Հասկանում էի, որ պիտի թռիչք անեմ

Հասկանում էի, որ պիտի թռիչք անեմ

Հարցազրույց դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ 

- Համալսարանի մշակութաբանությունից մինչեւ Երգի պետական թատրոնի հաղորդավարական դասընթացներ, հետո էլ` Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Երջանի՞կ եք, որտեղ որ եք, սա ա՞յն էր, ինչին ձգտում էիք։  

- Միանշանակ՝ ինքնաբավ եմ։ Այդ փորձերը մշակութաբանությունից` հաղորդավարություն եւ հետո Թատերական ինստիտուտ, հենց այդ ինքնաբավությանը գնալու, ինձ երջանիկ զգալու ճանապարհն էր: Ընդունվել էի մշակութաբանության ֆակուլտետ, բայց հասկանում էի` ինչ-որ բան պակասում է, ունեմ էմոցիայի պակաս։ Դրանից նյարդայնանում էի, ինքս ինձ հետ կռվում: Երբեք չեմ ուզել դերասանուհի դառնալ, բայց ինչ-որ պահից ուզեցի շատ հայտնի լինել։ Հիմա եթե հարցնեք՝ ինչու՞, չեմ կարող պատասխանել, ինչպես որ այս պահին, նստել եմ մի անկյունում, որտեղ քիչ մարդ կա, ու հանգիստ եմ։ Հիմա ինձ համար կարեւոր չէ, որ լինեմ ճանաչված, հատկապես՝ այս շրջանում, երբ դիմակով ենք բոլորս, ու միայն գնալուցս հետո են գլխի ընկնում, որ «ֆիլմի աղջիկն էր»: Երեւի հայտնի լինելու երազանքն էր, որ ինձ պետք է դարձներ դերասանուհի։ Ես միշտ ասում եմ, որ մի կյանքում ապրել եմ երեք կյանք․ մինչեւ 16 տարեկան, դպրոցից հետո մի էտապ մինչեւ 19 եւ 19-ից հետո ապրում եմ բոլորովին այլ մարդու կյանքով, իմ մեջ խտացված է եղել երեք մարդու կյանք, ես տարբեր էություններ եմ կրել եւ կրում:

- Իսկ ո՞ր Տաթեւին եք ավելի սիրում` երեկվա՞, այսօրվա՞: 

- Այսօրվա Տաթեւին, որովհետեւ այնքան ուրիշ էմոցիաներ ունի, նրա արածների համար չեմ ափսոսում, կարող է, հիշելով 18 տարեկան Տաթեւի արարքները, ափսոսեմ, բայց էս Տաթեւի արածների համար չեմ ափսոսում, գուցե 50 տարեկանում այլ կերպ հասկանամ, բայց ես կուզեմ այս Տաթեւին ինձ հետ տանել կյանքի մյուս փուլեր։  

- Դուք ավելի շատ նշեցիք այն ամենը, ինչն առնչվում է ներքին ինքնաբավությանը, իսկ ինքնաբավություն մասնագիտական ոլորտո՞ւմ․ ֆիլմ, թատրոն, դրամատուրգիա, ռեժիսոր, օպերատոր, խաղընկեր:

- Ես ստանում եմ ինքնաբավության հնարավորությունը շատ «բայց»-երով։ Օրինակ, «Երկրաշարժ» ֆիլմում, որում խաղում էի, կար դրամատուրգիական բաց, որ կուզեի չլիներ։ Թատրոնում էլ․ հիմա պիես ենք փնտրում ու հասկանում ենք, որ լավագույնները գրվել են, խաղացվել: Այսօր որոնման մեջ անընդհատ «բայց»-երի ենք բախվում՝ լավն էր, բայց․․․, հետաքրքիր էր, բայց․․․:  

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ամբիցիոզ դերասանուհի եք, եւ ամեն դեր չէ, որ կխաղաք։ Առհասարակ, Ձեզ համար դերին համաձայնելու գրավականը ո՞րն է․ պարտադի՞ր է, որ այն լինի գլխավոր դեր:

- Միանշանակ՝ ոչ։ Օրինակ, Դիանա Կարդումյանի կարճամետրաժ ֆիլմում խաղացել եմ երկրորդական դեր։ Պարտադիր է, որ լինի դրամատուրգիական առումով դեր, որը շահեկան է ինձ համար՝ որպես դերասանուհու։ Երբ ինձ չեն օգտագործի նրա համար, որ Տաթեւը խաղում է այս կամ այն ֆիլմում, որովհետեւ «կինոյի աղջիկ» է, այլ՝ երբ ասելիք ունեմ: Իմ ամբիցիան դա է եւ ոչ ֆինանսը կամ ինչ-որ մեկի հայտնիությունը։ 

- Դիանայի ֆիլմում անբարոյական կնոջ դերով եք հանդես եկել եւ հարցազրույցներից մեկում նշել եք, որ չեք արդարացրել այդ կերպարին։ Ձեզ համար կարեւոր չէ՞ դերը կերտելու համար արդարացնել այդ կերպարին։  

- Մենք արդարացումներ միշտ գտնում ենք՝ կերպարը ստանալու համար։ Անբարոյականներն ու պոռնիկներն իրենց արդարացումներն ունեն միշտ՝ երեխայիս պիտի պահեի, ստիպված էի: Իմ կերպարին էլ փորձում էի էդպես արդարացնել` երեւի, այլընտրանք չուներ, չէր կարող այլ կերպ: Կարեւոր է արդարացնել կերպարդ, անգամ եթե չար դեր ես խաղում՝ հասկանալու համա, թե ինչու է անում այս կամ այն քայլը, բայց դա չի նշանակում, որ ես՝ որպես Տաթեւ, համաձայն եմ, որ չարագործը ճիշտ է: Չեմ կարող արդարացնել Սալիերիին․․․:

- Ինձ համար շատ կարեւոր է բնականությունը դերասանների մեջ՝ ոչ միայն կերպարի կերտման, խաղի հարցում, այլ նաեւ` արտաքինի։ Ինչպե՞ս է ստացվում, որ կարողանում եք ժամանակակից տենդենցներից՝ արհեստական շուրթեր, քթեր, հեռու մնալ։ Մեր դերասանների մեծ մասի համար դա հաջողության գրավական է, իսկ, օրինակ, Սոֆի Լորենին վստահեցնում էին, որ քիթը պետք է վիրահատի, որ հաջողություն ունենա, բայց նա հրաժարվեց ու այսօր գեղեցկության էտալոն է, ամենահաջողված դերասաններից մեկը։  

- Ինչ-որ պահ ես էլ եմ մտածել դրա մասին, բայց արդեն թատերական գնալուց՝ ոչ: Բարեբախտաբար, ծնողներս էլ չէին թողնում դիմել որեւէ փոփոխության, ու հիմա այնքան երջանիկ եմ։ Ինձ հիմա երբեք չի խանգարում քիթս կամ մեկ այլ բան, որ ստանամ լավագույն դերերը։ Նույնիսկ շատ են խոսակցությունները՝ արդեն վիրահատված դերասանուհիների կողմից, թե ինչու իրենք չեն ստանում այս կամ այն դերը: Այնպիսի մարդիկ են նայում իմ տեսագրություններն ու ֆիլմերը, իրենց հիացմունքն արտահայտում, որ ուղղակի երջանիկ եմ: Իմ ճանապարհին ոչինչ իմ բնականությանը չխանգարեց, ու դա նաեւ իմ հաջողության գրավականն է դարձել, համարում եմ ինձ ուժեղ նաեւ դրանով։ Ռեալ լինենք՝ Օդրի Հեփբերնը նույնքան հաջողակ է, որքան Մերիլին Մոնրոն, նրանցից ոչ մեկին չի խանգարել իրենց բնությունը: Մի քիչ բարդ է այդ ամենը, երեւի պիտի ինչ-որ կետի գաս՝ հասկանալու համար, որ իդեալական ես այն ամենում, ինչի մեջ կաս։

- Անդրադառնամ նորից Ձեր հարցազրույցներից մեկին, նույնիսկ մի քանիսին, որտեղ Ձեզ համար նախընտրելի հեղինակների շարքում նշում եք համաշխարհային գրականության սյուներին, բայց այսօր ունեք նախագիծ, որն անդրադառնում է հայ ժամանակակից պոեզիային։ Սա ժամանակակից կատարողի վերաբերմունքն է ժամանակակից ստեղծագործողի՞ն, թե՞ իսկապես պոեզիան Ձեզ հետաքրքիր է:

- Հարցազրույցներում հիմնականում նշում եմ համաշխարհային գրականության հեղինակների, որովհետեւ իմ «Poeme» նախագծի միջոցով անընդհատ անդրադառնում եմ ժամանակակից գրականությանը, իմ վերաբերմունքը հայ գրողների հանդեպ տեսնում են բոլորը։ Չեմ հասկանում բացասական խոսակցությունները հայ ժամանակակից գրականության շուրջ, որովհետեւ մենք իսկապես ունենք շատ լավ գրականություն։ Ես անընդհատ նշում եմ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատերը», որը 70-ական թվականների մասին է, շատ եմ սիրում Հուսիկ Արայի պոեզիան, Ռուզան Ազիզյանին, Սյունե Սեւադայի ձեռագիրը, որին քարկոծում են․ ինձ դուր է գալիս այն ձեռագիրը, որը ժամանակի հետ է շնչում։ Ո՞վ ասաց, որ «ա»-երով գիրը չպետք է ընդունվի։ Մենք ունենք նաեւ շատ լավ գրող՝ Հովիկ Աֆյան, ում ես նմանեցնում եմ Հրանտ Մաթեւոսյանին։ Այնքան լավ եմ ինձ զգում, որ ճանաչելի եմ դարձնում անհայտը, ու գուցե տարիներ հետո ինչ-որ հեղինակների ճանաչելիությունն ավելի բարձր լինի։ Ինչո՞ւ հայ գրականությունն ինձ համար դարձավ նպատակ, որովհետեւ հասկացա, որ հայ գրականությունն անտեսված է։ Մենք չունենք մշակույթ՝ գնալ խանութ եւ գնել հայ հեղինակի նոր լույս տեսած գիրքը, եթե դա ինչ-որ կերպ չի ներկայացվում։ Շատ օտարամոլ ենք ու ոչ միայն գրականության մեջ: Միշտ ասում ենք՝ հայկական կինո չկա, հայկական թատրոն չկա, հարցնում ես` վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք նայել, ոչ մի պատասխան չեն կարողանում տալ: 

- Այդ դեպքում ինչպե՞ս եք նայում կրթական ծրագրերի փոփոխություններին։ Ժամանակակից ստեղծագործողների ներառում դպրոցական ցանկում, դասականների կրճատում: Պատրա՞ստ է մեր հասարակությունն այսօր «նոր»-ի ընկալմանը, կամ նախորդ կրթահամակարգը որքանո՞վ է արդարացնում իրեն։ 

- Նախկին կրթահամակարգը եթե արդարացներ, մենք այսօր չէինք կանգնի այս խնդրի առջեւ, եթե ժամանակի ընթացքում մեզ սովորեցնեին, որ Չարենցից հետո էլ ունենք գրականություն, այսպես չէր լինի: Երբ ինչ-որ տարիքից սկսեցի բացահայտել ժամանակակիցներին, մտածում էի` ինչո՞ւ չկային այդ գրողներն այս ցանկերում։ Թող լինեն ավելի թույլ գրողներ, բայց թույլ տվեք մենք ճանաչենք ու համեմատենք։ Եվ այն ծնողները, որոնք հիմա պայքարում են ու քննադատում այսօրվա գրողների լեզուն, հիմնականում չեն կարդացել մեր մեծերին։ Պետք է տալ ընտրության հնարավորություն, որպեսզի ունենաս առողջ հասարակություն։ Անհասկանալի վերաբերմունք ունենք նորի հանդեպ։ 

- Այսօր կան շատ թատրոններ, բայց թատերական դաշտը որքանո՞վ է մրցակցային:  

- Ցավոք, չեմ տեսնում առողջ մրցակցություն։ Տիկնիկային թատրոնը միշտ շարժման մեջ է, եւ դա գալիս է Ռուբեն Բաբայանից։ Նա թույլ չի տալիս, որ թատրոնը ծերանա, ու անընդհատ բերում է նոր երիտասարդների, ինչպես ինձ տարավ։ Ես ստացա բոլոր ազատությունները՝ բեմ բարձրանալու, ստեղծագործելու համար։ Հենց առաջին տարին բեմադրեցինք «Խոսիր ինձ հետ»-ը։ Նա չի վախենում մեր սխալներից, մեզ համար կրում է պատասխանատվություն։ Էլի կան ռուբենբաբայաններ, բայց շատ չեն։

- Տաթեւ, մինչ այս պահն ամենադժվար տրված կերպարը ո՞րն է եղել։ 

- Երեւի Սոնայի կերպարը՝ «Կոմիտաս» ֆիլմում, որի պրեմիերան դեռ չի եղել, ռեժիսորն Արման Նշանյանն է։ Չեմ կարող ասել` ինչու, երեւի Կոմիտաս էր, եւ ինքս ինձ ապացուցելու բան ունեի այս ֆիլմում, հատկապես որ «Երկրաշարժ» ֆիլմը, որպես դերասանուհի, համարում եմ անկումային ինձ համար։ Շատ դժվար էր ինձ տրվում Սոնան «Կոմիտաս»-ում, որովհետեւ հասկանում էի, որ թռիչք պիտի անեմ։ Չգիտեմ՝ որքանով է ստացվել, հանդիսատեսը ոնց կդատի, բայց հանգիստ եմ՝ որպես դերասանուհի: Հասկանում եմ, որ մի քայլ առաջ եմ գնացել, եթե այդ հնարավորությունը չունենայի, երեւի էլ չզբաղվեի այս գործով:

- Արվեստին պե՞տք է քննադատություն մասնագիտությունը, եւ կա՞ն այսօր արհեստավարժ քննադատներ: 

- «Բըրդմենում»՝ իմ սիրելի ֆիլմերից մեկում ասվում է` երբ չես կարողանում դառնալ լավ դերասան կամ ռեժիսոր, դառնում ես կինոյի կամ թատրոնի լավ քննադատ: Իհարկե, այդ մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ ունենք լավ քննադատներ։ Ի վերջո, մարդն ինքն է ընտրում՝ իր կողքին լինե՞ն առողջ քննադատներ, թե՞ ոչ: Մշտապես խոսվում է ոչ առողջ քննադատության մասին, բայց ես ինչ-որ պահի հասկացել եմ, որ չեմ առնչվում այդ ամենի հետ։ Երեւի ինքս ինձնից վանում եմ։ Թատրոնում էլ չեմ լսել իմ հանդեպ սուր քննադատություններ։ Հնարավոր է իմ ուժից էլ է, ես չեմ տապալվում։

- Փորձում եմ հասկանալ՝ ո՞ր կարգի դերասաններից եք՝ ենթարկվո՞ղ, թե՞ բանակցող։ Առհասարակ, ռեժիսորների համար դերասանն ընկալվում է որպես կատարող։ 

- Երբեք չեմ հայտնվել նման իրավիճակում ու թույլ չեմ տա ինձ որպես կատարող ընկալել։ Երբ ինձ խնդիր է տրվում, ինձ միշտ պետք է քննարկում, բացատրություն։ Սա նաեւ տեսակի հարց է։ Այն, որ անմիջապես դպրոցն ավարտելուց հետո չհայտնվեցի թատերականում, ինձ շատ բան տվեց։ Դերասանի մասնագիտության ուսումնասիրությունը հասունություն է պահանջում, համաձայն եմ, որ 16 տարեկանն էլ կարող է լինել դերասան, բայց եթե ես 16 տարեկանում գնայի թատերական՝ հիմա կլինեի բոլոր սերիալներում։ Ես գնացի թատերական՝ շատ հստակ պատկերացնելով, թե ինչ եմ ուզում։

- Շատ եմ հանդիպել տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց մասնագիտության մեջ ունեցել են տաբուներ. դաշնակահարներ, ովքեր, ունենալով տեխնիկական, երաժշտական ֆենոմենալ պատրաստվածություն, խուսափել են այս կամ այն կոմպոզիտորից, տաղանդավոր ռեժիսորներ, ովքեր խուսափել են այս կամ այն հեղինակից, պիեսից։ Կա՞ ինչ-որ մեկը, ինչ-որ կերպար, որը դեռ անհասանելի է Ձեզ համար։

- Մոնոներկայացում․ սա իմ խնդիրն է։ Ինձ շատ են համոզում, որ ես կարող եմ, բայց վստահ եմ, որ մոնոներկայացման համար դեռ չեմ հասունացել։ Շատ եմ ուզում անդրադառնալ Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» գործին, մշտապես երազել եմ խաղալ այն, բայց երեւի 30-ն անց որեւէ կերպ կկարողանամ մոտենալ այդ գործին։ Հենց մտածում եմ` կարո՞ղ է, հասկանում եմ` ոչ, պատրաստ չեմ ուսերիս դա տանել, ինձ հենման կետ է պետք բեմում․ կարող է այդ մարդը կանգնի բեմում կողքիս ու ոչինչ չանի, բայց ես պետք է իմանամ, որ այդ հենքը կա, եթե մենակ լինեմ, կտապալվեմ։  Ուսանողական տարիներին Գոգոլի «Մեռած հոգիները» ներկայացման մեջ խաղում էի Գոգոլի կերպարը, Ֆրիդան՝ այն կերպարներին, ովքեր գալիս էին Գոգոլի մոտ։ Ներկայացման սկիզբը ես պիտի տայի, ու անգամ բեմում ունենալով այդ հենքը՝  Ֆրիդային եւ երգչախումբը,  ուշագնացության զգացում ունեի։ Իհարկե, խաղացի, բայց չեմ հիշում, թե ինչպես վարագույրը բացվեց, ինչպես ընթացավ, ամբողջությամբ խավար էր ինձ համար ու տպավորություն, որ մենակ եմ այդ տարածքում։ Հասկացա, որ դեռ պատրաստ չեմ մոնոյի, դեռ չեմ կարողանում հաղթահարել, ու երեւի պետք էլ չէ՝  երիտասարդ եմ, կգա ժամանակը, ու կկարողանամ դա անել։ 

Զրուցեց Սոնա Վերդյանը

Լուսանկարները` Մերի Գրիգորյանի, Միլեն Մանուկյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ