Չի կարելի ամեն ինչին միջամտել և հաչալ

Չի կարելի ամեն ինչին միջամտել և հաչալ

«ՀուԶանք ու Զանգ»-ն ի սկզբանե դատապարտված էր քաղաքականացվելու։ Ինձ համար գոնե ի սկզբանե պարզ էր, երբ Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն անոնսեց, որ պերֆորմանսը 20-ականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցումն էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության ու «կնոջ մարմնի ազատագրման» մասին։ Հայաստանում օդը քաղաքականապես շիկացած է․ տարբեր խմբեր ու անհատներ՝ կազմ ու պատրաստ, սպասում են հակազդելու, բենզին լցնել-վառելու, արմատախիլ անելու կամ՝ հակառակը՝ օրհնելու ու խունկ վառելու։ Եվ այդ ամենը՝ քաղաքական նպատակներով։

Այս մթնոլորտում ապրող Հայաստանում շատ սպասելի էր, որ որպես ազգային արժեքներ կրող ներկայացողների մի խումբ՝ «զելյոնկաների» սրվակներով զինված, գնալու էր առճակատման՝ բերման ենթարկվելու հեռանկարով։ Նույնքան տափակ ու քառակուսի էին կազմակերպիչների բացատրությունները, թե սույն պերֆորմանսը որեւէ կապ չունի Սորոսի, սատանիզմի եւ ստամբուլյանի հետ։ Ֆեյսբուքն էլ, ինչպեսեւ սպասվում էր, «ծամեց» պերֆորմանսը ողջ շաբաթ-կիրակի։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն այն կարծիքին է, որ քննարկումը միանշանակ գեղագիտական դաշտից տեղափոխվել էր քաղաքական ու աստվածաբանական։

«Այն, ինչ տեսել եմ, գեղարվեստական առումով ինձ վրա շատ մեծ տպավորություն չի թողել, բայց դա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ շատուշատ բան, որ դասական ձեւով արվում է ու ցուցադրվում է հեռուստատեսությամբ ու թատրոններով, եւս ինձ կարող է դուր չգալ։ Համենայնդեպս, կտրականապես դեմ եմ որեւէ բան արգելելուն ու սվիններով ընդունելուն։ Կարծում եմ՝ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե խոսակցությունն ընթանար գեղարվեստական մակարդակի շուրջ, հենց մասնակիցների հետ, որովհետեւ ես այնտեղ մի քիչ սիրողական մակարդակ տեսա։ Գոնե այն մասերում, որոնք ես եմ տեսել»,- ասում է Բաբայանը։ Արդյոք միայն հետհեղափոխական Հայաստանո՞ւմ է այսպես, երբ ամեն մի նորարարություն ընդունվում է սվիններով, քաղաքականացվում ու մատուցվում որպես ստամբուլյան մեծ ծրագրի մաս։ Ռուբեն Բաբայանն ասում է՝ որեւէ հասարակություն, առհասարակ, չի ընդունում նորարարություն։ Նույնը լսեցինք Սերգեյ (Յոժ) Դանիելյանից։ Որ «ամենուր այսպես է, միայն մենք չենք այսքան վայրենի»։

Մյուս կողմից՝ Հայաստանում կա Գրիգոր Խաչատրյան՝ Պատահականությունների պլանավորման միջազգային կենտրոնի հիմնադիրը, «Հիմարների կուսակցության» նախագահը եւ, վերջապես՝ մարդ, որն ասում է՝ «դուք իմ ժամանակակիցներն եք»։ Մենք՝ Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներս, կարող ենք վկայել, որ նա մշտապես աշխատում է պերֆորմանսի ֆորմատում՝ դեռ 15 տարի առաջ հիմնելով Գրիգոր Խաչատրյանի ավան մրցանակ, որի իմաստն այն էր, որ նա նետվում էր մրցանակակրի գիրկը՝ հայտարարելով, որ վերջինս ստացավ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակ։ Մի քանի հարց ենք ուղղել Գրիգոր Խաչատրյանին։ Նա «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը չի դիտել։

- Պարոն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ պերֆորմանսն ի՞նչ է։

- Պերֆորմանսը ներկայացում է։ Պարզապես նկարչի կողմից ներկայացում է։ Ես նորից եմ ասում՝ առանձնապես տեղյակ չեմ, բայց ինչ անում են, լավ են անում։ Ես, օրինակ, տկլոր լուսանկարս ներկայացրել եմ ցուցահանդեսին, եւ երրորդ օրը հանել են ցուցահանդեսից։

- Իսկ կարծո՞ւմ եք, որ Հայաստանում նորարարությունը չի ընկալվում, ինչպես պաշտպաններից մեկն էր գրել, որովհետեւ գիրք չեն կարդում։ Նախկինում է՞լ էր այդքան անհանդուրժող մթնոլորտ։

- Չէ, նորմալ։ Պարզապես լրատվամիջոցների 90 տոկոսը նախկինների ձեռքում է, ու ամեն ինչից ուզում են աղմուկ սարքել։ Տեսեք, թե Հայաստանի իշխանություններն ինչերի են բերում, սա՛ է։

- Իսկ եթե չկա գեղարվեստ, ճաշակ...

- Արվեստը ճաշակի հետ կապված չէ։ Ճաշակ, անճաշակություն՝ դա արվեստին չի վերաբերում, կարող է՝ դիզայնին, կարող է՝ մոդային։ Բայց ո՛չ արվեստին։ Չեմ տեսել, չեմ կարող ասել, բայց չի կարելի ամեն ինչին միջամտել եւ հաչալ։ Մեզ մոտ ավելի հաճախ հաչում են։ Յուրաքանչյուր մարդ ազատ է ինչ-որ բան անելու համար։ Եվ պարզապես պետք է հանդուրժել, եթե իրենց ինչ-որ բան դուր չի գալիս։ Ինձ էլ շատ բան դուր չի գալիս։ Բայց հանդուրժում եմ, չէ՞։ Նախորդ իշխանություններին էլ 20 տարի դիմադրելով՝ հանդուրժելով ապրել ենք։

- Չե՞ք կարծում, որ այդ պերֆորմանսի տարրը մտել է քաղաքականություն։ Բոլորը զբաղված են դրանով։

- Այո։ Ամեն ինչին էլ կարելի է նայել որպես թատրոն։ Բայց ամեն ինչին կարելի է նայել որպես մեկ ուրիշ բանի։ Յուրաքանչյուրն իր հայացքով կարող է նայել, որովհետեւ ամեն ինչ սուբյեկտիվ է։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, եւ իր կարծիքն ամենաճիշտն է։ Յուրաքանչյուրի կարծիքն է ճիշտ, եւ հանրային կարծիքը շահառուների կեղծ կատեգորիան է ներկայացնում։ Շահառուների տեսանկյունից։ Եվ սուբյեկտիվ լինելը մարդու սովորական բանն է․․․ ո՞վ կարող է ասել, որ ինքն օբյեկտիվ է, ես չեմ կարող ասել, որ օբյեկտիվ եմ։ Ես կարող եմ ասել, որ սուբյեկտիվ եմ։

- Բայց շատ քչերը կարող են դա խոստովանել։

- Դա իրենց խնդիրն է արդեն։ Մարդիկ նաեւ պետք է մտածեն, թե իրենք ինչ են մտածում։