից, Merit, 2003:
 

Նուջում ալ-Ղանեմ - բանաստեղծ Դուբայից, ԱՄԷ։ Հեղինակել է 6 բանաստեղծական ժողովածու 1989-2008 թթ․, ինչպես նաեւ նկարահանել 9 ֆիլմ, այդ թվում` կարճամետրաժ։ Երբ սկսեց գրել բանաստեղծություններ, ընդունված չէր թերթերում դնել կանանց անունը։ Այնպես որ, նա ստիպված եղավ սպասել մի քանի տարի, նախքան դա հաղթահարելը՝ ելնելով պահպանողական դաստիարակությունից։ Նրա թեմաները երկխոսություն կբացեն Ձեր եւ սուֆիզմի, հոգեւորի, պոստմոդեռնիզմի, փիլիսոփայության միջեւ։ Իր իսկ ոճը մեկնաբանում է այսպես․ «Ես կայացրի որոշում եւ դադարեցի ընդօրինակել բանաստեղծությունների ռիթմիկ կամ կառուցվածքային ոճը եւ դարձա հավատարիմ միայն ազատ ոճին» (Ana Zahra magazine, 24/09/2010,N․ Alkharashi)։

Գիշերը ծանր է գիշերում - Երկու բանաստեղծություն

Աշխարհի սիրտը

Մենք ճանաչեցինք ծովն այդ այն բանից հետո միայն
երբ բեռնված մեր մայրերի վախով նա
բարձրացրեց իր գլուխն ու կերավ ոտքերը մեր հայրենի երկրների․․․
Այն զարկվեց մեր տների մոտ
նետեց մեզ վրա
սեւ ձյութե ալիքներն իր ծանր
եւ խլեց ձկները մեր․․․
Ասացին՝ պատերազմը գալիս է։
Այն չեկավ զինվորներով, 
այլ ուղարկեց փամփուշտներն իր:
Մենք գիտեինք՝ ճակատամարտը կարող էր սպանել մեզ
առանց մեր հողը գալու։
Տատիկներն աղոթեցին, որ նավթն ի չիք դառնա,
իսկ աշխարհն աղոթեց Աստծուն,
որ նա չպատասխանի աղոթքներին նրանց։

Առավոտը սկսվում է փոշու գույնով

Այս քաղաքում
օրերը թափառում են նրբանցքներում
ինչպես հոգնած շան ձագերը,
փոշին լցվում է մեր բերանը,
եւ արեւն այլեւս չի երեւում
ինչպես որ պետք է․․․
Մենք ողջ ենք․․․

Կարծում եմ մենք քայլում ենք օրերի միջով
եւ գրում՝ համոզվելու
որ այնտեղ ենք, արեւի դիմաց
որն այլեւս չի երեւում․․․
Առավոտը դիպչում է մեզ իր լույսով
ինչպես ճամփորդն է նայում աշխարհին
իր տնակի պատուհանի միջով։
Այնտեղ բարձր է, 
իսկ մենք այստեղ ենք։
Դժվար թե կարողանա նկատել մեզ։

Անգլերեն թարգմանությունը՝ Khaled al-Masri-ի, Banipal, 2011։ Հեղինակի ժողովածուից՝ A Night Heavy on the Night, published in Arabic by Abu Dhabi Authority for Culture and Heritage Foundation, 2010:

Ռեեմ Ղանայեմ - ծնվել եւ շարունակում է ապրել Կանաչ գծում գտնվող Արեւմտյան Բաքա գյուղում։ Հեղինակել է երկու բանաստեղծական ժողովածու, ինչպես նաեւ թարգմանում է անգլերեն գրականություն, ներառյալ՝ Ջեյմս Ջոյս եւ Չարլզ Բուկովսկի։ Բանաստեղծությունները թարգմանել է հենց ինքը՝ հեղինակը։

Իններորդ ինտերվալը

Օ Աստվածուհի իմ փրկության
ամեն հպարտություն ավարտիր հպարտությամբ
ամեն հույս՝ ցավով
ամեն ենթադրություն՝ մեկ ուրիշով՝ շատ ավելի խաբուսիկ,
Իմ կեղծ կենսագրությանը միացրո՜ւ ավելի մեծ աքսոր,
որ նմանվում է կյանքին կին մարգարեների
եւ կասկածին սրտի։

Թարգմանություն բառացի, չափազանցված

Ինչո՞ւ երբ ամեն անգամ բարին հանկարծ հասնում է ինձ
օրերի քրոնիկան տակնուվրա է անում սիրտս,
եւ ինչո՞ւ
ամեն անգամ, երբ մտրակները կոշիկի ճնշում են ինձ իզուր,
ես դառնում եմ ամպ՝ լցված խանդով։

Հեղինակի «Mag, fi Sirat al-Manafi» ժողովածուից, Beirut-Baghdad, 2012, by Dar al-Jamal:

Սուքայնա Հաբիբալլահ - բանաստեղծ, վիպասան Կասաբլանկայից, Մարոկկո։ Ունի երկու բանաստեղծական ժողովածու։ Արժանացել է Արվեստի եւ Մշակույթի Արաբական հիմնադրամի (AFAC) դրամաշնորհի, որի արդյունքը եղավ նրա առաջին վեպը՝ Bait Alqashlah, հրատարակված Arabic Scientific Publishing-ի կողմից` 2016-ին։ 

Վարդի Անատոմիան

Երբ վարդը գիտակցեց հեռավորությունը
իր եւ հողի միջեւ,
բարձրացան փշերը նրա։

Երբ վարդը հասկացավ,
որ մեկ ոտքը
չէր կարող իրեն որեւէ տեղ տանել,
որ զրկված էր ձայնից
եւ առավել եւս՝ արձագանքից,
նա մտածեց բույրի մասին։

Ծաղկող թերթերը՝ բողբոջ։
Ցողունը՝ ճոպան, որ կապում է իրեն
հողի խորը արգանդին։
Մի օր այդ վարդը կծնվի սիրահարի ձեռքում
կամ թերթերի միջեւ գրքի։

Անգլերեն թարգմանությունը՝ Kareem James Abu-Zaid-ի, Words Without Borders, 2016, մարտ։

Թարգմանությունն անգլերենից՝ Նոռա Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ